Վարչապետի տնտեսական միրաժը

Վարչապետի տնտեսական միրաժը
Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեղադրում է «Մուդիս» (Moody's Investors Service) վարկանիշային գործակալության տվյալները՝ Հայաստանի վերաբերյալ։

Գարնանը, երբ Փաշինյանի քաղաքական վարկանիշն անկում էր ապրում, նրա թերթը մխիթարվեց, թե՝ ըստ Moody's-ի, Հայաստանի ոչ  մի քաղաքական ուժի վարկանիշ էլ չի բարձրացել։ Մի անգամ էլ վարչապետն իր ՖԲ էջում արձանագրեց, որ ըստ Moody's-ի կանխատեսումների՝ Հայաստանի բանկային համակարգը «կայուն»-ից դարձել է «դրական»։

Moody's Investors Service-ի օգոստոսի 27-ի զեկույցը ոգեվորության նոր առիթ տվեց վարչապետին

Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1» մակարդակից, որը համարվում է սպեկուլյատիվ, աճել է, հասնելով «Ba 3»-ի, որը համարվում է կայուն: Ըստ մասնագետների՝ սա չնչին առաջխաղացում է, որի հիմքը ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած փաստերն ու տվյալներն են Հայաստանի ներդրումային միջավայրի, պետական աջակցության ծրագրերի, բարեփոխումների, ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետության եւ այլնի վերաբերյալ։ Կարո՞ղ ենք համարել, որ ՀՀ կառավարության տվյալների հիման վրա արված գնահատումն անաչառ է։ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ Moody's-ին կարելի է վստահել, քանի որ այն աշխարհի երեք ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից է եւ սեփական գումարը վաստակում է զուտ իր օբյեկտիվ գնահատականների համար, նաեւ ոչ միայն երկրներին, այլեւ ընկերություններին վարկանիշավորելով։ 

Moody's-ը հակառուսական գործակալությո՞ւն է

Կարծիք կա, որ ամերիկյան Moody's-ի հակառուսական ուղղվածություն ունի։ Սա հիմնավորվում է որոշ ակնհայտ կասկածելի գնահատականներով։ «Չինաստանը ՕՈՒՆ-երի ներհոսքով 2-րդն է, իսկ արտահոսքով՝ 3-րդը։ Բայց վարկանիշը մեզնից ցածր է։ Մյուդիսը նախևառաջ քաղաքական մարմին է», - գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

Մեկ շաբաթ առաջ գործակալության փորձագետները Ռուսաստանի, Չինաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի վերաբերյալ ՀՆԱ-ի անկման կանխատեսումներ են կատարել, նաեւ մոտակա տարիներին տնտեսական ճգնաժամ են կանխատեսում Ռուսաստանի համար, որի գործոններից մեկը, ըստ Moody's-ի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական պատերազմն է։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ գործակալությունը քաղաքական առումով լոյալ չէ։ «4 օր առաջ Ռուսաստանի մի քանի բանկերի նրանք բարձրացում են տվել։ Թուրքիայի համար, եթե նայեք, մեկ ամիս առաջ կանխատեսել են նվազեցում։ Չինաստանի մասով բացասական կանխատեսումը կապված է մեծ չափով ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հնարավոր բացասական զարգացումների հետ։ Եթե դուք նայեք «Ֆիչ ռեյթինգս»-ի գնահատականները, այն Հայաստանին բարձր վարկանիշ չի տալիս, որովհետեւ այնտեղ միշտ վերջում նախադասություն է գրված՝ հարեւանների հետ ունի որոշակի բարդ հակամարտություններ։ Ինչ ուզում ես արա, ինչքան էլ որ դու լավ երկիր լինես,լարված հարաբերությունները հարևանների հետ խնդիր է ներդրողի համար։ Ես հակված չեմ, որ Moody's-ի գնահատականները քաղաքական են։ Բայց ակնհայտ է, որ Չինաստանի դեպքում սա ազդում է։ Տեսեք․ թվում է, որ Ուկրաինային պետք է փաղաքշեն, բայց Ուկրաինան շատ ցածր դիրքեր ունի այդ նույն Moody's-ով»,- ասում է Արտակ Մանուկյանը։ Ինչո՞ւ Հայաստանի դեպքում Moody's-ը պատերազմական իրավիճակը հաշվի չի առել։ «Հիմքը հետեւյալն է․ արդյոք դու ունե՞ս բավականաչափ ֆինանսական կայունություն, որ կարողանաս քո ֆինանսական պարտավորությունները կատարել։ Այս առումով Հայաստանը բավականին պոզիտիվ դինամիկայի մեջ է»,- ասում է տնտեսագետը։  

Փորձագետները կարող են սուբյեկտիվ գործոններով առաջնորդվել

Հայաստանի վարկանիշի Moody's-ի գնահատականը կարող է տարբեր, նաեւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված լինել։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որը ժամանակին արժանահավատ էր համարել այս գործակալության տվյալները, այսօր կասկածի տակ է դնում դրանք։ Նա ասում է․ «Չեմ կարծում, որ Moody's-ի գնահատականները քաղաքականացված են, բայց, մեղմ ասած, ինձ համար շատ արժանահավատ չեն կարող լինել։ Իրենք ունեն իրենց փորձագետները, որոնք կարող են սուբյեկտիվ գործոններով առաջնորդվել»։ Թաթուլ Մանասերյանը հաստատում է, որ գործակալությունն առաջին հերթին օգտագործում է պաշտոնական տվյալները։
Հնարավո՞ր է, որ Հայաստանի բարձրացած վարկանիշը պայմանավորված լինի նրանով, որ Ռուսաստանից մենք ավելի քիչ տրանսֆերտ ենք ստանում, քան նախկինում, եւ Moody's-ի գնահատականն այս դեպքում պայմանավորված լինի այս գործակալության հակառուսական բնույթով։ «Անուղղակի կարող է ազդեցություն ունենալ, բայց չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված միայն»,- կարծում է տնտեսագետը։

Փաշինյանի ինքնաներշնչումը

Փաշինյանն այսպիսի կասկածներից վեր է։ Նա կարծում է, որ Moody's-ի որոշումը հիմնված է ՀՀ մակրոտնտեսական կայունության եւ Հայաստանի տնտեսության դիմադրողականության բարձր գնահատականների վրա։ ««Մուդիսն» իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք: Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»,- գրում է վարչապետը  Moody's-ի վերջին զեկույցի առիթով։ Բայց Կաշպիրովսկու ոճով ինքնաներշնչումների, սեփական հաջողությունների կապակցությամբ հրճվանքի համար Փաշինյանին երբեմն ոչ մի առիթ էլ պետք չէ։ Նրա ուրախությունը ՀՆԱ-ի բարձր տեմպով կամ մակրոտնտեսական կայունությամբ ինքնաբուխ է, եւ որեւէ հիմք դրա համար չի պահանջվում։ «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել,- գրել է երեկ վարչապետը՝  կառավարության նիստից առաջ ինքն իրեն դուխ տալով,- ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարության աճ՝ 4.1 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, արտահանման աճ՝ 19.5 տոկոս: Սրանք իսկապես շատ լավ թվեր են»:

Ո՞րն է վարչապետի լավատեսության հիմքը

Տպավորություն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում էպիստոլյար մենամարտի է բռնվել ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի թիվ մեկ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ։ Բագրատյանը բացահայտում է «Կաշպիրովսկու» մեթոդաբանությունը։ Ըստ նրա՝ հուլիսի տնտեսական ակտիվության աճը, առանց գյուղատնտեսության ցուցանիշի, իրոք՝ 8,1 տոկոս է եղել, բայց հունիսին եղել է 9,2 տոկոս աճ։ 8,1 տոկոս աճի մեջ ներառված չեն անկում արձանագրած ոլորտները՝ գյուղատնտեսությունն ու շինարարությունը, որում աճը 4,7-ից, ըստ ԱՎԿ տվյալների, դարձել է 4,1 տոկոս։

«ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաեւ էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի եւ ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով՝ գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում»,- գրել է ՀՀ նախկին վարչապետը ներկա վարչապետի հրճվալից գրառումից մեկ օր առաջ։ «Քանի որ գյուղատնտեսության ցուցանիշները եռամսյակը մեկ են հաշվում, իրական տնտեսական ակտիվության աճը, տոկոսը անպայման իջնելու են։  Եթե գյուղատնտեսությունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։»,- ամփոփում է Բագրատյանը։  
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ աշխատավարձը 8 տոկոսով ավելացել է, իսկ Հրանտ Բագրատյանը վերլուծում է․ «Եթե սրանից հանում ենք կուտակայինի 5 տոկոսը, որը ոչ թե եկամուտ է, այլ ծախս, ապա կստացվի, որ աշխատավարձի աճ չկա»։ Ինչպես հայտնի է, նա վաղուց է առաջարկում կրճատել կուտակայինի ժամկետները եւ օրենքով ամբողջ փողը ներդնել տնտեսության մեջ։

Եթե հավատանք Ազգային վիճակագրական կոմիտեին, ապա հունվար-հուլիսին մենք առաջխաղացում համարյա չենք ունեցել։ Ստեղծված ՀՆԱ-ն համարյա ամբողջությամբ սպառել ենք՝ 97 տոկոս, արտահանման աճն անցյալ տարվա հունվար-հուլիսի նկատմամբ եղել է չնչին՝ 2 տոկոս, այն էլ կվերանա, եթե արտահանումը հաշվենք անփոփոխ գներով։

Ավելացել է արտագաղթը։ Եթե անցյալ տարի երկիրը լքել է 18,5 հազար մարդ, այս տարի առաջին վեց ամսում արդեն ՀՀ-ից հեռացել է 12 հազարը։ Ահա, այս իրավիճակին մենք պետք է նայենք «դուխով» ու միայն վարդագույն ակնոցներով։