Սկանդալի մեջ հայտնված տնօրենը բյուլետեն է վերցրել․ ուսուցիչները չեն զիջելու

Սկանդալի մեջ հայտնված տնօրենը բյուլետեն է վերցրել․ ուսուցիչները չեն զիջելու

Արարատի մարզի Ավշար համայնքի միջնակարգ դպրոցում մի քանի օր է, ինչ դասապրոցես տեղի չի ունենում: Պատճառը հայտնի է․ երեխաներին ծնողները դպրոց չեն ուղարկում, ուսուցիչները բունտ են անում՝ պահանջելով նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից Կարինե Փամբուկյանն ասաց․ «Մեր դպրոցի խնդիրը չի լուծվել, երեխաները դպրոց չեն գալիս, եւ մենք շարունակում ենք դասադուլը։ Եթե խնդիրը կրկին չլուծվի, մենք երկուշաբթի օրվանից գործադուլ ենք անելու։ Տնօրենը եւս չի գալիս դպրոց, ինչ-որ մեկն ասել է ՝ բյուլետենի մեջ է, ցուցադրում է իր անպատասխանատվությունը։ 2 օր առաջ մարզպետարանի կրթության բաժնի պետը փոխմարզպետի հետ եկավ, փորձում են մեզ համոզել»։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք մինչեւ վերջ պայքարելու են․ «Ինքը խոստացավ հրաժարական տալ, բայց դրա մասին խոսք չկա։ Մարզպետարանում փորձեցին առերեսում անել, մեզ լսեցին, իրեն լսեցին․ մենք չենք աշխատելու իր հետ, թիմ է հավաքում, իր հետ ուսմասվար է բերում»։ 

Հիշեցնենք, որ ցուցարարները պնդում են՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին, առանց պատճառի, աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարման խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։