Եկել մեր վարելահողերը վերցրել են, խրամատ են սարքել, դա նորմա՞լ է

Եկել մեր վարելահողերը վերցրել են, խրամատ են սարքել, դա նորմա՞լ է

Ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Տեղ համայնքում, արդեն հասել են վարելահողերին, «Հրապարակին» ասաց Տեղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը։ «Մտել են 100-150 հեկտար վարելահողերն ու արոտավայրերն ու դուրս չեն գալիս, իմ վարելահող էլ են մտել ու խրամատ էին փորում: 

- Այժմ ի՞նչ վիճակ է համայնքում:

- Վիճակը վատ ա, ոնց կա՝ մնում ա: Երբ հետ գնան, այ նոր դա կլինի լավ նորություն:

- Ադրբեջանցիները ձեր գյուղի վարելահողե՞ր են ներխուժել:

- Մտել են ու սաղ փորել: Ինչ գրավել են, դեռ էդ ա, ոչ մի նոր բան էսօր չի եղել:

- Բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզպետ, պատգամավորներ, չե՞ն գալիս Տեղ համայնք:

- Ճիշտ կլիներ, որ մարզպետը գար՝ մարդկանց հավաքեր մշակույթի տանը, բացատրեր թե էս ինչ ա կատարվում: Թե չէ հեռվից ծիկրակելով բան չի փոխվում: Պետք ա ավագանու արտահերթ նիստ լինի, բայց ոչ մի բան էլ չի լինում, որովհետև ավագանու անդամը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ ա:

- Իսկ ո՞վ է եկել:

- Մարզպետը:

- Ի՞նչ է արել, ո՞ւմ հետ է հանդիպել:

- Գալիս ու գնում ա: Ոչ մի հանդիպում:

- Տեղում բնակիչները տրամադրությունների մասին խոսենք՝ ինչ են մտածում, հեռացողներ կա՞ն:

- Ոչ մեկը չի հեռացել: Մեր զինվորին թողնենք սահմանին, ո՞ւր գնանք: Իմ երեխան էլ ա զինվոր, բոլորն էլ իմ երեխաներն են, ո՞նց իմ երեխային կթողնեմ կգնամ: Անտեր չենք թողնի մեր զինվորին: Ոչ մի տեղ չենք գնալու: Բնականոն կյանքով ապրում ենք: Ամեն ինչ նորմալ ա էդ առումով: Սահմանապահներ էլ կան, զինվորներ էլ կան, ամեն ինչ էլ կա: Սահմանապահները թշնամու դեմ դիմաց կանգնած են: Խնդիրն էն ա, որ մեր հողերը պետք ա մեզ մնան: Լրագրողներ էլ են եկել, իրենց աչքով տեսել են ամեն ինչ:

- Մեր նախնական զրույցում ասացիք, որ Ձեր վարելահողերը ևս թշնամին վերցրել է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Ի՞նչ պետք ա անեմ, թող պատերազմ հայտարարեն, զենք տան, գնանք մեր հարցերը լուծենք: Իմ ցորենի դաշտը լրիվ վերցրել են: Վարած էր լրիվ աշնանացանը: Բուլդոզերը գցած փոս են փորում մեր հողերում:

- Ձեր գյուղապետի հետ կապվեցինք, ասում է, որ ամեն ինչ լավ է՝ իզուր եք անհանգստանում:

- Եկել մեր վարելահողերը վերցրել են, մեր հացը խլել են մեզնից ու խրամատ են սարքել, դա նորմա՞լ է: Դե երևի իրա համար նորմալ է, ինչ ասեմ…. Դրանցից ո՞ր մեկն ա ճիշտ ասում, որ դա ճիշտ ասի: