Ռուսական մամուլը կողմնակա՞լ է․ Փաշինյան-Ալիև լեզվակռվի հետքերով

Ռուսական մամուլը կողմնակա՞լ է․ Փաշինյան-Ալիև լեզվակռվի հետքերով

Վերջին օրերին ռուսական մեդիայում կրկին սրացումներ են․ ռուսական լրատվամիջոցներում դարձյալ հոգնեցուցիչ թեզեր են «հետխորհրդային տարածքում ԱՄՆ ամենամեծ դեսպանատան», «Հայաստանի մասին, որը հակված է դեպի Արևմուտքը և ցանկանում է կախված լինել Եվրամիությունից, հետևաբար, պատրաստվում է «հեռանալ ՀԱՊԿ-ից», բայց մինչ այդ ամեն կերպ «փորձում է շահարկել Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նպատակ ունենալով «նախապատվություններ ստանալ Ադրբեջանի հետ հակամարտությունում»։ Այդ մասին գրում է հայտնում է Infoteca24.ru-ն և նշում, որ ռուսական ԶԼՄ-ների այս առանձնահատկությունը, ցավոք, սովորական է դարձել։ 

Քիչ թե շատ հանգիստ կամ գոնե կառուցողական ֆոնի վրա «սեզոնային սրացումները», իհարկե, առաջացնում են գրգռում, բայց ընդհանուր առմամբ դրանք կարելի է անտեսել, քանի որ դրանք լուրջ իմաստային բեռ չեն կրում, այլ ավելի շուտ եզակի դեպքեր են, Հայաստանի նկատմամբ անձնական վերաբերմունքի դրսեւորում կամ նույնիսկ անկեղծորեն պատվիրված կամ վճարվող նյութ, նկատում է Infoteca24.ru-ն։

Սակայն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայ-ադրբեջանական հակամարտության հանրային քննարկման խեղաթյուրված արձագանքները վտանգավոր են, քանի որ դրանք կարող են թյուր պատկերացում ստեղծել կողմերի դիրքորոշումների և բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ, որն իր հերթին կխեղաթյուրի այս գործընթացի մասին հետագա բոլոր, նույնիսկ՝ ճշմարտացի տեղեկությունները:

Ռուսական Առաջին ալիքի լրատվական թողարկման մեջ, օրինակ, ռեպորտաժի հեղինակը հայտարարեց, որ «Փաշինյանը ելույթ է ունեցել ու կառչել միջանցք բառից»։ Ձևի առումով այդ ամենը ճիշտ է, բայց խոսքը միայն միջանցքների մասին չէ, այլ նրա, որ, չնայած Ալիևի՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին հայտարարություններին, նման պահանջներ, վստահաբար, կան։ Փաշինյանը ստիպված եղավ պատասխանել ոչ թե առանձին տերմինի պատճառով, այլ նրանով, թե ինչ նկատի ունի Ալիևն այս տերմինով։
Եթե ​​Առաջին ալիքի այս արտահայտությունը դեռևս ինչ-որ կերպ կարելի է արդարացնել նյութի անտեղյակությամբ (ինչը քիչ հավանական է), կամ ռեպորտաժ պատրաստելու կարճ ժամկետով (այս տարբերակն առավել ողջամիտ է), ապա «Կոմերսանտ»-ի «Ո՞վ է տերը միջանցքում» հոդվածին դժվար է մեղադրել վերոնշյալ մեղքերի մեջ․ գրված է գեղեցիկ, ներդաշնակ, կարդացվում է մեկ շնչով։ Այո՛, բայց դրանում տեղ գտած հայտարարություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը։

Ըստ հեղինակի՝ Փաշինյանը «ըմբոստացել» է «օկուպացիայից ազատագրված հողերի վրա» կառուցված օդանավակայանների մասին խոսքերից հետո։ Այսինքն, պետք չէր, որ Ալիևը «օկուպացիայից ազատագրված հողերի» մասին տհաճ արտահայտություն ասեր։ Իսկ հետո ինքը՝ հոդվածագիրն է պնդում, որ «եթե անգամ Ադրբեջանի նախագահը Հայաստանի վարչապետի համար տհաճ այս խոսքերը չասեր «օկուպացիայից ազատագրված հողերի» մասին, Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, «հունից դուրս գալու» պատճառ կգտներ։ Այս դեպքում լիովին պարզ չէ՝ ինչո՞ւ խեղաթյուրել իրականությունը: Ինչու՞ անընդհատ կրկնել և պնդել, որ «ամեն ինչ «օկուպացիայի» պատճառով է»: 

Ըստ նյութի, Փաշինյանը, փաստորեն, վրդովվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և Լաչինի միջանցքի շրջափակումը լեգիտիմացնելու փորձի պատճառով։ Երկրորդն արդեն տհաճ թեմա է ռուսական կողմի համար, քանի որ ըստ եռակողմ հայտարարության ռուս խաղաղապահները պետք է ապահովեն տեղում անվտանգությունն ու վերահսկողությունը։ 

Եվ եթե իսկապես կենտրոնանանք սրա վրա, կարող են հարցեր առաջանալ, օրինակ, թե ինչպես «էկոակտիվիստների» մի խումբ կարողացավ միջանցքը խլել զինված ռուս զինվորների ձեռքից, ընդգծում է Infoteca24.ru-ն։
Արդարության համար պետք է նշել, որ «Կոմերսանտ»-ի հոդվածում շատ գունեղ է ներկայացված նաեւ Ալիեւի ցինիզմը, որպեսզի ակամա տպավորություն չստեղծվի, թե Ադրբեջանն ավելի մոտ է Ռուսաստանին, քան Հայաստանին։
Ընդհանուր առմամբ, հիշյալ հոդվածը կարելի է ընկալել որպես սրացման այս փուլի գագաթնակետ: Հաջորդ շաբաթվանից ամեն ինչ նորից կվերադառնա իր բնականոն հունին, Արցախն ու Հայաստանն ու Ադրբեջանը կմոռացվեն, բայց տհաճ դառնահամը դեռ կմնա։

Թարգմանությունը՝ Արա Ալոյանի