Շները շուն են կերել

Շները շուն են կերել

Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանի բուսաբանական այգում: Թափառող շները հարձակվել են տիրոջ հետ զբոսնող շնիկի վրա և պատառոտել նրան: Տերը կատաղած շներից պաշտպանվել է «էլեկտրաշոկերով» և, բարեբախտաբար չի տուժել: Դժբախտ շնիկի մնացորդներն այս պահին էլ թափված են այգու տարբեր ծառուղիներում:

Երբ խոսում ենք թափառող շների մասին, Երևանի քաղաքապետարանը լավագույն դեպքում իրեն դնում է ռետինե խողովակի տեղ, իսկ ավելի հաճախ հարցը տեղափոխում շնասերների և «շնատյացների» պայքարի դաշտ: Այլ խոսքով` գլուխները թափառող շների պրոբլեմից ազատելու հեշտ ձև են գտել:

Այսօրվա դեպքը, սակայն, առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ թափառող շների աննախադեպ մեծ ոհմակը բուսաբանական այգում է հայտնվել հենց Երևանի քաղաքապետարանի անփութության պատճառով: Բուսաբանական այգում թափառող շներ միշտ էլ եղել են, բայց ոչ ոհմակներով, ինչպես այս օրերին: Բանն այն է, որ բուսաբանական այգում այսպես կոչված «կյանքի պուրակ» հիմնելու ծրագրի շրջանակներում շինարարական կազմակերպությունը քանդել է պարսպի մի հսկա հատված ու այգին մատնել անտերության: Այս վիճակում այգու անվտանգության աշխատակիցները կամ պահակները ոչինչ անել չեն կարող: Նրանց ունեցածը փայտն ու քարն է, որոնք ոչինչ են տասնյակներով շրջող ոհմակների դեմ պայքարելու համար:

Թե երբ կկառուցեն այդ այսպես կոչված «կյանքի պուրակը», դժվար է ասել: Մինչ օրս շինարարները մի փոքր հատված ասֆալտապատել են, կիսատ-պռատ մի սրճարան կառուցել և այդքանը: Շինարարական տեխնիկան անգործ թափված է ասֆալտապատված տարածքում, իսկ ողջ այգում այդ տեխնիկայի թողած հետքերն են` փոսեր, թմբեր, ցեխ, կոտրված ու կտրված ծառեր: Ես չգիտեմ, եթե այսպես են կյանքի պուրակ կառուցում, ապա ինչպես են կառուցում մահվան պուրակը: