Իշխան Սաղաթելյանն այդ բառերի համար պետք է ներողություն խնդրի

Իշխան Սաղաթելյանն այդ բառերի համար պետք է ներողություն խնդրի

Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունը, թե բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընդդիմության ազնվությունը, անբարոյականի զավակ են, արդեն մի քանի օր է` ֆեյսբուքյան որոշ շրջանակների քննարկման ու քննադատության կիզակետում է հայտնվել: Բանը հասել է նրան, որ անգամ ընդդիմության ներսում «ֆեյսբուքյան փոխհրաձգություններ» են սկսվել: Սաղաթելյանի հայտարարությանն ամենասուր արձագանքողներից մեկը Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է, ով իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին, ինչին հաջորդեցին դաշնակցականների ու որոշ քոչարյանականների կոշտ արձագանքները Վահան Բաբայանին: Վերջինս էլ տակը չմնաց, եւ դարձավ մի կաթիլ մեղրի պատմությունը։ Մենք զրուցել ենք Վահան Բաբայանի հետ:

- Ձեր և Իշխան Սաղաթելյանի միջև ֆեյսբուքյան «փոխհրաձգությունը» շատերի ուշադրությանն է արժանացել: Ի վերջո` ինչո՞ւ որոշեցիք արձագանքել Սաղաթելյանի ասածին:

- Ես ոչ մեկի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեմ, ընդամենը հայտարարություն եմ արել, այն է` չի կարելի վիրավորել այն մարդկանց, ովքեր չեն կիսում կամ քննադատում են որևէ մեկին, հատկապես եթե այդ որևէ մեկը քաղաքական առաջնորդ է: Նման բառապաշարի կիրառումը սխալ է, սակայն ես արժանացա՝ տեսաքլ թե ինչ վերաբերմունքի: Սխալ մեկնաբանություններ են արվում իմ հասցեին ու ոչ այնքան հաճելի բառամթերք օգտագործում: Երևի թե ժամանակներն են այդպիսին դարձել, ու նման բաներ կարող են տեղի ունենալ:

- ՀՀԿ-ական երիտասարդներ էլ ժամանակին ամենավերջին հայհոյանքներն էին տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր կհամաձակվեին կասկածի տակ դնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազնվությունը: Անգամ նման մարդկանց ծնողներին էին հայհոյում: ՀՀԿ-ականներն էլ են պարբերաբար սուր խոսք եւ հայհոյանքներ օգտագործում, օրինակ` Արմեն Աշոտյանը:

- Դուք տեսե՞լ եք, որ ես որևէ մեկին հայհոյեմ: Ես Ռեֆորմիստների կուսակցության անունից եմ խոսել ու խոսում: Եթե մեր կուսակցությունից ինչ-որ մեկը նման բան աներ, ես հաստատ դեմ կլինեի դրան, ու այդ հարցը կլուծվեր: Իմ կողմից կոնկրետ երբեք նման բան չի եղել ինչպես 2018-ից առաջ, այնպես էլ` 2018-ից հետո: Ես միշտ հանդես եմ եկել այն տեսանկյունից, որ քաղաքական առաջնորդներն անձնական դաշտ մտնելու իրավունք չունեն և չպետք է անձնական վիրավորանքներ հասցնեն: Ես պարզապես հայտնել եմ իմ կարծիքը: Կարծիք հայտնելուց չեմ վախեցել 2018 թվականին, երբ շատ մարդիկ անգամ վախենում էին մի բառ ասել: Այնպես որ, այսօր էլ իմ կարծիքն եմ հայտնում, եթե կարծիք հայտնելու համար պետք է նման վերաբերմունքի արժանանամ, խնդիր չկա, իրենց խնդիրն է:

- Կարծիք կա, որ այս իշխանությունների նպատակը հենց ձեզ` ընդդիմադիրներիդ պառակտելն ու իրար դեմ հանելն է: Ստացվում է, որ գուցե, անկախ ձեր կամքից, հայտնվել եք այդ իրավիճակում:

- Այդ մոտեցումը պրիմիտիվ է: Մարդկային հարաբերություններն ու կյանքը` հատկապես հասարակական-քաղաքական պրոցեսները, թղթի վրա գրված ինչ-որ ստերեոտիպներով շաժվող բաներ չեն: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, այնպես որ, պետք չէ իդեալականացնել կամ մեղադրել նրան, ով հակադրվում է: Իրենք այնպես են մտածում, ես էլ այսպես եմ մտածում:

- Բայց պառակտված ընդդիմությունից շահում է իշխանությունը:

- Չեմ կարծում, թե իշխանությունը դրանից շահում է, հակառակը` իշխանության տրամաբանության մեջ մտնում է ունենալ թույլ ընդդիմություն, այլ ոչ թե ուժեղ, իսկ ուժեղ ընդդիմություն կարող ես ունենալ այն դեպքում, երբ ընդդիմությունն իր մեջ ուժ է գտնում ու վերակազմավորվում:

- Հիմա, որ դուք իրար վիրավորում եք, դրանից ուժեղանո՞ւմ եք:

- Բայց դուք տեսե՞լ եք` ես ինչ-որ մեկին վիրավորեմ:

- Թեկուզ Ձեզ վիրավորելով ուժեղանո՞ւմ է ընդդիմությունը:

- Ես որևէ մեկին չեմ վիրավորել ու չեմ պատրաստվում վիրավորել: Ես պարզապես հայտնել եմ իմ կարծիքը: Կարծում եմ, որ Իշխան Սաղաթելյանն այդ բառերի համար պետք է ներողություն խնդրի, սա է եղել իմ կարծիքը:

- Մտավախություն չունե՞ք, որ նման միջադեպերից հետո հասարակությունն ավելի շատ կհիասթափվի ընդդիմությունից՝ առհասարակ:

- Ես ընդդիմության առաջնորդ չեմ, ես ընդամենը փոքր, համեստ կուսակցության նախագահ եմ, ես իմ վրա նման պատասխանատվություն չեմ վերցրել, ավելին` նման հայտեր չեմ ներկայացրել: Խնդրում եմ` ինձ այդ ֆորմատի մեջ մի ներկայացրեք: Այդ հարցերը տվեք նրանց, ովքեր առաջնորդում են, ավելին` ես չեմ վիրավորել ոչ մեկին:

- Քանի որ Դուք Սերժ Սարգսյանի համախոհն եք, շատերի կարծիքով, Իշխան Սաղաթելյանին քննադատելով` առաջանում է Քոչարյան-Սարգսյան հերթական կոնֆլիկտն ու տարաձայնությունը:

- Շատ բաներ կարող են ասել, ես չեմ ուզում մեկնաբանել ու այդ հարցերի մեջ մտնել: Ես իրավասու չեմ խոսել այդ մասին, կապ չեմ տեսնում դրանց միջև:

- Եթե ՀՀԿ-ական մեկը նման հայտարարություն անի, կքննադատե՞ք:

- Այո, բոլորին էլ կքննադատեմ:

- Իսկ այսքան ժամանակ ինչո՞ւ չեք քննադատել, չէ՞ որ ՀՀԿ-ականները ևս երբեմն հայհոյում են:

- Էլի եմ կրկնում, եթե ընդդիմության ներկայացուցիչն ասում է` ով մեր հետ չի կամ մեզ չի հավատում, անբարոյականի զավակ է, այդ միտքը պետք է քննադատել: