Արցախի թեմի առաջնորդը կհանդիպի խաղաղապահների հետ

Արցախի թեմի առաջնորդը կհանդիպի խաղաղապահների հետ
Վրթանես եպիսկոպոսի

Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանն անդրադարձել է Դադիվանքում ապրող հոգեւորականներին՝ նշելով, որ նրանք 6 ամիս է` փակված են այնտեղ. «Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգեւոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսից հետաքրքրվեցինք՝ ինչ վիճակ է հիմա Դադիվանքում: «Մենք կարողանում ենք լիարժեք վերահսկել եւ ապահովել մեր հոգեւորականների թե՛ կեցությունը, թե՛ բարոյահոգեբանական վիճակը, թե՛ մարդկային շփումները խաղաղապահների հետ։ Ընդհանուր առմամբ, նրանք լավ վիճակում են, միայն մի փոքրիկ դժվարություն ունենք՝ ուխտավորների հարցը, ինչն էլ քննարկումների ընթացքի մեջ է, ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն, որի հետ մոտ օրերս ես կքննարկեմ այս հարցը»:

Անդրադառնալով Մոսկվա կատարած այցին՝ սրբազանն ասաց, որ վեհափառի, Կիրիլ պատրիարքի միջեւ քննարկումներ են եղել, այդ թվում՝ Դադիվանքի առնչությամբ։ «Քննարկվել են մեր եկեղեցիների վիճակը, վերանորոգումը, ինչպես պետք է մեր ուխտավորներն այցելեն, այնպես որ՝ սառած կետում կանգնած չէ Դադիվանքի հարցը, վանքը գործում է, մեր տղաներն այնտեղ մշտական աղոթքի մեջ են, նաեւ կապի մեջ են ինձ հետ»։

Այժմ 6 հոգեւորական է ծառայություն իրականացնում Դադիվանքում։ Ինչ վերաբերում է հերթափոխին. «Ընդհանրապես, եթե առիթ է լինում՝ իրենց անձնական կամ հոգեւոր ծրագրերի հետ կապված, մենք կարողանում ենք իրենց այդ կարգավիճակից հանել, հետո նորից տեղափոխել։ Դա խնդիր չէ»։ Այժմ, երբ ուխտավորներ այլեւս չեն այցելում, ժամերգություն, պատարագ անո՞ւմ են վանքում։ «Մշտապես, իրենք իրենց ամենօրյա ժամերգություններն անում են, իրենց անելիքը հենց դա է՝ աղոթել, իրենց գիտական աշխատանքներով զբաղվել, կիրակի օրերն էլ մշտապես պատարագ է լինում։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք նրանց հետ»։

Իսկ ադրբեջանական կողմն ուխտավորներ տանո՞ւմ է Դադիվանք։ «Եղել են՝ ուդիներ, որոնք 15-20 րոպեանոց կարճ այց են ունեցել»։ Հիշեցնենք, որ մայիսից հայկական կողմին արգելվել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել։ Հույս կա՞, որ մինչեւ տարեվերջ արգելքը կհանվի։ «Չեմ կարող ասել՝ ավելի շո՞ւտ կլինի, թե՞ ավելի ուշ, բայց մենք այդ ուղղությամբ խաղաղապահների հետ խոսակցություն տանում ենք, իրենք էլ մեր ցանկությունները փոխանցում են մյուս կողմին»։