Սա պետք է միմիայն ուրախություն պատճառի մեր ժողովրդին

Սա պետք է միմիայն ուրախություն պատճառի մեր ժողովրդին

Անցյալ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։ Խմբի գործունեության եւ կաթողիկոսի վերջին նշանակումների վերաբերյալ զրուցել ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի հետ։

- Կառավարության որոշմամբ ստեղծվել էր Եկեղեցու եւ պետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ։ Խնդրում եմ պատասխանել, թե քանի նիստ է անցկացրել հանձնաժողովը։

- Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի ունեցավ 2019 թ․ մայիսի 3-ին՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետի։ Նիստի ընթացքում ուրվագծվեց առաջիկա աշխատանքների օրակարգը, եւ ըստ առկա խնդիրների ու քննարկվելիք հարցերի՝ ձեւավորվեցին առանձին մի շարք ենթահանձնախմբեր, որոնք եւ պետք է անցկացնեին հիմնական քննարկումները։ Աշխատանքային խմբի հերթական նիստի գումարումը պայմանավորված է հենց այդ ենթահանձնախմբերի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքով։ Հիշյալ ենթահանձնախմբերից մի քանիսն արդեն ունեցել են մի շարք հանդիպումներ զանազան խնդիրների շուրջ։ Կան նաեւ այնպիսիք, որ տարբեր հանգամանքների բերումով դեռ չեն գումարել իրենց նիստերը։

Հարկ է նշել, որ խմբի օրակարգում ներառված հարցերը նաեւ քննարկման առարկա են դառնում տարբեր պատկան պետական մարմինների պատասխանատուների հետ Մայր Աթոռի ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ, հատկապես եթե դրանք պահանջում են որոշակի հրատապություն։ Եկեղեցի-պետություն գործակցության առավել արդյունավորմանն ու ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարմանն են ուղղված նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի եւ Հայոց Հովվապետի հանդիպումները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես տարբեր առիթներով ասվել է, կարեւորում է այս աշխատանքային խմբի առաքելությունը, որի արդյունքները միմիայն նպաստելու են հայրենիքի բարօրությանն ու պայծառությանը, մեր ժողովրդի հոգեւոր կյանքի զորացմանը, ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված ոգուն համահունչ՝ հայրենիքում Հայոց Եկեղեցու գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորումներին։ Գործակցության ոգի առկա է, հույս ունենք, որ առաջիկային այն կպարգեւի մեր ժողովրդին եւ նրա հոգեւոր օրրանին իր բարի պտուղները։

- Տեղեկություններ կան, որ Մայր Աթոռում աշխատանքային խմբի նիստ է հրավիրվել, սակայն կառավարության կողմը չի ներկայացել։ Ի՞նչ կասեք։

- Պետք է նշենք, որ Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռում վերոհիշյալ աշխատանքային խմբի նիստ առայսօր երբեւէ չի հրավիրվել։ Քանի որ աշխատանքն ընթացքի մեջ է, տարբեր ժամանակներում տեղի են ունենում հանդիպումներ աշխատանքային խմբի համակարգողների, ենթահանձնախմբերի եւ կամ դրանց առանձին անդամների միջեւ Մայր Աթոռում կամ ՀՀ կառավարության շենքում, որոնց ժամանակացույցն աշխատանքային կարգով սահմանվում է նրանց միջեւ։

- Կաթողիկոսը ստեղծել է Բալթյան երկրների թեմ, որտեղ առաջնորդ է նշանակել Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, ով հայտնի «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման Հայր Կորյունի սերնդակիցն է։ Բալթյան երեք հանրապետություններում կա 10 հազար հայ եւ մեկ եկեղեցի։ Արդյոք թեմը ստեղծվեց, որպեսզի Հայր Կորյունի հանդեպ դրական տրամադրված եկեղեցականի նկատմամբ վենդետա՞ իրականացվի, այսինքն՝ աքսորվի մի վայր, որտեղ այդ մարդը կսպառվի, այն դեպքում, որ ժամանակին Մայր Աթոռի ամենալավ ձայն ունեցողներից էր, խելացի եկեղեցական։

- Շաբաթներ առաջ սկիզբը դրվեց երկար նախապատրաստվող՝ նոր թեմերի հաստատման գործընթացի։ Առաջինն այդ շարքում Բալթյան երկրների հայոց թեմն էր, որի առաջնորդ նշանակվեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Չգիտենք, թե ինչո՛ւ են Ձեզ աղավաղված տեղեկություններ փոխանցվում, սակայն հարկ ենք համարում լուսաբանել, որ նորաստեղծ թեմի երեք երկրների մայրաքաղաքներում առկա են երկու եկեղեցի ու մեկ մատուռ, եւ այդ առումով այն համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին։ Ի դեպ, ժամանակին Վազգեն Վեհափառի կողմից հաստատվեցին Ուրուգվայի եւ Շվեյցարիայի հայոց թեմերը, որոնք ունեին ընդամենը մեկ եկեղեցի։

Վարդան Սրբազանի անձի եւ իբրեւ թեմակալ առաջնորդ նրա այս նշանակման շուրջ Ձեր դատողությունները, առավել եւս անձամբ ճանաչելով Սրբազանին, դժվարանում ենք կիսել, որովհետեւ Արմեն Առաքելյանի (կարգալույծ հռչակված նախկին Կորյուն աբեղայի) եւ նրա շարժման համակիրներն իր կողքին են, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այդպիսիք չկան։ Որեւէ մեկին՝ լինի նա կարգալույծ մեկը կամ ոչ, սերնդակից լինելը (այսօրվա եկեղեցականության մեծամասնությունը սերնդակից է միմյանց (վերջին 20 տարիներին միասին կրթվել, ապա ձեռնադրվել է 365 եկեղեցական, որոնք կազմում են առկա հոգեւոր դասի գրեթե մեկ երկրորդը)), կարծում եմ, բավարար պայման չէ նման ենթադրությունների եւ առավել եւս՝ որեւէ մեկի նշանակման նպատակով թեմի ստեղծման համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նման նշանակումները կատարվում են՝ նկատի առնելով հոգեւորականի նկարագիրը, պատրաստվածությունը, կարողությունները, հովվական փորձառությունն ու վաստակը․ այլ աշխարհական ընկալումներ եւ հասկացություններ հոգեւոր ասպարեզում տեղ գտնել չեն կարող: Արդեն իսկ Վարդան Սրբազանը տարբեր թեմերում, նաեւ եկեղեցական կառույցներում իր ծառայությունը բերել է Հայոց Եկեղեցուն: Ուստի, համոզումն ունենք, որ Սրբազանը լավագույնս կկարողանա իրականացնել իրեն վստահված այս հերթական՝ կարեւոր առաջնորդական առաքելությունը՝ առավել կազմակերպելով բալթյան երկրների հայության եկեղեցական եւ ազգային կյանքը:

Առաջիկայում պիտի ականատեսը լինեք հերթական թեմերի ստեղծմանը հայրենիքում եւ արտերկրում, ինչը միտված է ավելի զորացնելու մեր Սուրբ Եկեղեցու հովվական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Սա պետք է միմիայն ուրախություն պատճառի մեր ժողովրդին եւ նշանն է Եկեղեցի-ժողովուրդ հարաբերությունների առավել սերտացման, Եկեղեցուց մարդկանց ակնկալիքների աճի եւ հայորդիների կյանքում հոգեւոր արժեքների կարեւորման:

- Աղան աբեղա Երնջակյանը նշանակվել է Դամասկոսի Հայոց թեմում։ Նա համարվում էր վանքում այն մարդկանցից մեկը, ով Հայր Կորյունի նկատմամբ դրական էր տրամադրված։ Պատերազմող Սիրիայում երիտասարդ մարդուն նշանակում եք, որ կործանվի՞, թե՞ հաշվեհարդար եք տեսնում։

- Միանշանակորեն սխալ է դիտարկել Հայր Աղանի նշանակումը Ձեր ենթադրության համատեքստում։ Սակայն ցանկանում եմ ընդգծել հետեւյալը․ ինչպես զինվորականներն իրենց ծառայությունը բերում են ե՛ւ խաղաղ, ե՛ւ պատերազմական պայմաններում, այնպես էլ մեր հոգեւորականներն իրենց հոգեւոր ծառայությունն իրականացնում են զանազան հանգամանքներում, երկրներում, որոնք միմյանցից եւ հայրենիքից տարբերվում են մշակութային, կրոնական միջավայրերով, հասարակական-քաղաքական կարգերով: Այո, երբեմն դրանք նաեւ պատերազմական վիճակում հայտնված երկրներ են, որտեղ ապրում են նաեւ մեր ժողովրդի զավակները, եւ գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր իշխանության ներքո՝ այդ համայնքները կարիք ունեն հոգեւոր, հովվական խնամքի: Մասնավորաբար ուզում եմ շեշտել, որ աճել է հայաստանածին, ընդ որում՝ երիտասարդ կուսակրոն եւ ամուսնացյալ եկեղեցականների թիվը, որոնք այսօր ծառայություն են բերում եւ մեր ժողովրդի հետ դժվարությունները կիսում Մերձավոր Արեւելքի երկրներում, օրինակ՝ Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում, Ծայրագույն Արեւելքում, Աբխազիայում, Օսեթիայում եւ այլուր: Հայր Պետրոսը, Տեր Մամբրեն, Հայր Գաբրիելը, Հայր Դերենիկը, Տեր Սեդրակը եւ այսպես՝ տասնյակներ։ Անհրաժեշտությունից թելադրված, թեմակալի խնդրանքին ընդառաջ կատարվել է Հայր Սուրբի նշանակումը, որպեսզի անհրաժեշտ հոգատարությամբ մեր համայնքը շարունակի պահպանել իր պատմական ներկայությունն ու կերտած ժառանգությունը Սիրիայում:

Այսօր Եկեղեցին իր հոգեւոր դասով, կարող եմ ասել, երիտասարդ է, սերնդափոխություն է տեղի ունեցել հայրենիքի անկախացման, հոգեւոր կյանքի վերարթնացման հետ մեկտեղ, երիտասարդության մեջ եկեղեցական կոչման զգացումի, հոգեւոր-կրթական հաստատությունների արդյունավետ գործունեության շնորհիվ: Ուստի, պետք չէ Մայր Աթոռում, Հայաստանի հեռավոր համայնքներ ու վանքեր, Արցախ, Եվրոպայի, Ամերիկաների կամ Մերձավոր Արեւելքի երկրներ կամ Ավստրալիա եւ Ռուսաստանի Դաշնության Յակուտիա, Միանմար, Բանգլադեշ եկեղեցականների նշանակումների մեջ փնտրել այլ տրամաբանություն: Առկա են բազում կարիքներ, աշխարհասփյուռ համայնքներից հովիվների պահանջներ, նաեւ սահմանափակ մարդկային ռեսուրսներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն կարողությամբ: Պետք է հնարավորինս բավարարել այդ կարիքները եւ նշանակել եկեղեցականներին՝ առաջնայնությունը տալով սփյուռքյան կարիքներին, հատկապես ծանր պայմաններում գտնվող համայնքներին, որտեղ հոգեւոր կարիքների հետ մեկտեղ հարկ է հոգ տանել ազգային ոգու եւ ինքնության պահպանության համար:

Այս առումով յուրաքանչյուր համայնք եւ կրթական հաստատություն կարող է օգտակարություն բերել, նպաստել Հայոց Եկեղեցու առաքելությանը՝ հոգեւոր ծառայության կոչելով ազգային գիտակցություն ունեցող, հոգեւոր ասպարեզին զինվորագրվելու պատրաստ հայորդիների: