Փնտրե՛լ սատանային մանրուքներում

Փնտրե՛լ սատանային մանրուքներում

Հայկական հեղափոխությունից հետո ներհասարակական, ներպետական կյանքում փոփոխությունների ուժն ու թուլությունը հաճախ կարելի է չափել ոչ միայն խորքային եւ արմատական քաղաքական փոփոխությունների առկայությամբ կամ դրանց բացակայությամբ, կամ՝ վայրիվերումներով, այլեւ հայաստանյան այնպիսի իրողություններով, որոնց ոչ միայն հեղափոխությունները, այլեւ բնության տարերքն է անգամ անզոր տեղից շարժել, ուր մնաց՝ «սիրո եւ համերաշխության» «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: 

Մինչ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սատանաներ է փնտրում Երեւանի փողոցներում, սատանան թաքնվում է հայաստանյան անկարեւոր եւ անհետաքրքիր թվացող մանրուքների մեջ: Եվ եթե «սատանան մանրուքների մեջ է», ապա հեղափոխության համար մանրուք թվացող երեւույթները եւ դրանց անտեսումը հենց այն սատանաներն են, որոնց գայթում է ցանկացած իշխանություն Հայաստանում: Այդ մանրուքները, աստիճանաբար գումարվելով, դառնում են մեծ խնդիր, դառնում հանրային բողոք, ապա եւ՝ ընդվզում ցանկացած իշխանության դեմ: Իրականում հենց լուրջ, արմատական քաղաքական փոփոխությունների բացակայությունը կամ վայրիվերումներն են հնարավոր դարձնում այդ մանրուքների առկայությունը, որոնք, չլուծվելու դեպքում, արագորեն վերածվում են մեծ խնդրի եւ կամ՝ որոնք մեծ խնդիրների չլուծվելու հետեւանք են: 

Հայկական հեղափոխության ուժի եւ թուլության, օրինականության հաստատման կամ բացակայության լակմուսի կապույտ թուղթն ինձ համար այն մի քանի «մանրուքներն» են, որոնցով ես գրեթե անսխալ կարող եմ որոշել ոչ միայն փոփոխությունների արդյունավետությունը կամ անարդյունավետությունը, այլեւ նոր իշխանությունների սպառվող ժամանակի ավարտը: 
Առաջին նման մեծ «մանրուքը», իրականում՝ լուրջ խնդիրը, իմ ննջասենյակից հիսուն մետր հեռավորությամբ գտնվող ռեստորանն է եւ նրա երաժշտախառն հարատեւ դղրդոցը: Սկզբում այդ ռեստորանը «Վարդանանք» անունն էր կրում, ապա հեղափոխության նախաշեմին կամ դրա ընթացքում այն վաճառվեց ուրիշի, եւ այժմ նույն տեղում ֆրանսիական «Կառավելլ» անունը կրող ռեստորանն է շարունակում իր անարգել դղրդոցներն ու հրավառությունները՝ ողջ թաղամասն ու նրա բնակիչներին՝ մեզ, պարբերաբար տեռորի մատնելով:

Հեղափոխությունից հետո գործունեություն ծավալած «Կառավելլը» սկզբում, օգտվելով անիշխանության եւ արագ փոփոխությունների հարահոսից, դղրդացնում էր նույն ուժգնությամբ, ինչ նրա անմիջական նախորդ ռեստորանը՝ «Վարդանանքը»: Ես գիտակցում էի, որ հայկական «Վարդանանքից» մինչեւ ֆրանսիական «Կառավելլ» ոչինչ չի փոխվելու երաժշտական դղրդոցների, ավելի ճիշտ՝ հայկական անօրինականության միջավայրում, սակայն հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ», «ասֆալտին կփռենք» խրոխտ կոչերին ականջալուր՝ 2-3 անգամ կեսգիշերն անց զանգահարեցի ոստիկանություն. իմ հեռախոսազանգերից հետո ռեստորանի գործունեությունը հիմնականում կարգավորվեց: Սակայն երբ այս տարվա փետրվար ամսվա ընթացքում երաժշտախառն դղրդոցները սկսեցին ամենօրյա պարբերականությամբ կրկնվել, եւ ռեստորանային տեռորը շարունակվեց մինչեւ կեսգիշեր, սկսեցի մտածել, որ կա՛մ հեղափոխությունն ու նոր իշխանությունները վերջնականապես ձախողել են օրինականության հաստատման խոստումները, ինչը յոթերորդ զգայարանով զգում են նախեւառաջ հայաստանցի գործարարները, եւ կա՛մ իշխանությունները զբաղված են պատմական գործերով, օրինակ՝ սահմանադրական հանրաքվեով, եւ «մանրուքներին» չեն հետեւում, ինչը նույնպես զգում են հայաստանյան գործարարները նույն յոթերորդ զգայարանով:

Այս չարաղետ ռեստորանը նորից իսկական պատուհաս դարձավ, երբ հեղափոխական փոփոխությունների հանդեպ վախն արագորեն հաղթահարվեց, եւ ամիսներ շարունակ ցերեկներն աղմկոտ շինարարություն իրականացնող ռեստորանը, այժմ երեկոյան ժամը վեցից հետո աղմկոտ միջոցառումներ է կազմակերպում՝ միանգամից երեք դահլիճներից երաժշտությամբ դղրդացնելով ողջ թաղամասը:

Մինչ քաղաքական լակմուսի կապույտ թուղթն արագորեն գունափոխվում էր՝ վկայելով, որ «ասֆալտին փռելու» կոչերն այլեւս ոչ մեկին չեն մտահոգում, եւ առօրեական թվացող մանրուքները սկսում են քայքայել իշխանությունը, եւ կամ՝ ռեստորանների տերերը գտել են դեպի իշխանության սիրտը տանող ճանապարհները: 

Հաջորդ մեծ «մանրուքը», որտեղ թաքնված է սատանան, եւ որին ամեն օր առնչվում ենք ես եւ իմ համաքաղաքացիները, Երեւանի հանրային տրանսպորտն է: Հայ ժողովուրդը, իրականում, ոչ միայն քաղաքային մշակույթ չունի, այլեւ հանրային տրանսպորտից օգտվելու տարրական կանոններին է անտեղյակ այնպես, ինչպես նախնադարյան մարդը՝ լուսավորչական շարժումից:

Երեւանի հանրային տրանսպոտի վարորդները իրենց վարքուբարքով, արտաքինով, հագուկապով, բառապաշարով միջնադարն ու ճորտատիրությունն են հիշեցնում, որտեղ տրանսպորտի տարածքը սեփական տնամերձն է, ուղեւորները՝ ճորտերը, իսկ բարձր երաժշտությունը, սիգարետի ծուխը եւ բջջայինով գոռացող վարորդները հեռավոր անցյալի, գործող ներկայի եւ անհուսալի ապագայի մի տարօրինակ, անհասկանալի խառնիճաղանջություն են հիշեցնում: Եվ անհստակ ու անհասկանալի է մնում, թե ինչու թավշյա հեղափոխությունն այսպես հուշիկ կամ սրընթաց անցավ հանրային տրանսպորտի մոտով՝ առանց ներս մտնելու երեւանյան ավտոբուսների, երթուղայինների եւ տաքսիների դռներից: Կարո՞ղ էր, արդյոք, հայկական հեղափոխությունը հաղթել նախնադարյան բարքերին: Դա նույնքան կարեւոր ակնկալիք ու պահանջ էր, ինչպես Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մինչդեռ հեղափոխական հանրությունը եւ նոր իշխանությունը չգիտակցեցին, որ երեւանյան տրանսպորտը եւ տրանսպորտից օգտվելու բարքերը եղել եւ մնում են որպես փոփոխությունների արգելակ, ըստ այդմ եւ՝ հակահեղափոխության օջախներ են: 
Եթե պրոլետարական հեղափոխության առաջնորդը՝ Վլ. Իլյիչ Լենինը, 1905թ. հոկտեմբերյան հեղափոխության նախաշեմին պնդում էր, որ «հեղափոխությունը դեռ անզոր է ցարիզմին հաղթելու», ապա հայկական թավշյա հեղափոխությունն անզոր եղավ հաղթելու հայկական օրինախախտությանն ու անօրինականությանը: 

Եթե այսեւայլ «մարուքներին» էլ ավելացնենք Երեւանի ահասարսուռ երթեւեկությունը, որին անգամ 9 միավորանոց համակարգը չփրկեց, գումարենք փողոցներում ծխուկներ, սիգարետի տուփեր, դատարկ շշեր նետողների հոծ բանակը, ապա ցավալիորեն կարելի է պնդել, որ հեղափոխության հաջողության գնահատման լակմուսի թուղթը վերջնականապես գունաթափվել է, որ հայկական թավշյա հեղափոխությանը ցավալիորեն պակասել է օրինապահ քաղաքացին եւ հետեւողական իշխանությունը: 

Հայկական հեղափոխությունը գայթել է ոչ միայն մեծ քաղաքականությանը, այլեւ այսեւայլ մեծ «մանրուքներին»: Մինչդեռ սատանան մանրուքների մեջ է: Այն մանրուքների, որոնք հետո մեծ խնդիր են դառնում ցանկացած իշխանության համար: Ի վերջո, հենց այդ մանրուքներում թաքնված սատանան է դրդելու, որ հայաստանյան դրախտի արգելված պտուղից՝ անօրինականությունից այդպես էլ չհագեցող Հայաստանի հանրությունը եւ անհետեւողականությամբ պարուրված նոր իշխանությունը արտաքսվեն հեղափոխական դրախտից: