Իհարկե, գնում ենք կռվելու, բա հո տոլմա փաթաթելու չե՞նք գնում

Իհարկե, գնում ենք կռվելու, բա հո տոլմա փաթաթելու չե՞նք գնում

Կալանքից ազատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարություն տարածեց, որ ԲՀԿ-ն կամավորական ջոկատներ է ստեղծում, իսկ Ծառուկյանն անձամբ ղեկավարելու է ջոկատները։

Մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ԲՀԿ-ականներն առաջին օրվանից են տարբեր կերպ մասնակցում այդ պատերազմին, իսկ թե ինչու են հիմա կամավորական ջոկատ ձեւավորում, զրուցեցիք պատգամավորի հետ։

- Պարոն Պետրոսյան, Ձեր գործընկեր էդմոն Մարուքյանը կամավորական ջոկատներ կազմելու մասին Նիկոլ Փաշինյանի կոչից հետո հայտարարեց, որ Հայաստանն ունի կանոնավոր բանակ, եւ ճիշտ չէ կամավորական ջոկատների ձեւավորումը։ Որ նրանք, ովքեր ուզում են ռազմաճակատ մեկնել, թող դիմեն զինկոմիսարիատներին։ Դուք համաձայն չե՞ք այդ մոտեցման հետ։

- Պարոն Մարուքյանի կարծիքը հարգելով հանդերձ, բայց «կամավորական» բառի էությունը նրանում է կայանում, որ անգամ կանոնավոր բանակի դեպքում, եթե կոնկրետ մարդը ցանկանում է իր ուժը ներդնել հայրենիքի պաշտպանության գործին, ապա դա նրա իրավունքն է։ Հիմա ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ օգտվո՞ւմ է իր իրավունքից, թե՞ ոչ։ Եթե Ծառուկյանն այդպիսի հայտարարություն է անում, բնականաբար, դա ունի հիմքեր եւ չի կարող մնալ անհետեւանք, իսկ թե կոնկրետ ովքեր կընդգրկվեն այդ ջոկատում, չեմ կարող ասել, որովհետեւ դա յուրաքանչյուրի անձնական որոշելիքն է։ Միայն կարող եմ ասել՝ որտեղ Ծառուկյանը, այնտեղ՝ ես։

- Այսինքն՝ գնում եք ռազմաճակա՞տ, կռվելո՞ւ։

- Իհարկե, բա հո տոլմա փաթաթելու չե՞նք գնում։ Ես չեմ կարող ասել, թե իմ աշխատուժն այնտեղ որ դիրքերում, որտեղ պետք կգա, բայց, համենայնդեպս, ես պատրաստակամ եմ իմ ղեկավարի հետ անել այն, ինչ ինքն է հայտարարել։ Բնական է, որ ես մարտական գործունեության փորձ չունեմ, որ գնամ առաջնագիծն անմիջապես զբաղեցնեմ, բայց հաստատ ինչ-որ բանով կկարողանամ բանակին պետք գալ։ Մենք չպիտի նայենք՝ ում պրոֆեսիոնալիզմն ինչքան ա, նոր ուղարկենք առաջնագիծ, ամեն մեկս պիտի փորձենք մեր ունակությունների չափով օգնել։ Բնական է, որ հիմա այնտեղ ռազմական մասնագետներ կան եւ մեզ հետ զրույցի արդյունքում կորոշեն՝ ինչով կարող ենք պետք գալ, բայց որ այսօր, ինչպես պարոն Ծառուկյանն ասաց, պարտավոր ենք կանգնել բանակի կողքին, դա աներկբա է, դա անվիճելի է։

- Եթե խնդիրն օգնելն է, ապա ինչո՞ւ չօգնել խորհրդարանական դիվանագիտության միջոցով, թե՞ համակարծիք եք վարչապետի հետ, որ այս փուլում փակված է հարցի լուծման դիվանագիտական ճանապարհը, ու պետք է պատերազմել։

- Իհարկե՝ ոչ, ես առանձնապես վարչապետի ասածը չեմ կարեւորում, որովհետեւ, եթե ինքն ասում է, որ դիվանագիտական ճանապարհ չկա, բա եթե այդպես է, ինչո՞ւ է այսօր արտգործնախարարն ԱՄՆ-ում եւ հանդիպումների մեջ։ Ես չեմ էլ ուզում իրենց ասածը վերլուծել, էսօր իրենց քննադատելու ժամանակը չէ։ Դիվանագիտությունը միշտ պետք է զուգորդվի կռվի հետ, չի կարելի առանց դիվանագիտության կռիվ անել։ Այո, լինում են ժամանակներ, որ դիվանագիտությունը փոքր-ինչ նահանջում է, կռիվը պետք է առաջ տանել, ժամանակներ կան, որ կարող է լինել հակառակը։

- Այսինքն՝ մենք գնում ենք երկարատեւ պատերազմի՞, ինչպես հայտարարել է նաեւ Արցախի նախագահը։

- Ես չեմ տիրապետում այն ռեսուրսներին, որոնք անհրաժեշտ են երկարատեւ պատերազմ մղելու համար, հետեւաբար, չեմ կարող ասել։ Համենայնդեպս, մեր պատրաստակամությունը մշտական է։

- Իսկ քննարկե՞լ եք, թե ԲՀԿ-ի կամավորների ջոկատը երբ է մեկնելու առաջնագիծ։

- Ես ենթադրում եմ, որ դա կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Ես կոնկրետ չգիտեմ, պարզապես ենթադրում եմ։ Իսկ թե ովքեր կլինեն, դա ամեն մեկն ինքն է որոշելու։ Կոնկրետ մեր խմբակցությունում բոլորս ընտանիք ունեցող մարդիկ ենք, յուրաքանչյուրն էլ բարձր է գնահատում իր ընտանիքի արժեքը եւ նրա կողքին լինելու անհրաժեշտությունը, բայց կա հայրենիք, որն այսօր վտանգի մեջ է, եւ այսօր պետք է նժարի վրա դնենք, որոշենք՝ ընտանի՞քը, թե՞ հայրենիքը։ Ծառուկյանի որոշումն իսկապես ողջունելի է, ամենաշատ կորցնելու բան ինքն ունի եւ եթե ինքը գտնում է, որ պետք է այսօր միասին լինենք եւ գնանք առաջնագիծ, ուրեմն մենք անհարմար է, որ երկրորդ կարծիք ունենանք։

- Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն էլ է պատրաստ կռվել։

- Դե, մենք գնալու ենք իր ղեկավարությամբ։