Սա արհամարհանք է միջազգային գործընկերների մանդատի նկատմամբ

Սա արհամարհանք է միջազգային գործընկերների մանդատի նկատմամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախագծի վերաբերյալ «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ, իր կարծիքով, գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ, որն ուղիղ հակասությունների մեջ է մտնում Սահմանադրության գործող կարգավորումների հետ, եւ նպատակը Սահմանադրական դատարանին շրջանցելով՝ իրենց համար ցանկալի սահմանադրական փոփոխություններ իրականացնելն է։

«Ես նշեմ, որ այս հարցերը շատ հանգամանալից կարգավորված են 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունով․ 168-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է ՍԴ-ի լիազորությունը, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտի ընդունումը ՍԴ-ն պետք է որոշի դրա սահմանադրականությունը։

Նախագծի հեղինակի կարծիքով, որը, կարծում եմ, իրավագիտության ապրիորի ճշմարտությունների հետ աղերսներ չունի, ՍԴ-ի այս լիազորության իրականացումը պարտադիր չէ։ Երեւի մոռացել է ընթերցել 169-րդ հոդվածը, որը սահմանում է, թե որ հարցերի դեպքում ովքեր կարող են կամ պարտավոր են դիմել ՍԴ։ 1-ին մասում նշված է, որ ՍԴ կարող են դիմել որոշ հարցերի դեպքում համապատասխան սուբյեկտները։ Օրինակ՝ եթե կա իրավասությունների վերաբերյալ վեճ, ապա այստեղ սուբյեկտներն իրենք են հայեցողությամբ որոշում՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ, հետեւաբար, այս իրավունքի իրականացումը հայեցողություն ունի, սա «կարող է» ձեւով է Սահմանադրության մեջ ձեւակերպված, բայց 169-րդ հոդվածի 2-րդ մասն ԱԺ-ին պարտադրում է դիմել, եւ օգտագործված է ոչ թե «կարող է», այլ՝ ԱԺ-ն «դիմում է» ՍԴ Սահմանադրության փոփոխության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող նախագծի հարցով էլ նորից պարտադիր կերպով նշում է, որ ՍԴ է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը։

Այս դեպքերում Սահմանադրությունն ուղղակի պարտավորեցնում է սուբյեկտներին դիմել ՍԴ՝ որեւէ հայեցողություն չի թույլատրում։ Հակառակ մեկնաբանությունը նշանակում է, որ պարտականությունը վերցվում է, եւ այստեղ հայեցողություններ են ստեղծվում, նույնկերպ ստեղծվելու է վտանգ, որ, օրինակ, միջազգային պայմանագրերի պարագայում էլ կառավարությունը որոշի, եւ մենք կարող ենք հանգել մի իրավիճակի, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը, որոնք ավելի բարձր ուժ ունեն, քան օրենքները, դառնան մեր իրավական համակարգի մաս եւ լուրջ իրավական սպառնալիքներ ներկայացնեն Հայաստանի գոյությանը: Այս տեսանկյունից միանշանակ է, որ իրավական առումով Սահմանադրությունն ունի կարգավորումներ եւ որեւէ հնարավորություն չի տալիս ԱԺ-ին այս իրավունքն իրացնել իր իսկ ցանկություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունն այս նախագծով ցանկանում է շրջանցել Սահմանադրական դատարանին, ապա հանրային որոշ շերտերի մոտ ունեցած իր հեղինակության շնորհիվ հանրաքվեով այն անցկացնել․ «Սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության գնահատումից մեկուսացնում են ՍԴ-ին, եւ ես ունեմ համոզմունք, որ սրա հետ կապված՝ նաեւ խիստ բացասական է լինելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Այս փոփոխությունն այնպիսի կարեւորություն ունի, որ առանց Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկելու, նման նախագծերը չեն կարող պարզապես ընդունվել, դա անթույլատրելի աշխատաոճ է եւ նաեւ արհամարհանք միջազգային գործընկերների մանդատի նկատմամբ։

Սահմանադրական օրենքների կարեւոր փոփոխությունները, իսկ սա ես կարեւոր եմ համարում, որովհետեւ գոյություն ունեցող սուբյեկտին մեկուսացնում են գործընթացից, որի սահմանադրական լիազորությունն ամրագրված է, եւ լիազորությունների փոփոխություններ նախատեսող օրինագծերը կարեւոր են։ Իհարկե, ես չեմ բացառում, որ Վենետիկի հանձնաժողովի ընթացակարգերի եւ համագործակցության մակարդակը խախտելով՝ փորձեն ընդունել, բայց մենք այստեղ գործ կունենանք նաեւ ընթացակարգային խախտումների հետ, եւ այդ առնչությամբ եւս կլինի Վենետիկի հանձնաժողովի բացասական դիրքորոշումը, որ նախագիծն առանց իրենց հետ քննարկելու ընդունվեց։ 

Առանց հանրաքվեի, որոշ հոդվածներ, մասնավորապես դատարաններին վերաբերող, չեն կարող փոփոխվել։ Իմ կարծիքով, իրենց խնդիրն է՝ փոփոխությունների տեքստում ունենալ այնպիսի լուծումներ, որն իրավական համակարգին է դեմ եւ գործող Սահմանադրությանը, եւ ունեն մտահոգություններ, որ այս հակասահմանադրական լուծումների պարագայում ՍԴ-ն կտա բացասական կարծիք, իսկ բացասական կարծիքով նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի։ Այս պարագայում հույս ունեն, որ կշրջանցեն ՍԴ-ն, կունենան հակասահմանադրական նախագիծ եւ, որոշակի շերտերի մոտ ունեցած իրենց հանրային վստահությունն օգտագործելով, կփորձեն հանրաքվեի արդյունքներով ունենալ հակասահմանադրական լուծումներ ու փոփոխություններ։ Սրա վտանգները շատ մեծ են, որովհետեւ կան արժեքներ, որոնք, անկախ քաղաքական ուժից, որեւէ ժամանակահատվածում փոփոխելի չեն։ Տեսնենք, թե ինչ ուղղություններով կզարգանա»։