Թավշյա հեղափոխության զրո արժեքները

Թավշյա հեղափոխության զրո արժեքները

Օգոստոսի 27-ին Երեւանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը՝ փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովի առաջին-երկրորդ օրերը նվիրված էին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ հիմնարար սկզբունքներին, իսկ երեկ օտար պետություններում մեր դեսպաններն այցելել էին խորհրդարան։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծավալուն ելույթ ունեցավ թավշյա հեղափոխությունից հետո արտաքին դիվանագիտության մասին․ «Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն կուտակել ենք համագործակցության արժեքավոր փորձ, այլեւ ունեցել ենք ակնառու նվաճումներ խորհրդարանական դիվանագիտության թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ հարթակներում՝ արտահայտված նաեւ ղարաբաղյան հիմնահարցի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր գերակայություններում»։ Ապա օրենսդիրներին լուսավորեց, որ համաժողովի առաջին օրերի ընթացքում հստակ ամրագրել են Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն եւ փոխգործակցություն, «որոնց կիրառմամբ պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի եւ հայ ժողովրդի արժեքները եւ շահերը»,- ասաց նախարարը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արտաքին քաղաքականության հարցերում նոր Հայաստանի առաջնահերթությունների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց ու «ոջիլի» հայտնի պատմությամբ՝ հերթական առիթով, դիֆերամբ հյուսեց թավշյա հեղափոխության մասին. «Հասկանալու համար, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը, պետք է նախ հասկանալ, թե ինչպիսին է Հայաստանը, ինչի մասին է այն, եւ ինչ է մեր երկրում տեղի ունեցել անցած տարի: 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը երկար տարիներ կուտակված հիասթափություններից ծնված շարժում էր՝ հանուն ժողովրդավարության, հանուն արդարության ու հանուն իրավունքների»:

Ըստ Ռուբինյանի՝ դա հենց մեր ինքնիշխանության ցուցիչն է ու դրա գրավականը, կապիտալը։ Ռուբինյանը հայտարարեց. «Այո, մենք ուրախությամբ համագործակցում ենք միջազգային մեր գործընկերների հետ մեր բարեփոխումների օրակարգի շուրջ, սակայն այլեւս կարիք չունենք դա անել հանուն արտաքին լեգիտիմության կամ հանուն փողի: Մենք դա անում ենք, որովհետեւ ուզում ենք, որովհետեւ ժողովրդավարությունն ու արդարությունը հայկական արժեքներ են, որովհետեւ ցանկացած կոնվենցիա, որ մենք կվավերացնենք կամ չենք վավերացնի, ցանկացած հայեցակարգ, որ կընդունենք կամ չենք ընդունի, ցանկացած ծրագիր, որ կիրականացնենք կամ չենք իրականացնի որոշում եւ որոշելու ենք բացառապես մենք, բացառապես ինքներս մեզ համար՝ սեփական արժեքների գիտակցմամբ»: ծ

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը, ըստ ամենայնի, օդում սավառնող իշխանականների ոտքերը գետնին հասցրեց։ Մարուքյանը ելույթի սկզբում հայտարարեց․ «Ես խնդիր ունեմ հռչակված առաջնահերթությունների հետ։ Եթե ինչ-որ մեկը ԵԽԽՎ-ում ինձ հարց տա՝ ի՞նչ էր եղել ձեր ինքնիշխանությանը, որ դուք հիմա հռչակել եք այն առաջնահերթություն, ես, ճիշտն ասած, չեմ կարող պատասխանել։ Լավ կլինի ասեք՝ իմանանք ի՞նչ ենք ասելու»։ Մարուքյանն ասաց, որ այս ոլորտում մեր ձեռքբերումները եղել են մինչեւ հեղափոխությունը․ «Մինչեւ հեղափոխությունը մենք դիվանագիտական շատ լավ ձեռքբերումներ ունեցանք։ Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ երկիրն է, որ ՆԱՏՕ-ի հետ ունի այդքան խորը համագործակցություն։ Մենք Եվրասիական տնտեսական միության միակ անդամ երկիրն ենք, որ ունենք Եվրոպական միության հետ ստորագրված համաձայնագիր»։ «Անցել է 1.5 տարի, ի՞նչ ենք մենք ավելացրել այդ ամենի վրա,- հարցրեց նա՝ շարունակելով։- Հեղափոխությունից 1,5 տարի է անցել, ի՞նչ պրոդուկտ ենք ստեղծել, որ դեսպանները կարողանան դրսում վաճառել՝ խոսքի ազատություն, ժողովրդավարություն, այն արժեքները, որոնք հռչակվել են հեղափոխությամբ, որոնք գումարվել են եղածին, 1.5 տարի է անցել, ես ուզում եմ հասկանալ, թե այս մեծ ձեռքբերումը մենք ինչպե՞ս ենք վաճառել դրսում»։

Նրա խոսքով, արտասահմանում երբ ասում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, գործընկերները հարցնում են, թե ժողովրդավարական ինչ բարեփոխումներ են իրականացվել։ «Մենք պրոդուկտները պետք է այստեղ գեներացնենք, ստանանք, որպեսզի մեր դեսպանները կարողանան արտերկրում «վաճառել»։ Այս պահին դրա հետ կապված, մեծ հաշվով, բան չկա, կարող ենք պատմել՝ ինչպես եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո դատական եւ այլ ռեֆորմներն ինչ եղան՝ ասելիք չկա։ Սա խորհրդարանականներիս տնային աշխատանքն է, որպեսզի մեր դեսպանները այդ ժողովրդավարության տակ կարողանան պատմել, թե ինչ է արվել, արվում»,- ընդգծեց Մարուքյանը։ Խոսելով խորհրդանշական դիվանագիտության մասին՝ ասաց, որ ունենք ռեակտիվ պրոցեսներ, սակայն անհրաժեշտ է վարել պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտություն։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ մեղմորեն ակնարկեց Ռուսաստանի հետ փչացած հարաբերությունների մասին՝ կարեւորելով ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները. «ՌԴ-ին կուզենայի ընդգծել, ում հետ մենք ունենք եղբայրական, ստրատեգիական հարաբերություններ, ու այդ հարաբերություններն ունեն խորացման եւ զարգացման տեղ, դրա հետ մեկտեղ՝ ԵԱՏՄ-ի հետ, որի անդամ ենք մենք: ԵԱՏՄ անդամների հետ քաղաքական, տնտեսական զարգացումները, որ տեղի են ունենում, պահանջում են, որ առավել խորացնեք մեր հարաբերությունները: Իհարկե, Եվրոպա, ԱՄՆ… ոչ մի դեպքում ոչ մի պետության հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն հակասությունների վրա, ՀՀ-ն ի զորու է դառնալ այն հարթակը, որտեղ կկարողանան տարատեսակ ռեգիոնալ ու գլոբալ տարաձայնությունների քննարկումներ անել: Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ այդպիսի հարթակ դառնալու համար»:

Մեկշաբաթյա համաժողովի ընթացքում հանդիպում է նախատեսվում գործարար շրջանակների հետ՝ էկոնոմիկայի նախարարի հետ միասին։ Այսօր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նախարար Սուրեն Պապիկյանի հետ  մեկնելու են Գյումրի․ հանդիպում է նախատեսվում մարզային ղեկավարների եւ մարզերում գործող գործարարների հետ, իսկ Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, կլինեն Արցախում։