Անհեթեթությունների շարքից...
2018 թվականի իբրև թե թավշյա իշխանափոխությունից հետո մեր երկրում իբրև թե հաստատվեց ժողովրդավարություն: Եվ ոչ թե այդ երևույթի հասարակ կամ շարքային, այլ «բաստիոնային» տարբերակը: Իշխանափոխության էյֆորիայի պայմաններում դրա կեղծ լինելը դեռևս հասու չէր նույնիսկ իրենք իրենց գրագետ համարող անձնավորությունների համար: Սակայն մեր ժողովրդի երբեմնի «փրկչի» գլխավոր հրամանատարությամբ 2020 թվականի պատերազմում խայտառակ պարտությունից հետո բացվեցին բազմաթիվ մարդկանց աչքերը: Ինչին նպաստեց նաև հանուն սեփական աթոռի պահպանման՝ երբեմնի «դուխով» Նիկոլի վրեժի կոչն իր անգիտակից հետևորդներին: Թաքստոցից դուրս գալով ու բախտի բերմամբ պահպանելով վարչապետի պաշտոնը՝ վերջինս կրկին իր ձեռքը հավաքեց ողջ իշխանությունը: Ինչն արևմտյան երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացվեց համարյա թե որպես ժողովրդավարության «բևեռային աստղի» փայլատակում: Քանի որ ինքը դեռևս չէր ավարտել սատանայական իր «առաքելությունը» Հայաստանում: Եվ անհրաժեշտ էր աջակցել նրա անձնական իշխանութանը:
Չգիտեմ՝ մեր թե օտար ժողովրդական հեքիաթներում և կամ մեր թե օտար արձակագիրների գործերում առկա է, արդյո՞ք, այնպիսի մի սյուժե, երբ երկրի իշխանությունն ու դրսի «գաստրոլյորները» փորձեն տվյալ երկրի ժողովրդին համոզել, որ ինքն ապրում է ոչ թե համարյա բանտախցում՝ իրավունքների առումով, այլ ժողովրդավարության պայմաններում: Եվ այն, ինչ տեսնում է ինքն իր աչքերով, իրականություն չէ. իրականությունը դրա հակապատկերն է: Ասենք թե, պետական բոլոր ինստիտուտների վրա մեկ անձի իշխանությունն իրականում ոչ թե բռնապետություն է, այլ ժողովրդավարության դրսևորում: Ու ըստ այդմ՝ ինքը չունի անվտանգության առումով ներքին սպառնալիքներ: Այնպես չէ, որ դրանք ընդհանրապես առկա չեն, դրանք կան, բայց միայն արտաքին բնույթի են: Ու դրանք սպառնալիք են ոչ թե ժողովրդի, այլ ժողովրդավարության նկատմամբ:
Այս անհեթեթությունը բազմիցս ենք լսել վարչապետի պաշտոնից կառչած անձնավորության կողմից: Նա այնպես էլ չհասկացավ, որ Հայաստանը գտնվում է ոչ թե Եվրոպայում, այլ մեր տարածաշրջանում, որտեղ հարցերը լուծվում են ոչ թե ժողովրդավարական սկզբունքների, այլ զենքի ուժի հիման վրա: Ու մենք խնդիր ունենք ոչ թե ժողովրդավարության, այլ մեր կյանքի անվտանգության առումով: Եվ այս տարածաշրջանում ժողովրդավարությունը՝ լինի այն ճշմարիտ թե կեղծ՝ ինչպիսին Հայաստանում է, չի կարող անվտանգության վահանի դեր կատարել: Հատկապես որ ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու Ադրբեջանը շարունակում է մնալ Արևմուտքի հուսալի գործընկերը:
Չեմ կարող նաև չանդրադառնալ մեկ այլ հարցի, որ անընդհատ շահարկվում է նրա կողմից: Դա ժողովրդավարության, իբրև թե, որպես առանցքային գործոնի դերն է տնտեսության զարգացման հարցում: Եթե մի կողմ դնենք ամերիկյան օգնությամբ ոտքի կանգնած եվրոպական և երկու ասիական երկրներին, մնացածների դեպքում ժողովրդավարությունը որևէ դեր չի խաղացել այդ հարցում: Միակ բացառությունն Իսրայելն է, բայց հրեաները բազմաթիվ հարցերում են ապացուցել, որ իրենցն, իսկապես, ուրիշ է: Մնացածների առուոմվ ընդհակառակը, նրանք եղել են ավտորիտար կառավարման համակարգերով երկրներ, և հենց դրա շնորհիվ էլ հասել են զարգացման: Նավթագազային պաշարներ ունեցող երկրների մասին էլ չասած: Լատինամերիկյան, աֆրիկյան կամ ասիական որ պետությունն էլ վերցնենք՝ կտեսնենք նույն պատկերը: Ուրիշ հարց, որ մեր դեպքում ավտորիտար իշխանության պայմաններում դրա ներկայացուցիչներն առաջին հերթին մտածել են իրենց անձնական հարստացման և ոչ թե պետության զարգացման մասին:
Նման մտքերի էի հանգել՝ ծանոթանալով մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի նյութերին: Բայց մի, առաջին հայացքից, զարմանալի դիտարկում անեմ: Կրկնելով Նիկոլի անհեթեթությունը ժողովրդավարության ու անվտանգության կապի վերաբերյալ՝ Նիկոլի կողմից ՀՀ նախագահ նշանակված Խաչատուրյան Վահագնը ժողովրդավարության գործընթացի սկիզբ համարեց ոչ թե 2018 թվականը, այլ անկախության սկիզբը: Դրանով սխալ հանելով հայաստանյան «ժողովրդավարության հիմնադրին»: Իսկ եթե հիշենք, թե ինքը որ ուժի ներկայացուցիչ էր նախքան նախագահ նշանակվելը, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը: Ինքը, բնականաբար, նկատի ուներ ժամանակին դրսեցիների կողմից ժողովրդավարության «կղզյակ» կոչեցյալ երևույթը: Որը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչեցյալ սահմանափակ պատասխանատվության ընկերության հիմնադրի նախագահության ժամանակաշրջանին: Հենց ընկերության, քանի որ պատմությունից տեղյակ եմ «հիմնադիր հայրերի» երևույթին՝ երբ զրոյից պետություն է հիմնադրվում:
Սակայն տեղյակ չեմ որևէ դեպքի վերաբերյալ, երբ հազարամյա պատմության ժողովրդի կապակցությամբ հայտարարվի, որ նրա պետականությունը հիմնադրվել է մեկ անձի կողմից, եթե այդ ժողովուրդն ունեցել է անկախ պետականության (թագավորության) ժամանակաշրջաններ: Հատկապես եթե այդ անձի նախագահությունը տեղի է ունեցել ընտրությունների շնորհիվ, ինչը պետության կայացվածության հիմքերից մեկն է:
Կարծիքներ