Կանչել եմ՝ ասեմ, որ ես էլ եմ համաձայն, որ Արցախը հանձնես

Կանչել եմ՝ ասեմ, որ ես էլ եմ համաձայն, որ Արցախը հանձնես

Նիկոլ Փաշինյանի սարսափն ակներև է։ Նա չի ուզում միայնակ կրել Արցախը հանձնելու, Հայաստանը հոշոտելու «պատասխանատվությունը»։  Դա է պատճառը, որ վերջին օրերին թենիսի շարի պես օդ են բարձրացվում հանրության մեջ կշիռ չունեցող թեթև քաշայինները, որոնք փորձում են ինքնապաշտպանական բնադով, լղոզելով՝ կրկնել այն, ինչ Փաշինյանն է ասում։

Ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մի պայմանով, որ Ադրբեջանը  ասի՝ այնտեղի հայերին չեմ ցեղասպանելու։ Կարևորն ասելն է, որ Արցախը արագի մեջ հանձնեն ու անցնեն Հայաստանի մասնատմանը։ Սրանք իրար հետևից Նիկոլի արածն են հաստատում և իրենց թվում է՝ եթե խմբակային Արցախը հանձնեն, մեղքը թեթևանալու է։ Խմբակային գործողություն կատարելու համար համապատասխան հոդված կա, որն ավելի խիստ է, քան եթե մի հոգի կատարած լինի։ Դա կոչվում է մի խումբ անձանց կողմից գիտակցված, կանխամտածված, ծրագրված հայրենիքի հանձնում։

Ակամայից նախկին ծիծեռնակներին եմ հիշում։ Երբ նրանցից մեկը գալիս էր, ուրախանում էինք, աշխարհքով մեկ լինում, ասում էինք՝ խեր խաբար է բերել։ Հիմա չգիտես ինչ տեսակի ու զուլումի խաղաղության փետուրներով կաչաղակներ են հայտնվել, իրենց ծիծեռնակի տեղ դրել ու միայն ծրտոտում են։ Ոչ ասածների մեջ իմաստ կա, ոչ էլ մի նոր բան են ասում։ Ինչ Նիկոլն է ասում՝ կրկնում են։ Հասկանում ենք, որ վարձահատույց եք լինում, բայց ինչի՞ դիմաց եք վարձահատույց լինում։ Մեկը իրեն այդ հարցը տվե՞լ է՝ զոհասեղանին ի՞նչ եք գրավ դրել, որ խմբակային ծրտոտում եք։ 

Երեկ նույն գործին էր նաև ՀՀ նախագահ նշանակվածը։ Ամիսներով երեսը չենք տեսնում, ոնց որ Փաշինյանի ասածները հաստատող կնիք լինի։ Ժողովրդի հետ ոչ մի կապ չունի։ Կապը դաշնամուրի հետ է։  Նիկոլը սարքել, բերել է նրան, որ նա ասի՝ աջակցում եմ քեզ, որ խաղաղությամբ Արցախը հանձնեցիր ու նույն ոգով շարունակում ես հանձնել Հայաստանը։ Նախագահ նշանակվածը համարյա երդվում է, որ ինքն էլ է Արցախը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Վերջում է Փաշինյանը չքմեղացած տոնով նրան շնորհակալություն է հայտնում, որ իրեն հրավիրել ու  աջակցում է։ 

Ինչի՞ մեջ է աջակցում,-ուզում ես գոռալ,- Արցախը հանձնելու՞, Հայաստանը հոշոտելու՞․․․

Ինչևէ, պարզից էլ պարզ երևում է, որ Փաշինյանն իր կազմին հրահանգ է տվել՝ բա հո մենակ ե՞ս չեմ Արցախը հանձնում։ Հելեք, խոսեք, հասարակությանը տեղեկացրեք, որ խմբակային ենք «խաղաղությունը բերում»։ Ծիծեռանակի փետուրներ հագեք, ծլվլացեք, թող ժողովուրդը  դուրս գա ու ասի՝ «խեր ըլնեք, խեր ըլնեք»։ Դուք հո՞ դատարկ տեղը չեք ծլվլում։ Թող հասարակությունը տեսնի, որ բոլորս միասին ենք ծլվլում։ Այդպես էլ ասում է․ «Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում»:
Բայց դե երևում էր, որ նախագահը նման «պատասխանատվությունից» մի քիչ վախեցած էր , այլապես Նիկոլ Փաշինյանը նրան չէր սփոփի, ասի՝ մի վախենա, ես տեր եմ, ես պատասխանատու եմ․

«Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքը այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է»: