Ոչ թե հայը, ռուսը, վրացին, այլ հայը, ամերիկացին, ադրբեջանցին

Ոչ թե հայը, ռուսը, վրացին, այլ հայը, ամերիկացին, ադրբեջանցին

Ամերիկյան 3-րդ ամենամեծ CBS հեռուստատեսությունով ցուցադրվող «Սպեցնազ» հեռուստասերիալը (Բենջամին Կավելլի նկարահանած ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականին) մասնակի հրապարակվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևի կողմից։ Ամերիկյան բլոկբաստերում «վատ տղաները» հայերն են, որոնք սերիաներից մեկում շիա աշխարհազորայինների հետ հարձակվում են, իսկ ամերիկացիները ադրբեջանցիների հետ ադրբեջանական էլեկտրակայանը պաշտպանում են հայերից ու շահիդներից, քանի որ «հայկական Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում խախտել են Ադրբեջանի հետ կնքված զինադադարի պայմանագիրը»։

ԱՄՆ Հայ դատի գրասենյակն այս առնչությամբ տարածել է հայտարարություն, որում ասված է․ «Կասկածից վեր է, որ սա ադրբեջանական «փափուկ ուժի» քաղաքականության հերթական դրևորումն է, որի նպատակը հայերին թշնամի որակելն ու Արցախի տարածքը որպես ադրբեջանական քարոզելն է: Սա ԱՄՆ-ի հակառուսական ու հակաիրանական և Հայաստանի ռուսամետ և իրանամետ դիրքորոշումների ֆոնին՝ Հայաստանին որպես ԱՄՆ թշնամի ներկայացնել փորձող Ադրբեջանի հերթական փորձն է»։
 

Hraparak.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայտնեց, որ բացի հայկական ազգային-ավանդական կազմակերպություններն ու լոբբիստական կազմակերպությունները, հայտարարություններով պետք է հանդես գա նաև Հայաստանի արտգործնախարարությունը, (ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա նաղդալյանը չցանկացավ այս առնչությամբ մեկնաբանել), քանի որ, սա առաջին դեպքը չէ և այսպես շարունակել այլևս չի կարելի։

 «Էլի ամերիկյան մեդիադաշտում ինչ-որ կազմակերպություն էր, խաղեր են հանել, որ, իբր, Արցախում, հայերը  խախտում են զինադադարը և ադրբեջանցիների հետ ամերիկյան զինուժը հայերին պարտադրում է խաղաղություն։ Սա ինձ համար բացարձակ զարմանալի չէ, այստեղ գործում է նավթախավիարային դիվանագիտությունը։ Ադրբեջանը շատ մեծ և շատ կոնկրետ գումարներ է ծախսում և իրենք շատ լավ գիտեն, որ հասարակությունների ուղեղների լվացման գործում շատ մեծ դերակատարություն ունեն ֆիլմերը և որոշել են հիմա էլ մարդկանց ուղեղները լվանալ, հայերի ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ բացասական կարծիք ստեղծել նման բլոկբաստերների ու խաղերի միջոցով։ Եվ չնայած որևէ գրագետ մարդ լավ գիտի, որ հայերը որևէ կապ չունեն մահմեդական շահիդների հետ, բայց, լավ գիտեք, ադրբեջանցիներն առաջնորդվում են գեբելսյան սկզբունքով՝ որքան սուտն ավելի այլանդակ է, այնքան հասարակություններն այդ ստին ավելի են հավատում»,-ասաց քաղաքագետը։
Նշենք նաև, որ հեռարձակվող հեռուստասերիալն ունի մոտավորապես 5 մլն դիտորդ։

Հեռուստասերիալը բազում այլ հակահայկական դրվագներ ունի։ Մասնավորապես, նույն սերիայի մեկ այլ հատվածում ասվում է, որ Ադրբեջանը Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ դաշնակիցն է։ 
Նշենք, որ ոչ այդ մակարդակով, բայց հայի ոչ լավ կողմերին անդրադառնում են նաեւ այլ ռեժիսորներ, օրինակ 2015 թվականին վրաց ռեժիսոր Էլդար Շենգելիան, իր «Կովկասյան տրիո» ֆիլմում, որը հայի, ադրբեջանցու ու վրացու ընկերության մասին է, որոնք մանկության ընկերներ են եղել, հետո՝ ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել են նախկին խորհրդային, ապա՝ անկախ հանրապետությունների քաղաքացիներ եւ հանդիպում են տարիներ անց։
Ֆիլմի սցենարիստը ադրբեջանցի հայտնի գրող, «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի համահեղիակ և  Հրանտ Մաթևոսյանի համակուրսեցի Ռուստամ Իբրահիմբեկովն է, որը, մեղմ ասած, մեղմորեն գրում է, որ հայկական ազգանունը Բաքվում կարող է մարդու կյանքը բարդացնել։ Եվ չնայած հայտնի սցենարիստի բոլոր անկեղծություններին ու խոստովանություններին, ֆիլմում առաջ է քաշվում այն գիծը, որ հայը դեմ էր Արցախի անկախացմանը։

Այս ֆիլմի ստեղծումից տարիներ առաջ Իբրահիմբեկովի ընկեր Հրանտ Մաթևոսյանը, գրել էր «Էսպես է։ Ապրելու մասին պիտի մտածենք։ Վրաստանը, եթե Հայաստանի համար միջանցիկ ճամփա չէ, դրա համար դու էլ քոնը պիտի ունենաս, դու էլ քոնը պիտի ցույց տաս։ Նույնը, ավելին, Ադրբեջանի հանդեպ։ Թույլերն ուտվում են, մնում ճանապարհին։ Մենք պիտի ապրենք, մենք ճամփին մնացող ժողովուրդ չենք։ Ղարաբաղը նույն իմ Հայաստանն է, իմ Ահնիձորն է։ Ղարաբաղ... նշանակում է հայրենիք, Հայաստան։ ...Ղարաբաղը հայ ղարաբաղցունն է։ Ես վերջին մարդն եմ լինելու, եթե ինքս իմ` իմ ղարաբաղցու, իմ Ղարաբաղի շահերի համար չկանգնեմ` տրորելով և էն սքանչելի եղբայրակցության զգացումը, իմ և Ռուստամ Իբրահիմբեկով- գրողի հետ, Աքրամ Այիսլիի հետ, Ռոման Բալայանի, Ռուստամ Իբրահիմբեկովի բարեկամության վրայով, ամբո՜ղջ-ամբողջ էն երեխայի սարսափի վրայով, եթե էս բոլորից էլ կտրվեմ, մեկ է, Ղարաբաղը ես չեմ տալու... Յուրաքանչյուր ադրբեջանցու հոգեբանության մեջ նստած է, որ Ղարաբաղը իր հողը չէ, Ղարաբաղը ղարաբաղցունն է... Աջափնյա Քուռ ես ունեցել, Բորչալու-Ղազախը քոնն է եղել, ամբողջը տվել ես, ամբողջը, դու ասա, ի՞նչ է լինելու... Պատմությունը կթքի էսօրվա յուրաքանչյուրիս վրա` մեծից մինչև փոքր, պաշտոնյայից մինչ հասարակը, բոլորիս ճակատին կթքի, եթե էսօրվա հանրապետության` հայ ժողովրդի էստեղի ամբողջացումը, ամրացումը չկայանա, վաղն արդեն ուշ կլինի, ես գիտեմ, թե ինչեր եմ կորցրել»։