Պարզապես վստահ եմ, որ մեծ յուրացումներ այդտեղ չկան

Պարզապես վստահ եմ, որ մեծ յուրացումներ այդտեղ չկան

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից ստեղծված 2 կազմակերպությունների՝ «Սևանի իշխան» ՓԲԸ և «Սևան ակվա» ՓԲԸ, գործունեության վերաբերյալ։ Մանասնավորապես՝ դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործը հարուցվել է պատական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքների հիման վրա։ Ըստ դատախազության՝ ՊՎԾ ստուգման արդյունքները պարունակում են տվյալներ«Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։ 

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2015թ.-ին ստեղծել է «Սևան Ակվա» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթներն են իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, և ապրանքային ձկան աճեցումը: Մանրաձկան տնտեսությունն  ապահովում է իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (ամառային և գեղարքունի) մանրաձկան արտադրության կենսական ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ՝ ցանցավանդակային տնետսություններ: Ցանցավանդակային տնտեսությունում իրականացվում է ապրանքային ձկան աճեցումը մանրաձկից մինչև ապրանքային քաշի:

 Հիմնադրամը ավելի վաղ՝ 2014թ-ին, ստեղծել է նաև  «Սևանի իշխան» ՓԲԸ և այս դեպքում էլ  հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթն է «Սևան Ակվա» ՓԲԸ արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդամներն են՝ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլք, գործադիր տնօրենը Վարդան Մամիկոնյանն է։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ( առանձանապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասի(Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը , որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը `ի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ): 

ՊՎԾ ստուգումներով մասնավորապես պարզվել է, որ  «Սևանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբերին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը և ցանցավանդակային տնտեսությունները դեռևս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով:
 
Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, և վերջինիս վճարվել է հավելյալ ևս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն։
2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ և 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները։
 
2016թ. դեկտեմբերին «Սևան ակվա» ՓԲԸ-ի և ուկրաինական ընկերության միջև կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար  արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր և վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը։
 
Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու և ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։
 
Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ  կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ։

Պարզվել է նաև, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սևան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) և 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի և ցանցավանդակի դետալների) կորուստ։

Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ և մեկ այլ ընկերության միջև կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, և 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որևէ նպատակով չի օգտագործվել։
Մենք կապվեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հատ առ հատ ներկայացրեց ենթադրյալ չարաշահումների պատմությունները՝ վստահեցնելով, որ քննության արդյունքում խոշոր չափի որևէ յուրաչում չի կարող հայտնաբերվել, նաև հույս հայտնեց, որ փոքր չափի յուրացումներ նույնպես չեն լինի․

«Այս բոլոր դիտողություններին ես տեղեկացել եմ ՊՎԾ ստուգումների հետո։ Տեսեք՝ գործարանը ենթադրել է, ենթադրենք, մայիս ամսին կսկսի աշխատել, արդեն կանցի իր փորձարկման փուլը, և քանի որ Գեղաքունու կիթը լինում է ձմռանը, եթե ձմռանը չանեին, փաստորեն ամբողջ տարին պիտի կորցնեին, ուստի ձկան որոշակի քանակ նախատեսել են այլ տնտեսություններում արտադրել, և եթե մայիսին գործարանը մտներ փորձարկման փուլ, այդ ձուկը բերեին և աճեցնեին, մինչև ձմեռ պարապ չմնային։ Նպատակը դա է եղել։ Տարբեր տեղեր արտադրել են այդ մարդկանց հետ պայմանավորվածություն են ունեցել, որ հետո գնան վրցնեն։ բայց պայմանագրում, կարծես թե, նշվում է այնպես, որ եթե ուզեին կպատվիրեին, չէին ուզի, չէին պատվիրի։ Հիմա մասնավոր տնտեսությունները արտադրել են ձուկը, եկել է ժամանակը, բայց մեր գործարանը պատրաստ չի եղել, ստիպված տեղափոխել են մեկ այլ տեղ, ոչ այնքան բարվոք պայմաններ, և, ըստ երևույթին, նաև մասնագիտական թերացումների պատճառով այդ ձուկը սատկացրել են»։

Կատամարնի պատմությունը

«Սկզբում պատվիրել էին ավելի փոքր մի կատամարան՝ ավելի թեթև, թույլ հնարավորություններով։ Մինչ նավը կպավիրեին տեղի ունեցավ դեպքը, երբ լիճը սառեց և տնտեսությունը վնասվեց։ Դրանից հետո որոշում է կայացվել, որ կատամարանը հզորացնեն, որ մինչև 20 սմ-անոց սառույց կարողանա կոտրել։ Այդ պատճառով գործը ավելի հետ ընկավ։ Հաջորդ խնդիրը առաջացավ տեղափոխության ժամանակ․ փաստաթղթային հարցեր եղան, տարբեր կազմակերպություններից ձեռք բերված ինչ-որ դետալներ էին տեղադրված եղել նավի վրա, արտադորղը այնպես չէր ձևակերպել, ինչպես օրենսդրությունն էր պահանջում։ Որոշակի հետաձգումներ, բանակցություններ, վեճեր։ Հետո հաջորդ խնդիրը առաջացավ, երբ Ռուսաստանն ու Ուխրաինան խնդիրներ ունեցան՝ Ղրիմում ինչ-որ նավեր մտնելու  հետ կապված, և հայտարարվեց ռազմական դրություն։ Էս մեր նավը այդ պահի դրությամբ այսպես ասած ճանապարհին էր, պիտի մոտեցնեին նավին, հայտնվել էր կարանտինային գորտում։ Մեզանից կիսաօրինական և կիսաանօրինական տարբերակներով ինչ-որ գումարներ են վերցրել, որ այդ նավը գտնվի այդ գոտում, ինչը լրացուցիչ վեճեր առաջացրեց մեր և արտադրողի միջև։ Հետո մոտեցավ ձմեռը, ձմռանն էլ հնարավոր չեղավ դա Լարսով բերել․ այն պետք է 3 մասի բաժանվի, մեքենաներով բերվի, հետո այստեղ նորից հավաքվի։ Մի խոսքով՝ տեղափոխումը անհնար է եղել ձմռանը, որովհետև լարսը փակ էր։ Հետո մեզ մոտ որոշում կայացվեց, որ ձկնարդյունաբերության ծավալները չպետք է լինեն այնպիսին, ինչպես որ նախատեսվել էր ծրագրով, այսինքն՝ նախատեսվում էր հազարավոր տոննաների փոխարեն արտադրել հարյուրավոր տոննաներ։

Այդ պարագայում կատամարանի դերակատարումը կտրուկ նվազում էր։ Դրա համար դիտարկվում է դրա՝ 3-րդ անձին վաճառելու տարբերակը։ Մեզ խոստացվել է նոյեմբերի կամ դեկտեմբերի վերջերը մի ինչ-որ կոնկրետ տեղեկություն լինի, վաճառվի։ Եթե չվաճառվի, դե ինքը մեզ այնուամենայնիվ պետք է, մեր գույքն է, և բարձր պաշտոնյաներ ներգրավված են հարցին, որպեսզի պետական գույքը Ոուկրաինայից տեղափոխվի Երևան գարնանը», նշեվ Մամիկոնյանը։

Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման պատմությունը

«Հսկայական շենք է կառուցվել, լուրջ ներդրում է արվել։ Այն ժամանակ, երբ ցանցավանդակային տնտեսությունը վնասվեց, նախատեսվում էր հազարավոր տոննաների արտադրություն, և վերամշակման գործարանը պետք է ծառայեր այդ ձուկը վերամշակելու նպատակով։ Քանի որ այդ հազարավոր տոննաների պլանը դուրս եկավ մեր ծրագրերից, արդեն դրա նշանակությունը կորեց։ Բացի այդ՝ կար նաև ֆինանսական սղության հանգամանքը։ Առաջին փուլում նախատեսվում էր 15 միլիարդի ներդրում, որից 9 միլիրադ ներդրումը պիտի պետությունը աներ, մնացածը գոյանար ծրագրի շրջանակներում։Այդ միջոցները հնարավոր չեղավ գեներացնել, գեներացվեց 1.5 միլիարդի կարգի ինչ-որ մի բան, հետևաբար թերֆինանսավորում է եղել ծրագրում։ Հիմա գումար չկա, որպեսզի ավարտվի, փաստորեն այդ շենքը այդպես անգործ չէր մնա»,- ասաց Մամիկոնյանը։

Մամիկոնյանին հարցրինք՝ փաստորեն կարծում է, որ կառավարման թերություննե՞ր են եղել, այլ ոչ նպատակաուղղված յուրացումներ․

«Ես հակված եմ ենթադրելու, որ որևէ յուրացում չի եղել։ Անձամբ ճանաչում եմ գործընկերներիցս շատերին, նախկին և նոր տնօրենններին և այլն։ Հուսով եմ պարզապես, որ որևէ յուրացում այդտեղ չկա։ Մեծ յուրացումներ՝ պարզապես վստահ եմ, որ չկան, որովհետև այդ բոլոր կետերը, որոնցով խախտումները նշվում են, ենթադրենք այդ 1.2 միլիարդի շենք-շինությունները, դրանք փաստացի կանգնած են։ Այն թվերը, որոնք նշվում են խախտումների մեջ, չեն կարող լինել։ Փոքր յուրացումներ, հուսով եմ, որ չկան։ Մանավանդ, որ այս եզրակացությունը ստանալուց հետո կապվեցի մարդկանց հետ, իրենք պնդեցին, որ յուրացումներ չի կարող լինել, մի բան էլ իրենց տներից են բերել, որ սարքեն, որ բարեխիղճ են աշխատել, և որևէ խնդիր լինել չի կարող։ Փաստեր որպես այդպիսին ես չեմ տեսել, բայց առաջ չընկնեմ քննությունից , կասկածելի ինչ-որ երևույթներ, այո, ՊՎԾ-ն ներկայացնում է, քննությունը թող պարզի»,- պատասխանեց հիմնադրամի տնօրենը։