Զարգացման ռեսուրսը կառավարվում է «կազինոյի էֆեկտով»

Զարգացման ռեսուրսը կառավարվում է «կազինոյի էֆեկտով»

Ցավով պետք է արձանագրենք՝ իշխանափոխությունից հետո երկրի բնականոն զարգացմանը վերաբերող, մեր կողմից բազմիցս բարձրաձայնված հիմնական մտահոգությունները հետևողական կերպով դառնում են իրողություն, տեսանելի են դառնում նաև դրանց ահագնացող հետևանքները:
Խոսքը վերաբերում է հանրային կյանքի հիմնական ոլորտներին՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, սոցիալական ու ժողովրդագրական հարցերից մինչև հանրային համերաշխություն, անվտանգությունից մինչև արդարադատություն, ընտանեկան ու ավանդական արժեքների պահպանումից մինչև ժողովրդավարական զարգացում:

Սխալ ընթացքը, շոշափելի ձախողումներն ակներև են: Հանրության մեծ ոգևորությունը և փաստերի բերումով ձևավորված զարգացման աննախադեպ մեծ ռեսուրսն ուղղակի, օրեցօր փոշիացվում է՝ իրական ծրագրերի ու թիրախավորված արդյունքների, հետևաբար՝ քաղաքական լիարժեք պատասխանատվության բացակայության ֆոնին:

Հետևողականորեն որդեգրվում է իշխանության կրողներին սրբադասելու, շարքային քաղաքացիներին առկա հիմնախնդիրների լուծման հիմնական պատասխանատու կարգելու, իսկ ձախողման դեպքում էլ մեղավոր համարելու արատավոր մոտեցումը:
Ի դեպ, այս ամենն էլ համակարգված ուղեկցվում է անսահման պոպուլիզմով և վիճակագրական հիմնական ցուցանիշների պարբերական մանիպուլիացիաներով: Հետաձգվում են իրական խնդիրների լուծումները, փոխարենը՝ հանրային կյանքում ներմուծվում են արհեստական օրակարգեր՝ իշխող քաղաքական ուժի կոնկրետ խոստումների կատարման ձախողումները պարտակելու համար:

Իսկ փաստն այն է, որ արտագաղթը շարունակվում է գրեթե նույն տեմպերով: 2019 թվականի 2-րդ եռամսյակում՝ 1-ին եռամսակի համեմատ 51500-ով նվազել է 15-75 տարեկան առկա բնակչության թիվը, որից 46400-ը գործազուրկներ են: Իսկ իշխանությունները սա ներկայացնում են՝ որպես գործազրկության մակարդակի կրճատում: Ի դեպ, 2019 թվականի 1-ին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել էր 16 հազարով: Բացասական այս միտումների պարագայում էլ՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, որի հետևանքով շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: Կարևոր է իմանալ նաև՝ 2019 թվականին զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի են տեղավորվել ամսական ընդամենը 140 աշխատանք փնտրողներ:
Հաջորդը, աշխատանքային կենսաթոշակի չափը չի բարձրանալու նաև 2020 թվականի պետական բյուջեով՝ նախատեսված է անփոփոխ թողնել կենսաթոշակի հիմնական չափը (14000 դրամ), ինչպես նաև մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարեն՝ գործող իշխանությունները կոսմետիկ փոփոխություններով արմատավորեցին այն և լիարժեք գործադրում են՝ պետական բյուջեից այս ուղղությամբ ծախսերը կայուն ավելացնելով:
Մյուսը՝ ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը ևս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, 31442 դրամ նպաստի ամսական միջին չափ, որը գրեթե կրկնակի ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից:

Չի կատարվում նաև պետական հատվածի աշխատավարձերի համընդհանուր բարձրացման խոստումը: 2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) նորից մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ: Դրա փոխարեն՝ հաջորդ տարի եռապատկվելու են պարգևատրման ֆոնդերը: Լրացուցիչ ֆոնդերից բարձրաստիճան պաշտոնյանները արդեն իսկ ամսական պարբերականությամբ ստանում են աննախադեպ չափերի պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ կրկնապատիկը:
Երկիրը համընդհանուր ճգնաժամի տանող բացասական այս երևույթների ու դրանց իրական հետևանքների շարքն այսքանով չի սահմանափակվում: Դրանց նույնպես կանրադառնանք հետագայում:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ