Սիրողական գյուղատնտեսություն վարելն ինքնասպանության նման մի բան է

Սիրողական գյուղատնտեսություն վարելն ինքնասպանության նման մի բան է

Գյուղատնտեսական տարվա ավարտի և առկա խնդիրների շուրջ զրուցել ենք գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Տիգրան Սհոյանի հետ։ 

- Պարոն Սհոյան, կարտոֆիլագործներն ամփոփում են տարին։ Ձեր գնահատմամբ բարենպա՞ստ էր այս տարին կարտոֆիլագործների համար։ 

- Տարին նպաստավոր չէր։ Առաջին և հիմնական պատճառը բնակլիմայական պայմաններն էր։ Պետք է նշեմ, որ կարտոֆիլի մշակաբույսի աճի վրա մեծ դեր ունի եղանակը։ Մեզ մոտ այնպես է, որ ցերեկը և գիշերը ջերմաստիճանի կտրուկ տարբերություններ են գրանցվում ամառվա 3 ամիսների ընթացքում։ Եվ երբ բույսը ցերեկը ստանում է անհրաժեշտ ջերմաստիճանը, երեկոյան չի պահպանվում այդ ջերմությունը և ազդում է աճի վրա, որը հետագայում իր հետևանքն է թողնում բերքի որակի և քանակի վրա։

- Վերջին տարիներին նկատվում է ցանքատարածությունների կտրուկ նվազում։ Գյուղում ապրող մարդիկ դադարում են զբաղվել գյուղատնտեսությամբ և հող չեն մշակում։ Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը։ 

- Այո, վերջին տարիներին կարող ենք արձանագրել, որ ցանքատարածությունների թիվը կրճատվել է, և ոչ միայն բանջարաբոստանային կուլտուրաներից կարտոֆիլի ցանքատարածությունների թիվն է կրճատվել, այլ նաև հացահատիկային, կորնգանի ցանքատարածությունների։ Սա գալիս է նրանից, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր չի համարվում։ Երբ հողից չի հաջողվում եկամուտ ստանալ, բնականաբար, հող մշակելու գործը թողնում են։

- Շատերը, ցանքատարածությունների նվազման պատճառ են համարում պարարտանյութերի, թունաքիմիկատների գների բարձրացումը։ Այս փաստը որքանո՞վ է ազդել ցանքատարածությունների նվազման վրա։

- Ոչ, ես այս կարծիքի հետ համաձայն չեմ, հիմնական խնդիրը միավոր տարածքից բերքի քանակական և որակական ցուցանիշների ոչ բավարար մակարդակն է։ Արտադրության միջոցների թանկացումը այս պարագայում այդքան որոշիչ չեն՝ որոշիչը բերքի քանակական և որակական հատկանիշներն են, որ չենք կարողանում ո՛չ բերքատվությունը հասցնել ցանկալի ցուցանիշի, ո՛չ էլ որակը։ Սա է պատճառը, որ վաճառված ապրանքը չի փակում ծախսերը։ Պետք է եկամտից հանել ծախսերը և շահույթ ստանայինք, բայց եկամուտը ավելի քիչ է լինում, քան ծախսերը։ Եվ, բնականաբար մարդը, բախվելով այդ անլուծելի խնդրին, թողնում է հողը։

- Ոլորտը առողջացնելու ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում։

- Պետք է նշեմ, որ մեր իրականության մեջ այն մարդիկ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, իմ բնորոշմամբ, սիրողական գյուղատնտեսությամբ են զբաղվել։ Սիրողական գյուղատնտեսություն վարելն արդեն ինքնասպանության նման մի բան է։ Եթե մենք խոսում ենք այս խնդիրներից դուրս գալու մասին, ես պետք է նշեմ, որ գյուղատնտեսությամբ պետք է զբաղվել լուրջ տեսլական ունենալով, նաև պետք է անցած կյանք ունենալ այս ոլորտում, լինեն նվիրյալ որպեսզի հնարավոր լինի հողից եկամուտ ստանալը։

- Կարո՞ղ ենք համարել, որ գյուղատնտեսության նախարարության լուծարումը ոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցավ։

- Ժամանակին երբ գործում էր գյուղատնտեսության նախարարությունը, կար նաև գյուղատնտեսության խորհրդատվական կառույց՝ ողջ Հայաստանում համալրված 80-ից 100 բարձրակարգ մասնագետներով, ովքեր անվճար խորհրդատվություն էին տրամադրում։ Այսօր, մեր հողերը միավորված չեն, ֆերմերային տնտեսությունները շատ քիչ են ձևավորվել և իրենք ունեն վարձու խորհրդատուներ և իրենք կառավարում են տնտեսությունները, իսկ մանր գյուղատնտեսական տնտեսությունները չեն կարող իրենց թույլ տալ խորհրդատուներ ունենալ: Այն ժամանակ երբ գործում էր գյուղատնտեսության նախարարությունը, կարողանում էր խորհրդատվական ծառայություններ մատուցել, որը հնարավոր էր դարձնում տնտեսությունները ավելի լավ հիմքերի վրա դնել։ Իհարկե, նախարարությունը լուծում էր նաև դոտացիաների հարցը։

- Ինչպե՞ս է որոշվում գյուղմթերքի շուկայական գները, որը մի տեսակ պարադոքս է։ Օրինակ, կարտոֆիլի պարագայում, ինչպե՞ս է որոշվում գինը։ 

- Այս մասով ես միշտ մի օրինակ եմ բերում․ երբ մթերողը մտնում է գյուղ, ինչ որ բան գնելու և մթերելու համար, լինի` միս, կարտոֆիլ, մենք ենք հարցնում` ի՞նչ գնով եք վերցնում մեր ապրանքը։ Փոխանակ ապրանք վաճառողը իր գինը թելադրի, ստացվում է այդպես, որ ապրանք գնողն է որոշում գինը։ Ոնց որ այս պահին ես մտնեմ խանութ և գինը ես առաջարկեմ։ Սա գալիս է նրանից, որ ապրանք արտադրող տեղյակ չէ, թե գինը ոնց պետք է ձևավորվի։ Գին առաջարկողը պետք է հաշվի արտադրական ծախսերը + շահույթ և այսպես ձևավորի գին։ Մեծ մասը այս հաշվարկը չի անում, դրա համար միշտ շուկայում գները փոփոխական են և ոչ կայուն։