Դատական պաշտպանությունը միայն իրավունք չէ, այլև երաշխիք
Արտակարգ դրության խստացված ռեժիմի վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչեւ ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4 հազար 281 անձի նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հնարավորություն ունե՞ն քաղաքացիներն այս արձանագրությունները վիճարկելու դատարանում, եւ ի՞նչ ընթացակարգով․ զրուցեցինք «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ։
«Արձանագրությունների հիման վրա, բնականաբար, պետք է կազմվի վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում։ Դա, բնականաբար, բողոքարկելի է՝ իրավաչափության եւ օրինականության տեսանկյունից, նաեւ գոյություն ունի համաչափության սկզբունքը։ Մենք նաեւ ունենք միջազգային ստանդարտներ, համաձայն որի՝ եթե չափից ավելի մեծ տուգանքներ են նախատեսվում, որոնց նպատակը ոչ թե վնասը հատուցելն է, այլ պատժելը, դրանք ընդհուպ կարող են համարվել քրեական մեղադրանք՝ մարդու իրավունքների տեսանկյունից, եւ այստեղ շատ կարեւոր է քրեական մեղադրանքին բնորոշ բոլոր չափանիշների պահպանումը, այդ թվում՝ պաշտպանությունն իրականացնելու համար բավարար ժամանակը, մրցակցության հետ կապված տարրեր, ապացույցների ներկայացում, միջնորդություններ եւ այլն։ Հասկանալի է, որ եթե այդ համաչափության սկզբունքը խախտվի եւ պատժող ազդեցություն ունենա, ապա դրանք կարող են վիճարկվել ընդհուպ մինչեւ միջազգային ատյաններում։ Համաչափության տեսանկյունից նշանակություն ունի, թե բեռը, որը դրվում է քաղաքացու վրա, ինչքանով է իրացվելի, եւ եթե օբյեկտիվորեն հասանելիություն չունենալու հիմքով անձը զրկված է այդ պարտականությունը կատարելու հնարավորությունից, ապա դա եւս պատշաճ իրավական նախադրյալ է, որպեսզի հետագայում վիճարկվի եւ չեզոքացվի նման որոշումը։ Մի պարզ օրինակ՝ եթե տեսողական խնդիրներ ունեցող անձանց առումով չկան հատուկ լուծումներ կամ տեխնիկային չտիրապետող, որոշակի ինֆորմացիայի հասանելիություն չունեցող անձինք, եւ պետությունը դա չի ապահովում, այլ այդ բեռը թողնում է քաղաքացիների վրա, ապա սրանք կարող են իրավական գործընթացներում վեճի առարկա դառնալ»,- մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը։
Իրատեսակա՞ն է, որ արտակարգ դրության ժամանակ նման վեճերը քննվեն, թե՞ դա պետք է անել արտակարգ դրության ավարտից հետո միայն՝ հարցրինք Սահակյանին։ «Քանի որ դատական պաշտպանությունը միայն իրավունք չէ, այլեւ երաշխիք է, եւ կան միջազգային ստանդարտներ, որ դատական պաշտպանությունից չի կարելի շեղումներ, վերապահումներ կատարել անգամ արտակարգ դրության, անգամ պատերազմական դրության ժամանակ, սա նշանակում է, որ արտակարգ դրության պայմաններում այդ ժամանակ կիրառվող միջոցառումները պետք է դատական պաշտպանության առարկա լինեն։ Եթե պետությունը մեզ զրկում է այդ դատական պաշտպանության իրավունքից, մենք, ի թիվս այլ խախտումների, ունենալու ենք նաեւ արդարադատությունից հրաժարվելու խնդիրը։
Այս պարագայում մենք ունենք ավելի շատ կազմակերպական խնդիր։ Ինքնին արտակարգ դրության ռեժիմը եւ համավարակը խաթարել են նաեւ դատարանների բնականոն գործունեությունը, ստացվում է, որ դատարաններն ուշացնելու են մեզ արդարադատության տրամադրումը, եւ այն պահին, երբ կտրամադրեն, դա արդեն կլինի անառարկայական, ուստի հարց է առաջանում, թե որքանով է արդյունավետ այդ պաշտպանությունը։ Ես ենթադրում եմ, որ որոշ խախտումների պարագայում եթե դատարաններն արագ կերպով չեն կարողանալու արձագանքել, ապա անմիջապես միջազգային ատյաններ ներկայացնելու հնարավորությունը գոյություն ունի, ուղղակի այստեղ, կարծես, փակուղու առաջ ենք, որովհետեւ նույն ՄԻԵԴ-ը մեկ ամսով դադարեցրել է գանգատների ընդունումը։ Այսինքն՝ իրավական պաշտպանվածության առումով գլոբալ տեսանկյունից մենք ունենում ենք անպաշտպան քաղաքացիներ, որից օգտվում են ազգային իշխանությունները։ Այդ բացերը, որոշ մարմինների գործելու հնարավորությունների բացակայությունը գիտակցելով՝ առիթավորվում են եւ ավելի անպատասխանատու են դառնում մարդու իրավունքների խախտումների հանդեպ»,- պատասխանեց Սահակյանը։
Իրավաբանին հարցրինք նաեւ նախօրեին ընդունված օրենքի վերաբերյալ, որով հնարավորություն է ստեղծվում՝ հետեւելու քաղաքացիների հեռախոսազանգերին, պարզելու գտնվելու վայրն ու շփման շրջանակը։ Պե՞տք է քաղաքացին տեղեկացված լինի, որ իրեն հետեւում են, վերահսկում են իր հեռախոսազանգերը։ «Հատուկ երաշխիքներ չկան, քանի որ սա տարածվում է ոչ թե կոնկրետ անձանց նկատմամբ, որոնք ինչ-որ հայտանիշներով պետք է դուրս բերվեին, օրինակ՝ վարակակիրներ կամ ինչ-որ արարքներ կատարելու մեջ կասկածվողներ, այլ ունի համընդհանուր կիրառելիություն, ստացվում է, որ նոր, հավելյալ ծանուցման անհրաժեշտություն չկա, եւ բոլորս արդեն իսկ տեղեկացված ենք, որ մեր հեռախոսային խոսակցությունները, հաղորդագրությունները ենթակա են վերահսկման, եւ դրանք տրամադրվելու են պետական մարմիններին։ Հավելյալ երաշխիքներ մեզ համար նախատեսված չեն, եւ դա նաեւ պայմանավորված է դրա համընդհանուր բնույթով»։
Իսկ հնարավո՞ր է ձեռք բերված ինֆորմացիան արտակարգ դրության պայմաններում եւ հետո օգտագործվի այլ նպատակներով, օրինակ, որեւէ դատավարության ժամանակ՝ որպես օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույց։ «Ոչ, չեն համարվի, եւ հետագա իրավական գործընթացում դրանց օգտագործումը սահմանափակված է լինելու, բայց անկախ այդ հանգամանքից՝ պետությունը դառնում է տեղեկատվության կրող, որին չպետք է տիրապետեր։ Նաեւ շատ հետաքրքրական է, որ կան առանձնահատուկ ոլորտներ, ինչպիսին, օրինակ, փաստաբանի եւ հաճախորդի հարաբերություններն են, որոնք բացարձակ առումով պաշտպանվում են, եւ այստեղ կոնֆիդենցիալությունը գտնվում է շատ ուժեղ պաշտպանության տակ։
Նույնիսկ այնքան խելամիտ չեն գտնվել, այնքան համալիր քննարկումներ չեն ծավալել, որպեսզի նմանատիպ իրավիճակներին պատասխան տան։ Օրինակ՝ եթե պարզվում է, որ հեռախոսային խոսակցությունը վերաբերել է հաճախորդի եւ փաստաբանի հարաբերություններին, ապա ի՞նչ են անելու, դրա կրողը ոչ մի դեպքում չէր կարող պետությունը դառնալ։ Քանի որ դրանք արատավորված ապացույցներ են, դրանց օգտագործումը հետագայում հնարավոր չի լինի, բայց դա չի նշանակում, որ մենք ապահով ենք, որովհետեւ, բոլոր դեպքերում, պետությունը դառնում է այդ ինֆորմացիայի կրողը»։
Կարծիքներ