Գազի գինն առաջարկվում է բարձրացնել ոչ թե 36, այլ 11 տոկոսով՝ բոլորի համար
«Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել մոտ 28 դոլարով։ Թեպետ մամուլում տեղեկություն տարածվեց, թե ընկերությունը մտադիր է 36 տոկոսով գազի գինը բարձրացնել։ Այս մասին ընկերությունը դեռեւս մտադրության տեսքով է հայտարարություն տարածել, բայց հայտը երեկվա դրությամբ դեռ պաշտոնապես չէր ընդունվել հանձնաժողովի կողմից։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բոլոր տեսակի սոցիալական խմբերի համար սահմանել 135 հազար 909 դրամ։
Նշենք, որ այս պահին կա 5 կատեգորիա, այդ թվում՝ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների խումբը, որոնց համար տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ գազի գործող սակագինը 100 հազար դրամ է սահմանված։ Իսկ մյուս՝ ոչ անապահով կամ նպաստառու խմբերի, այդ թվում՝ ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցողների համար սահմանված է 139 հազար դրամ։ Կան նաեւ ջերմոցներ, արտադրական ձեռնարկություններ, որոնց համար դարձյալ այլ սակագին է սահմանված։
Ըստ ՀԾԿՀ նախագահի, եթե իրենք «Գազպրոմ Արմենիայի» այս հայտն ընդունեն այն գնով, որ գնով որ նա առաջարկում է բոլոր սպառողների համար, այսինքն՝ 135 հազար 909 դրամ, ապա կստացվի՝ սովորական սպառողների դեպքում գնի իջեցում է լինելու, իսկ անապահով խմբերի դեպքում՝ բարձրացում։ Բայց նաեւ նշեց, որ այդ բաշխումը ՀԾԿՀ-ն ինքն է կատարում, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է իր գինը, հանձնաժողովն ընտրում է մի միջին գին եւ ըստ սոցիալական եւ բիզնես խմբերի՝ կատարում բաշխում։ Արդյունքում՝ մի խումբը քիչ է վճարում, մյուս խումբը դրա հաշվին միջինից ավելի շատ է վճարում, որպեսզի ապահովվի բալանսը։
«Ընկերությունը բոլոր սպառողական խմբերի համար առաջարկել է 283․14 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, որը Ձեր ասած այդ 139 հազար դրամն է անում, իսկ այս պահին գործող գների միջինը 255 դոլար է, այսինքն՝ 28 դոլարի կամ շուրջ 11 տոկոսի աճ է նախատեսում։ Այսինքն՝ ինքը մեկ միջին գին է առաջարկել, բայց դա չի նշանակում, որ 36 տոկոս աճ է ուզում։ Իսկ խմբերի բաշխումը, արդեն ելնելով նրանից, թե տնտեսական ինչ գերակա ճյուղեր կառաջարկի կառավարությունը կամ սոցիալապես անապահովների խումբ կառաջարկի, թե չէ, դա արդեն մենք ենք որոշելու։ Դրա համար, մեզ մոտ, որ միջինը 255 դոլար է, որը դրամով 480 դրամ կուրսի պարագայում անում է մոտ 122 հազար դրամ, մենք էլի ունենք էդ սոցիալապես անապահով խումբը, որի համար 1 խմ սպառած գազի գինը 100 դրամ է, ունենք բնակիչներ, որոնց համար 139 դրամ է»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։
Այսինքն, ըստ Բաղրամյանի, 36 տոկոս գնաճը սոցիալապես անապահովների համար նախատեսված սակագնի համեմատ է, որոնց համար 100 դրամ է 1 խմ սպառած գազի արժեքը, իսկ, ահա, մյուս խմբերի համար, որոնք 139 դրամ են վճարում, դեռ մի բան էլ գնիջեցում է նախատեսվում։ Ուստի, ըստ Բաղրամյանի, 36 տոկոսի մասով պնդումը թվային որոշակի մանիպուլյացիա է։ «Որովհետեւ ընկերությունն առաջարկում է բոլորին մի գին տալ, բնականաբար, ես այնքան էլ հակված չեմ նրան, որ դրան համաձայնելու ենք։ Համենայնդեպս, մենք սոցիալապես անապահով խումբը պահելու ենք»,- ասաց Բաղրամյանը՝ նկատելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ներկայացված հայտը քննելուց հետո ինչ որոշում կկայացնի ՀԾԿՀ-ն։ Եվ ինչ գին որ հաստատեն, դա կբաշխեն ըստ խմբերի։
- Այսինքն՝ հնարավո՞ր է ընդհանրապես չընդունվի «Գազպրոմ Արմենիայի» հայտը, ու սակագինը չփոփոխվի։
- Հայտն ընդհանրապես չի ընդունվում, եթե ինչ-որ մի փաստաթուղթ կամ բան սխալ է ներկայացված, բայց էներգետիկայի մասին օրենքն ասում է՝ եթե կա հայտ, հայտի ուսումնասիրության արդյունքում պետք է լինի հանձնաժողովի որոշումը։ Այդ որոշումը կարող է ենթադրել կա՛մ վերահաստատել գները, կա՛մ փոխել գները՝ բարձր կամ ցածր։ Այսինքն՝ այդ երեք հնարավորությունն էլ ունենք՝ նվազեցնել սակագինը, վերահաստատել, բարձրացնել։
- Կարող է այս պահին պոպուլիստական քայլ արվի, եւ հանձնաժողովը գնա նվազեցման ճանապարհով, դա կարո՞ղ է ռիսկեր առաջացնել նաեւ ընկերության համար, կամ «Գազպրոմ Արմենիան» կհամաձայնի՞ այդ պայմաններին։
- Մենք ընկերությանը ռիսկի մղելով՝ չենք գնալու նվազեցման ճանապարհով։ Նվազեցումը կարող է լինել տեսականորեն հետեւյալ տարբերակով, օրինակ՝ փոխվարչապետը դիմել է սահմանին գազի գնի բանակցությունը վերսկսելու համար։ Եթե այդ բանակցություններն այս փուլում, օրինակ, ավարտվեցին այնպես, որ սահմանին գազի գինը նվազի, կարող է եւ նվազի վերջնական սպառողների համար։ Պոպուլիզմի հետեւից չենք գնալու, գնալու ենք, հաշվարկներով ապացուցելու ենք, որ, օրինակ, եթե սահմանին գազի գինն այսքան իջավ, ուրեմն գործող գներն այսքանով իջնում են։
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2 օր առաջ դիմել է ռուսական կողմին՝ բանակցությունները վերսկսելու համար։ Սա նո՞ր բանակցություններ են, քանզի մինչ այդ էլի բանակցում էին։
- Դե, այս իրավիճակով պայմանավորված, առաջարկ է արել՝ վերսկսել բանակցությունները էս փուլից, որովհետեւ մենք մինչեւ դեկտեմբերի 31-ն ունենք կնքված պայմանագիր՝ 165 դոլարով։ Հաշվի առնելով միջազգային շուկաներում նավթի, գազի գների փոփոխությունը՝ առաջարկ է արել նորից վերաբանակցել։
Կարծիքներ