Սպոնտան եւ անմիտ
Ոմանք մանրակրկիտ վերլուծում են Նիկոլ Փաշինյանի խոսքի կետն ու ստորակետը, հեռուն գնացող հետեւություններ անում ամեն բառից, դրանք կապում տարբեր երեւույթների եւ փաստերի հետ, բազմաքայլ կոմբինացիաներ կանխատեսում: Ես, անկեղծ ասած, համաձայն չեմ այդ խորաթափանց վերլուծությունների հետ եւ համոզված եմ, որ նրա խոսքն եւ գործն աչքի են ընկնում սպոնտան դրսեւորումներով` ոչ այնքան կշռադատված ու հաշվարկված հետեւանքներով: Վստահ չեմ, որ հարցազրույցներում ասված ամեն մի միտք իր տակ հիմք ունի, հաշվարկ ու իմաստ, ինչպես կարծում են շատերը:
Օրինակ, արեւմտամետներին գուցե մեծ հրճվանք պարգեւեց նախօրեին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա խուսափում է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին հարցին ուղիղ պատասխանելուց: Եվ նրանք դա համարեցին մեր անկախության, ինքնիշխանության, Ռուսաստանից տարանջատվելու իրական ապացույց: Կամ` երբ խոսում է միջուկային պատերազմի հավանականության մասին եւ ասում է. «Վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաեւ գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա», վստահաբար, չի գիտակցում, որ սրանով մի փոքր էլ է խարխլում Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ ուղիղ տեքստով, փաստորեն, ասում է, որ Ռուսաստանը պատրաստ է գնալ նման ավանտյուրայի:
Կամ երբ տարբեր եղանակներով կրկնում է, որ Ադրբեջանն իր «միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում», մի՞թե չի գիտակցում, որ սա, ըստ էության, նշանակում է, որ ընդունում է սեփական պարտությունը, որովհետեւ 3 տարի շարունակ իր ընդդիմախոսներն այս մասին են խոսել, ինքը չի լսել:
Կարծիքներ