Գողտրիկ թամանյանական շենքի փոխարեն՝ այլանդակ շինություն

Գողտրիկ թամանյանական շենքի փոխարեն՝ այլանդակ շինություն

Խորենացի 13 շենքը, որտեղ ժամանակին տեղակայված էր ՀՀ լուսավորության, ապա կրթության եւ գիտության նախարարությունը, այս իշխանությունների վանդալիզմի զոհը դարձավ։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, կարելի է ասել, պատմության մեջ կմնա այդ գեղեցիկ շենքի ոչնչացման փաստով։ Երբ 2019-ի սկզբին սկսեցին քանդել այն ամենը, ինչ մնացել էր այդ գեղեցիկ թամանյանական շենքից, թեթեւակի բողոքի ալիք բարձրացավ։

Եւ այդ օրերին պարզ դարձավ, որ շենքը, որը նախկինում եղել է պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում, ինչ որ պահի՝ հանցավոր թողտվությամբ, հանվել է այդ ցանկից եւ 2004 թվականին մասնավորեցվել՝ Գաֆեսճյան ընտանիքին։ Հետագայում սեփականատերը փոխվել է՝ շենքն անցել է Վարդան Սրմաքեշին պատկանող կազմակերպությանը։

Տարիներ շարունակ շենքը կամաց-կամաց ավերվել է՝ հող նախապատրաստելով ամբողջությամբ քանդման համար։ Իսկ 2019-ին ուղղակի բուլդոզերով հողին հավասարեցրին շենքը՝ 2019 թվականի փետրվարի 8-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված քանդման թույլտվության հիման վրա։ 

Բայց որպեսզի աղմուկը դադարեցնեն, Երևանի քաղաքապետարանը Խորենացի 13 հասցեում տեղակայված շենքի քանդման մասին պարզանբանում էր տարածել՝ նշելով, որ դրա ճակատը վերականգնվելու է եւ շենքի ֆասադը պահպանելու են: 

Այսօր արդեն Խորենացի 13-ում նոր ու այլանդակ մի շինություն է վեր խոյանում, որը ոչ մի կապ չունի Թամանյանական գողտրիկ ճարտարապետության եւ Երեւանի հետ։ Առհասարակ՝ նման շենքերը մարդու բնույթին, քաղաքաշինական բարեկեցիկ ու ակնահաճո միջավայր ստեղծելու բոլոր սկզբունքներին դեմ են։ Եւ դրա համար պետք չէ ճարտարապետ կամ շինարար լինել, ընդամենը պետք է այս երկու շենքերը դնել իրար կողք կողքի եւ նայել։