Ֆրանց Կաֆկա․ Ամերիկա

Ֆրանց Կաֆկա․ Ամերիկա

«Անտարես» հրատարակչությունը շուտով լույս կընծայի Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա» վեպը՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ: Այն առաջին անգամ է լույս տեսնելու հայերեն: Ներկայացնում ենք մի հատված վեպից:

Երբ տասնվեցամյա Կարլ Ռոսմանը, որին նրա խեղճ ծնողներն Ամերիկա էին ուղարկել, որովհետեւ մի աղախին գայթակղել էր պատանուն ու նրանից երեխա ունեցել, դանդաղորեն Նյու Յորքի նավահանգիստ մտնող նավից տեսավ Ազատության աստվածուհու արձանը, որին դեռ հեռվից էր հետեւում, հանկարծ այն նրա աչքին թվաց արեգակի պայծառ լույսերով ողողված: Սուրը բռնած կնոջ ձեռքն ասես հենց նոր էր վեր խոյացել, իսկ մարմինը հովհարում էր անկաշկանդ քամին: 

- Ինչ բա՛րձր է,- ասաց նա ինքն իրեն՝ կողքով ձգվող բեռնակիրների ավելի ու ավելի ստվարացող հոսքից կամաց-կամաց հրվելով ընդհուպ մինչեւ նավակողը, չնայած դեռ ամենեւին էլ դուրս գալու մտադրություն չուներ:

Երիտասարդը, որի հետ Կարլը թեթեւակի ծանոթացել էր նավարկության ժամանակ, անցնելիս ասաց. 

- Դե, իջնելու ցանկություն դեռ չունե՞ք: 

- Պատրաստ եմ,- ասաց Կարլը ժպտալով եւ, քանի որ ուժեղ տղա էր, վստահաբար ուսին դրեց ճամպրուկը: Բայց նայելով իր ծանոթին, որը, տարուբերելով ձեռնափայտը, արդեն խառնվել էր այլ ուղեւորների ամբոխին, մի փոքր շփոթվեց՝ հիշելով, որ անձրեւանոցը մոռացել է նավախցում: Շտապ խնդրեց ծանոթին, որը թերեւս դրանից այնքան էլ չոգեւորվեց, բարեկամական ծառայություն մատուցել՝ մի րոպե մնալ իր ճամպրուկի մոտ, հետո նայեց շուրջբոլորը, որպեսզի վերադարձի ժամանակ կարողանա կողմնորոշվել, ու արագ հեռացավ: Ներքեւում Կարլը ցավով հայտնաբերեց, որ ﬕ ջանցքը, որը կարող էր զգալի կրճատել ճանապարհը, առաջին անգամ փակ էր, ինչը, հավանաբար, կապված էր ուղեւորների ափհանման հետ:  Նա ստիպված եղավ անցնել նավասանդուղքներով, որոնք մեկը մյուսի ետեւից հաջորդում էին միմյանց, պտուտակվող միջանցքներով, անցավ լքված գրասեղանով մի դատարկ նավախցի կողքով, եւ դա տեւեց այնքան, մինչեւ որ նա վերջնականապես ու անդառնալիորեն մոլորվեց, քանի որ ընդամենը մեկ-երկու անգամ էր անցել այդ ճանապարհով՝ այն էլ միշտ մեծ բազմությամբ:

Գլուխը կորցրած, չորսբոլորը ոչ մի մարդ չտեսնելով, այլ միայն իր վերեւում հազարաոտք մարդկային հոսքի աղմուկը լսելով եւ անջատվող շարժիչների շունչն առնելով՝ նա, առանց երկար-բարակ մտածելու, սկսեց թակել առաջին հանդիպած փոքրիկ դուռը, որի կողքին այդ պահին կանգ էր առել իր որոնման ընթացքում:

- Չե՞ք տեսնում, որ բաց է,- գոռացին ներսից, ու Կարլը, թեթեւացած շունչ քաշելով, բացեց դուռը:

- Ինչո՞ւ եք խելագարի պես թակում դուռը,- հարցրեց հաղթանդամ տղամարդը՝ հպանցիկ նայելով Կարլին:

Ինչ-որ տեղ վերեւից նավալուսանցույցի միջով աղքատիկ նավախուցն էր ընկնում պղտոր՝ շոգենավի ծխի միջով անցած լույսը: Մահճակալը, պահարանը, բազկաթոռը, տղամարդը՝ ամենը խմբվել էին կողք կողքի, ինչպես ուղեբեռների պահասենյակում:

- Ես մոլորվել եմ,- ասաց Կարլը:- Նավարկության ընթացքում ուղղակի ուշադրություն չէի դարձրել, թե որքան ահռելի չափեր ունի շոգենավը:

- Այո, ճիշտ եք,- արտաբերեց տղամարդը հպարտության հնչերանգով՝ շարունակելով զբաղվել ոչ մեծ սնդուկի կողպեքով, ժամանակ առ ժամանակ երկու ձեռքով այն փակելով ու լեզվակի չխկոցին ականջ դնելով:

- Դե, ի վերջո ներս մտեք,- բացականչեց տղամարդը:- Հո չե՞ք պատրաստվում անվերջ կանգնած մնալ միջանցքում: 

- Չե՞մ խանգարում,- հարցրեց Կարլը: 

- Ինչի՞ն կարող եք խանգարել:

- Գերմանացի՞ եք:- Կարլը որոշեց համենայնդեպս ապահովագրվել, քանի որ շատ էր լսել այն վտանգների մասին, որոնք Ամերիկայում սպառնում էին ներգաղթածներին հատկապես իռլանդացիների կողմից: 

- Այո, գերմանացի եմ, գերմանացի,- ասաց տղամարդը: 

Կարլը դեռեւս շարունակում էր հապաղել: Այդ պահին տղամարդը հանկարծ բռնեց դռան բռնակը եւ, արագ փակելով դուռը, Կարլին թեթեւակի հրեց դեպի իր նավախուցը:

- Տանել չեմ կարողանում, երբ միջանցքից հետեւում են ինձ,- շարունակեց նա՝ կրկին զբաղվելով սնդուկով,- ամեն մեկն անցնում է կողքով ու նայում է ներս, ամեն մարդ չէ, որ կարող է դա հանդուրժել: 

- Բայց միջանցքում ոչ ոք չկա,- ասաց Կարլը, որն անհարմար կեցվածքով հենվել էր մահճակալին:

- Դե հիմա է դատարկ,- ասաց տղամարդը:

«Դե իհարկե՝ «հիմա»-ի մասին է խոսքը,- մտածեց Կարլը:- Այս մարդու հետ ընդհանուր լեզու գտնելը դյուրին չէ»: 

- Ավելի լավ է պառկեք մահճակալին, այնտեղ ավելի շատ տեղ կա,- ասաց տղամարդը:

Կարլը մի կերպ մագլցեց այնտեղ՝ բարձրաձայն ծիծաղելով իր առաջին անհաջող փորձի վրա: Բայց հայտնվելով մահճակալի վրա՝ բացականչեց. 

- Աստված իմ, բոլորովին մոռացել եմ ճամպրուկիս մասին: 

- Իսկ որտե՞ղ է այն:

- Վերեւում՝ տախտակամածին, ծանոթս է հսկում: Չեմ կարողանում հիշել անունը:- Եվ փոքրիկ գաղտնի գրպանիկից, որը նրա մայրը կարել էր ուղեւորության համար՝ կոստյումի աստառին կից, դուրս հանեց այցետոմսը.- Բութերբաում: Ֆրանց Բութերբաում: 

- Ճամպրուկը Ձեզ շա՞տ է պետք: 

- Բնականաբար:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք տվել օտար մարդու:

- Անձրեւանոցս ներքեւում եմ մոռացել ու վազեցի դրա ետեւից, բայց չէի ցանկանում ճամպրուկս քարշ տալ հետս: Իսկ հետո վերջիվերջո մոլորվեցի:

- Մենա՞կ եք: Առանց ուղեկցողների՞:

- Այո, մենակ եմ: 

«Հավանաբար լավ կլիներ մերձենալ այս մարդուն,- հանկարծ անցավ Կարլի մտքով:- Հիմա չեմ էլ կարող ավելի լավ ընկեր գտնել»: 

- Դե հիմա էլ նաեւ ճամպրուկը կորցրիք: Էլ չխոսենք անձրեւանոցի մասին: 

Եվ տղամարդը նստեց աթոռին, կարծես այժմ արդեն Կարլի գործը նրա համար կոնկրետ հետաքրքրություն էր ձեռք բերել: 

- Բայց կարծում եմ, որ ճամպրուկը դեռ չեմ կորցրել:

- Օրհնյալ է նա, ով հավատում է,- ասաց տղամարդն ու քորեց իր մուգ, կարճ, խիտ գանգուրները:- Որ նավահանգիստն էլ մտնես, նավի վրա նոր սովորույթներ են ծնվում: Հնարավոր է՝ ձեր Բութերբաումը Համբուրգում պահպաներ ճամպրուկը. մինչդեռ այստեղ, առավել մեծ հավանականությամբ, արդեն երկուսն էլ անհետացել են:

- Բայց պետք է գնամ ստուգեմ,- արտաբերեց Կարլը՝ մտովի գցել-բռնելով, թե ինչպես դուրս պրծնի այստեղից: 

- Ավելի լավ է մնաք այստեղ,- ասաց տղամարդն ու առանց այլեւայլի կոպտորեն նրան ետ հրեց դեպի մահճակալը:

- Բայց ինչո՞ւ,- զայրացած հարցրեց Կարլը:

- Որովհետեւ իմաստ չունի,- ասաց տղամարդը:- Մեկ րոպե անց ես էլ կգամ, միասին կգնանք: Կամ ճամպրուկը գողացված է՝ այդ դեպքում ոչինչ հնարավոր չէ անել, կամ այդ մարդը թողել է այն, եւ մենք կգտնենք, միայն երբ նավը լրիվ դատարկվի: Նույնը նաեւ Ձեր անձրեւանոցին է վերաբերում: 

- Լա՞վ եք կողմնորոշվում նավի վրա,- հարցրեց Կարլը անվստահությամբ, եւ նրա միտքն այդ պահին պայծառացավ այն տարօրինակ գաղափարից, որ ամայացած նավի վրա իր իրերն ավելի շուտ կհայտնաբերվեն:

- Ի վերջո նավի հնոցապանն եմ: 

- Նավի հնոցապա՞նն եք,- ուրախությամբ բացականչեց Կարլը, կարծես դա գերազանցում էր նրա բոլոր սպասումները, եւ, հենվելով արմունկի վրա, սկսեց ավելի ուշադիր ուսումնասիրել իր զրուցակցին:- Հենց այն նավախցի դիմաց, որում մնում էի մի սլովակի հետ, մի դիտանցք կար, իսկ դրա միջով կարելի էր տեսնել մեքենայական բաժանմունքը:

- Այո, ես հենց այնտեղ էլ աշխատում էի,- գլխով արեց հնոցապանը:

- Միշտ հետաքրքրվել եմ տեխնիկայով,- ասաց Կարլը՝ շարունակելով միտքը,- եւ անպատճառ ինժեներ կդառնայի, եթե ստիպված չլինեի Ամերիկա մեկնել:

- Իսկ ի՞նչ պատճառով էիք ստիպված մեկնել: 

- Դա կարեւոր չէ,- ասաց Կարլն ու ձեռքի թափահարումով դեն նետեց այդ ամբողջ պատմությունը եւ ժպիտով նայեց հնոցապանին՝ կարծես վերջինիցս ներողամտություն հայցելով չխոստովանածի համար:

- Նշանակում է՝ պատճառ կա,- նկատեց հնոցապանը, եւ հասկանալի չէր՝ դրանով պահանջում էր պատմե՞լ, թե՞ չէր ուզում այդ մասին լսել:

- Այժմ թերեւս ես էլ կարող եմ դառնալ հնոցապան,- ասաց Կարլը,- հիմա իմ ծնողների համար բացարձակապես մեկ է, թե ինչ կդառնամ:

- Իմ տեղը թափուր է մնալու,- վճռականորեն հայտնեց հնոցապանը՝ ձեռքը մտցնելով կաշվի պես կոշտ, գորշ-պողպատագույն, ճմռթված տաբատի գրպանները եւ մահճակալի վրա մեկնելով ոտքերը: Կարլը ստիպված եղավ էլ ավելի սեղմվել դեպի պատը:

- Լքո՞ւմ եք նավը:

- Ճիշտ այդպես, այսօր նվագում ենք մեր մարշը: 

- Ո՞րն է պատճառը: Ձեզ դուր չի՞ գալիս այստեղ:

- Կան որոշակի հանգամանքներ, իսկ դուր է գալիս, թե ոչ՝ երկրորդական հարց է: Չնայած ճիշտ եք՝ ինձ այստեղ դուր չի գալիս: Հավանաբար, լրջորեն չեք մտածում հնոցապան դառնալու մասին, չնայած նման դեպքում դա առավել դյուրին է: Բայց վճռականորեն խորհուրդ չեմ տալիս Ձեզ: Եթե Եվրոպայում պատրաստվում էիք սովորել, ինչո՞ւ այստեղ չեք ուզում: Ամերիկյան համալսարանները շատ ավելի լավն են եվրոպականներից:

- Հնարավոր է,- ասաց Կարլը,- բայց ուսման համար բավարար փող չունեմ: Ճիշտ է, կարդացել եմ մի մարդու մասին, որը ցերեկն աշխատում էր, իսկ գիշերը` սովորում, մինչեւ որ դարձավ գիտնական եւ, որքանով հիշում եմ, քաղաքագլուխ, բայց դե դրա համար մեծ համառություն է պահանջվում, այդպես չէ՞: Վախենամ, որ ես դա չունեմ: Հետո էլ՝ առանձնապես լավ աշակերտ չեմ եղել, եւ դպրոցից բաժանումն ինձ համար ամենեւին էլ ծանր չի եղել: Իսկ այստեղ, ամենայն հավանականությամբ, կարգուկանոնը դպրոցներում ավելի խիստ է: Անգլերենին էլ գրեթե չեմ տիրապետում: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ օտարերկրացիների հանդեպ այստեղ կանխակալ վերաբերմունք կա:

- Դա՞ էլ արդեն զգացիք: Այդ դեպքում ամեն ինչ կարգին է: Հենց իմ ուզած մարդն եք: Տեսեք, գերմանական նավի վրա ենք, որը սպասարկում է Համբուրգ-Ամերիկա գիծը, այդ դեպքում ինչո՞ւ այստեղ միայն գերմանացիներ չեն: Ինչո՞ւ է ավագ մեքենավարը ռումինացի: Նրա ազգանունը Շուբալ է: Անհավանական է, չէ՞: Եվ այդ ստոր շունը քերթում է մեր՝ գերմանացիներիս կաշին, այն էլ գերմանակա՛ն նավի վրա: Սխալ չհասկանաք,- նրա շունչը կտրվեց, եւ նա թափահարեց ձեռքը,- կարեկցանքի ակնկալիքով չեմ գանգատվում: Գիտեմ, ոչ մի ազդեցություն չունեք, պարզապես աղքատ տղա եք: Բայց այս վիճակն իրոք անտանելի է: 

Եվ նա մի քանի անգամ հարվածեց սեղանին՝ հայացքը սեփական բռունցքից չկտրելով: 

- Ախր արդեն շատ նավերի վրա եմ ծառայել,- եւ թվարկեց երկու տասնյակ անվանում՝ մեկը մյուսի ետեւից, կարծես թե դրանք մեկ բառ էին, կատարելապես շփոթեցնելով Կարլին,- եւ վատ չեմ դրսեւորել ինձ, արժանացել եմ գովասանքների, իմ բոլոր նավապետները գոհ են եղել ինձնից, մի քանի տարի նավարկել եմ նույնիսկ ներկայիս առեւտրական առագաստանավերից մեկով:- Նա ոտքի կանգնեց, կարծես դա նրա կյանքի բարձրագույն կետն էր: - Իսկ այստեղ, այս ավերակում, որտեղ ամեն ինչ հենված է շահի վրա, որտեղ կատակն արգելքի տակ է, այստեղ ոչնչի պիտանի չեմ, այստեղ մշտապես Շուբալի աչքի գրողն եմ, ծուլություն եմ անում, ինձ աշխատավարձ են տալիս պարզապես ողորմածաբար, լիովին արժանի եմ, որ դուրս շպրտեն: Հասկանո՞ւմ եք սա: Ես՝ ոչ:

- Չպետք է համակերպվեք դրա հետ,- հուզված ձայնով ասաց Կարլը: Նա արդեն գրեթե մոռացել էր, որ գտնվում է շոգենավում, անծանոթ աշխարհամասի ափերի մոտ. տնավարի հարմարավետ էր զգում իրեն այստեղ, հնոցապանի մահճակալի վրա:- Արդեն եղե՞լ եք նավապետի մոտ: Փորձե՞լ եք նրա մոտ արդարություն գտնել:

- Էհ, ավելի լավ է գնաք, հեռանաք: Չեմ ցանկանում Ձեզ տեսնել: Չեք էլ լսում, թե ինչ եմ ասում, բայց խորհուրդներ եք տալիս: Որպես ի՛նչ գնամ նավապետի մոտ:

Հնոցապանը հոգնած նստեց՝ դեմքն ափերի մեջ թաքցնելով:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ