«Դատախազությունը քնած է»․ Դավիթ Գրիգորյանի գործով փորձաքննություններ են նշանակվել

«Դատախազությունը քնած է»․ Դավիթ Գրիգորյանի գործով փորձաքննություններ են նշանակվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով որեւէ քննչական գործողություններ չեն կատարվում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը՝ նշելով, որ Գրիգորյանը մեկ անգամ է ցուցմունք տվել, երբ հրավիրվել է հարցաքննության։

Պաշտպանի խոսքով՝  փորձաքննություններ են նշանակվել, իրենք էլ բողոքներ են ներկայացրել․ «Համակարգչատեխնիկական փորձաքննություններ են նշանակվել, դրանց պատասխանները ստացվել են, էլի փորձաքննություններ կան, դրանց պատասխանները չեն ստացել։ Եզրակացությունները նախաքննական գաղտնիք է, որը չեմ կարող ասել։ Մանրամասները չեմ կարող ասել։ Հարցեր կան, բողոքներ ենք ներկայացրել դատախազություն։ Կարող եք գրել, որ դատախազությունը քնած է, մինչեւ հիմա չեն պատասխանել»։

Մելիքյանը նշեց, որ ընթացող նախաքննությունից ահավոր դժգոհ են․ «Դժգոհություններն այս գործի շրջանակում մենք ներկայացնում ենք։ Ընդհանրապես այս գործը չպետք է լիներ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ-ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։

Նա ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխող դատավորն է։ Այդ որոշումից հետո քաղաքացու բողոքը նորից թարմացրեցին եւ դատավորի դեմ քրեական գործ հարուցեցին։