Բաց նամակ վարչապետին ու ՊԵԿ նախագահին
Այսօր լրանում է իմ ծննդյան 82-ամյակը։ 60 տարի աշխատել եմ առեւտրի բնագավառում։ Եղել եմ կարգապահ եւ օրենք սիրող մարդ, սակայն վերջին 10 տարում մեծ տառապանքներ են ինձ բաժին հասել, եւ կորցրել եմ իմ այդքան տարվա ստեղծածը։ 3 նամակ եմ գրել այս տարիներին՝ խնդրելով ինձ աջակցել, ու ոչ մի դրական պատասխան չեմ ստացել։ 2 տարուց ավելի է, որ չեմ աշխատում, ոչ ոք իմ տարիքի պատճառով աշխատանք չի տալիս։
Անհատ ձեռներեց եմ։ Դիմել եմ ՊԵԿ, որ աշխատեմ շրջանառության հարկով, սակայն չի ստացվել աշխատել, եւ հիմա ուզում եմ վարձակալել մի տեղ, որ աշխատեմ ու ապրեմ, քանի որ տունս կորցրել եմ եւ 12 տարի ապրում եմ վարձով, այն էլ՝ յուրաքանչյուր ամսվա վերջում տնից հանում են ինձ։
Մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող, քանի որ հիմա չունեմ հաշվիչ դրամարկղային մեքենա։ Բայց զբաղվելու եմ գյուղմթերքների առեւտրով, ինչն անհնար է աշխատել ԱԱՀ-ով։ Խնդրում եմ ձեզ օգնել, որ ես ունենամ ՀԴՄ։ Ի վիճակի չեմ այդքան թանկ գնով գնել այդ մեքենան։ Արեք այդ նվերն իմ ծննդյան օրվա կապակցությամբ, գուցե դա լինի իմ կյանքի վերջին նվերը, քանի որ տարիքս այդ է ասում։
Հարգանքներով եւ հույսով սպասող անհատ ձեռներեց Ն․ ՄԻԽԱԼԻ։ Անունս լրիվ չեմ գրում, տվյալներս թողնում եմ խմբագրությունում, քանի որ ամաչում եմ ինձ ճանաչողներից։ Խնդրելն իմ մասնագիտությունը չէ, բայց կյանքն է ստիպում։
Կարծիքներ