«Դասապատրաստման պատանդները»․ Սպասելով Արայիկ Հարությունյանի պատասխանին

«Դասապատրաստման պատանդները»․ Սպասելով Արայիկ Հարությունյանի պատասխանին

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթում  արձակագիր Արփի Ոսկանյանի «Դասապատրաստման պատանդները կամ՝ բաց նամակ Արայիկ Հարությունյանին» հոդվածն այնքան մեկնաբանությունների եւ քննարկումների տեղիք տվեց մեր կայքում եւ սոցցանցերում, որ հարկ համարեցինք այդ արձագանքների մի մասն առանձին հրապարակմամբ ներկայացնել ընթերցողին, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարությանն ու նախարար Արայիկ Հարությունյանին։

Մինչ արձագանքները ներկայացնելը, նախ հիշեցնենք հոդվածի հիմնական շեշտադրումները․ «Ինչո՞ւ է դպրոցը շարունակաբար ներգրավում ծնողին ուսուﬓական պրոցեսի ﬔջ եւ ծնողին ու երեխային դարձնում դասապատրաստման պատանդներ։ Եթե ես պիտի նստեմ եւ երեխայիս հետ դաս անեմ, այդ դեպքում ո՞վ պիտի իմ փոխարեն աշխատի նրան կերակրելու, հագցնելու համար, ո՞վ պիտի հոգ տանի նրա մասին, ճաշ պատրաստի նրա համար, լվանա նրա շորերը եւ այլն։ Երեխային շատ առարկաներով ու հանձնարարություններով ծանրաբեռնելն աﬔնեւին առաջադիմության երաշխիք չէ։ Եթե չասենք հակառակը։ Ինֆորմացիայի հասանելիության դարաշրջանում աﬔնակարեւոր բանը, որ կարող էր տալ դպրոցը, սովորելու գործիքներն ու ﬔխանիզﬓերը պիտի լինեին, այլ կերպ ասած՝ դպրոցը պիտի սովորեցներ սովորել ու սիրել սովորելը, որովհետեւ դա այն է, ինչ մարդն անելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր դպրոցը ոչ ﬕայն շատ հեռու է դրանից, այն հիﬓավորապես սպանում է սովորելու ցանկությունը։ Ես դպրոց եմ տարել գրքերի հետ քնող եւ ինձ անդադար գիրք գնել ու գիրք կարդալ ստիպող երեխայի, որը երկու տարում ատեց գիրքը»,- գրել էր Արփի Ոսկանյանը։  

Առանձնացրել ենք մի շարք օգտատերերի դիտարկումներն ու առաջարկները՝ դպրոցում դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման, երեխաների ժամանակի ճիշտ կառավարման, դասագրքերի եւ հանձնարարությունների մատչելիության վերաբերյալ։    

Աննա Մովսիսյան․ «Խորապես համոզված եմ, որ եթե ծնողը չաշխատի երեխայի հետ տանը, ոչ մի երեխա չի կարողանա սովորել ներկա ծրագրով․ խոսքս հատկապես տարրական դպրոցի մասին է: Պատահական չնշեցի «աշխատի» բառը, որովհետեւ դա իրական աշխատանք է: Ինքս, աշխատելով 2 տեղ, այդքան չեմ հոգնում, որքան երեխայիս հետ դասապատրաստում անելիս»:

Գոհար Մինասյան․ «Վիճակն ահավոր է, ամբողջ ընտանիքով հերթով նստում ենք երեխայի հետ՝ դասերը պատրաստելու։ Արդյունքում գիշերը ժամը 11-ին երեխան լաց է լինում, որ 10 րոպե չի խաղացել, եւ դեռ դասերն էլ լիարժեք չենք սովորել, քանի որ ունենք պատմողական 3 առարկա եւ մեկ անգիր, իսկ տնայինները… եւ դեռ 3 դաս ինֆորմատիկա պետք է կոնսպեկտենք։ Խոսքը գնում է ունակ երեխայի մասին։ Իսկ ի՞նչ անի այն ծնողը, ով չունի բավարար գիտելիքներ կամ ժամանակ, եւ, որ ամենակարեւորն է՝ երեխան հիասթափվում է, ատում դպրոցն ու սովորելը։ Իրավիճակը տնօրեն-ծնողներ ժողովին ներկայացնելուց հետո պարզվում է՝ բոլորի մոտ նույն խնդիրն է, ծրագիրը ծանր է, երեխաները դարձել են անպատասխանատու, գուցե փոխե՞լ է պետք ծրագիրը։ Նույն ինֆորմացիան տարբեր առարկաներում խրթին գրելու փոխարեն մեկտեղել եւ համառոտ ու պարզ ներկայացնել։ Ավելորդ առարկաներով չծանրաբեռնել երեխայի ուղեղը, որպեսզի հիմնական առարկաները, ինչպիսիք են մայրենի լեզուն, մաթեմատիկան, երեխան հասցնի յուրացնել։ Ամենակարեւորը՝ երեխան սիրով գնա դպրոց»։

Լուսինե Ավագյան․ «Հատկապես մայրենիի առարկայից գրավոր աշխատանքներն այնքան շատ են, որ մարդ կարծես բթանում է, ոչ թե պրոգրես է ունենում: Ինքս էլ սիրով եմ սովորել, հիմա էլ անչափ սիրում եմ կարդալ, տղաս էլ գերազանցիկ է, մի խոսքով՝ ասածս այն չէ, որ դեմ եմ շատ աշխատելուն, միայն թե դա լինի արդյունավետ»:

Սամվել Մկրտչյան․ «Այդ տնայինները ճշտելու համար ամեն օր ինչքա՜ն ավելորդ ժամանակ է վատնվում ծնող-ծնող հեռախոսազանգերի վրա, հատկապես երբ դրանով են զբաղվում կանայք․ կարո՞ղ է նախարարը հաշվել ժամանակի այս կորուստը»։  

Զառա Մկրտչյան․ «Չեմ հիշում, որ մեր ժամանակ ծնողներն ամբողջ օրը երեխայի հետ դաս անեին, մենք արդեն նյութը յուրացրած գալիս էինք տուն եւ մոտ 1-2 ժամվա մեջ ավարտում տնայինները: Իսկ հիմա այլ տարբերակ չկա, քանի որ նյութը դպրոցում թերի է բացատրվում կամ էլ ընդհանրապես չի բացատրվում։ Տնայինների քանակից էլ չեմ խոսում, հենց ուսուցիչներն են ասում, որ եթե դժգոհ եք որակից, ապա ինքներդ պարապեք: Այնպիսի տպավորություն է, որ ներկայիս դպրոցները միայն երեխաների+ ծնողների տնայինները ստուգելու համար են...»։  

Ռուզան Դանիելյան․ «6 ժամ դպրոցում, եւս 6 ժամ տնային հանձնարարությունները կատարելու համար… 12 ժամ նստած երեխան արդյունքում ձեռք է բերում ողնաշարային եւ այլ հիվանդություններ»։

Աննա Սարգսյան․ «Օրինակա՞ն է յոթերորդ դասարանի աշակերտից պահանջել բոլոր պատմողական առարկաները գրավոր ներկայացնել, այն էլ՝ նախապես արտագրելով նաեւ հարցերը։ Իրո՞ք մտածում եք, որ հարցերի արտագրությունն ամենաուսուցանող տնային առաջադրանքն է»։  

Նարինե Փիլոյան․ «Հարգելի նախարար, մտածեք ետ վերադառնալ 10-ամյա կրթության, քանի որ ավելի շատ տուժեցինք, քան շահեցինք այդ 12-ամյա կրթությունից: Իբր՝ տարիներն ավելացրին, որ ծրագիրը թեթեւանա, բայց էլ ավելի սարսափելի է հիմիկվա դպրոցական ծրագիրը: Դրա մասին մտածեք... Մենակ գիրք կիսելով՝ հարցին լուծում չի տրվի: Իմ անցած դպրոցական ծրագիրն ու նաեւ, վստահ եմ՝ Ձերը, էլ ավելի շատ գիտելիք է տվել մեզ, քանի որ այդ գիտելիքով ենք հիմա մեր երեխաների հետ դաս անում, քան հիմա, որ չգիտես թե որտեղից սկսես ու ինչով վերջացնես...»։

Ժենյա Պողոսյան․ «Չափազանց կարեւոր է նաեւ դասագրքերի մատչելիության սկզբունքի ապահովումը։ Այնքան բարդ եւ խրթին են շարադրված, որ երեխան կարդալով ոչ թե ոգեւորվում է, որ հասկացավ, այլ ավելի ընկճվում եւ հիասթափվում է, որ ոչինչ չհասկացավ»:

Նվարդ Այվազյան․ «Որպեսզի նույն բողոքները չկրկնեմ, կասեմ միայն, որ տպավորություն է, թե կոռուպցիան հենց դպրոցներից է սկսվում, քանզի այդ ամենը տարիների ընթացքում կատարելագործվելով՝ հասել է մի կետի, թե ոնց պտտվես, քո եւ երեխայիդ կյանքը փրկելու համար պարապել տաս, որ կարողանաս գոնե աշխատանքից հետո 2 ժամ քո ընտանիքով զբաղվես, այսինքն՝ աշխատես, որ նորից վարձատրես ուսուցչին կամ կրկնուսույցին։ Ահա, նախկին համակարգի թշնամական մոտեցումն իր ժողովրդին, որի մոտ առաջացել է հարմարվողական մոտեցում դեպի կոռուպցիան եւ ազգի դեգրադացիան»։

Անժել Թեւեկելյան․ «Ամեն ինչ ճիշտ է գրված․ այնքան դաս են տալիս երեխաներին, որ ծնողն արդեն թշնամի է դառնում իր երեխայի համար, իհարկե՝ երեխաները կամաց-կամաց սկսում են ատել սովորելը»:

Անուշ Տեր-Մինասյան․ «․․․Իսկ ամառվա առաջադրանքները… Մեզ ժամանակին հանձնարարում էին միայն գրքեր կարդալ ամառային արձակուրդներին, եւ դա շատ լավ էր: Իսկ հիմա մի ամբողջ տետր անիմաստ վարժություններ են գրում, որոնք իսկույն պետք է մոռանան: Կարծում եմ, որ այս հարցերը հեշտությամբ կարելի է լուծել»: