Շեֆը դժգոհ է, որ ռելսի համար փող չեն տալիս, իսկ խոսնակն ասում է՝ ռելսի հետ խնդիր չունենք

Շեֆը դժգոհ է, որ ռելսի համար փող չեն տալիս, իսկ խոսնակն ասում է՝ ռելսի հետ խնդիր չունենք

Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի հայտարարությունը հոկտեմբերի 30-ին՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, հնչում է որպես խոստովանություն։ Տնօրենի պաշտոնակատարը հայտնել է, որ դեռեւս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, որ 6-7 ամիս է՝ խնդիր ունեն։ Գումարները պետք է օգտագործվեն 32 անվազույգերի եւ 4 կմ ռելսի ձեռքբերման համար՝ մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի եւ 200 մլն` ռելսերի համար: «Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թվի բյուջեում»,- ասել է Սեդրակյանը:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին դիմելով ասել է, որ եղել է միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի։ «Շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,- ավելացրել է Ավինյանը։

Փաստորեն, մետրոպոլիտենին անհրաժեշտ ոչ մեծ գումարը` ընդամենը 600 մլն դրամը, կառավարությունը չի հատկացնում՝ վտանգի տակ դնելով ուղեւորների կյանքը։ Բայց ինչ-որ համերգների կազմակերպմանը միլիոնավոր դոլարներ են տրամադրում, այդ թվում` մոտ 2 միլիոն դոլար փոխանցեցին Snoop Dog երգչին` «չերգելու» համար: Հիշում եք, որ նրա համերգը համընկավ արցախյան վերջին պատերազմի հետ, համերգը հետաձգվեց, բայց պայմանագրով նախատեսված գումարը կառավարությունը վճարեց, փաստորեն, առանց երգչին «լսելու»։

Մետրոպոլիտենից «Հրապարակի» հարցմանը պատասխանեցին, որ խոսքը սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ «Գործարանայինից» «Սասունցի Դավիթ» կայարանների արանքում խափանում է եղել։ «Դրանից հետո մեկ օր մետրոն դադարեցրեց իր աշխատանքները, եւ բոլոր գնացքները սկսեցին անցնել ՏՕ 1, ՏՕ 2, ՏՕ 3 տեխնիկական զննումներ։ Սակայն պատճառը ռելսի հետ կապված խնդիրը չի եղել,- ասում է մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը։ - Ներկա պահին ռելսի հետ կապված խնդիր չունենք։ Ամեն օր 11-ից հետո, երբ որ մետրոն փակվում է, տնտեսական գնացքները գործի են անցնում, ռելս են փոխում, փայտակոճ են փոխում, արատացուցիչով ստուգումներ են անում»։ Ըստ խոսնակի՝ ռելսի հետ խնդիրներ, «գլոբալ առումով», չեն ունեցել եւ չունեն։ «Եթե եղել է խնդիր, տեղում վարպետները կա՛մ փոխել են, կա՛մ կարգավորել են, որ առավոտյան 6.00-ին արդեն գնացքները պատրաստվում են դուրս գալ երթեւեկության, ամեն ինչ պատրաստ լինի, ու ուղեւորն անվտանգ երթեւեկի։ Մետրոյում այնքան նվիրյալներ կան, որոնք համաձայն են 24 ժամից ավելի ռեժիմով աշխատել, միայն թե ուղեւորին անվտանգ Ա կետից Բ կետը տեղափոխեն»։

Վատը չմտածենք, սակայն խոսնակի բառերը հակասում են մետրոյի տնօրենի նախօրեի հայտարարությանը։ Եթե ռելսի հետ խնդիրներ չունեն ու չեն ունեցել, ապա ինչո՞ւ է տնօրենն ասել, որ 32 անվազույգերի եւ 4 կմ ռելսի ձեռքբերման համար փող չեն տալիս։

«Նախորդ տարի մենք գնել էինք 4 կմ ռելսեր, որից դեռ որոշակի չափաքանակ կա։ Մետրոպոլիտենում ռելսերի փոխարինումն ամենօրյա ռեժիմով է կատարվում։ Ամենօրյա ստուգումների արդյունքում եթե վնասված ռելսեր են լինում, փոխում են։ Բայց այս տարի մենք նորից դիմել ենք, որպեսզի նորից ձեռք բերենք 4 կմ ռելս, որն արդեն ճանապարհին է եւ արդեն 15-20 օրից կհասնի մեզ։ Արժեքը 200 մլն դրամ է։ Նաեւ գլխավոր տնօրենն առաջարկ է արել, որ ձեռք բերի 32 հատ անվազույգ, որը 400 մլն դրամ է։ Այդ երկուսի գումարն է միասին կազմում 600 մլն դրամ»։
Մետրոպոլիտենից վստահեցնում են նաեւ, որ պահեստում ունեն ռելսեր, եւ տնօրենի պահանջը եկող տարվա համար իրականացվող գնումներին է վերաբերում։

Մի հարց էլ կա, որ հետաքրքրում է ամենօրյա ռեժիմով մետրոյից օգտվողներին։ Այլազգիների ներգաղթը Հայաստան, վերջերս՝ նաեւ արցախցիների, շեշտակի ավելացրել է Երեւանի մետրոպոլիտենի ծանրաբեռնվածութունը։ Մեր մետրոն պիկ ժամերին նմանվել է Մոսկվայի մետրոպոլիտենին, եւ, բնականաբար, ավելացել են նաեւ մետրոյի եկամուտները։ Բայց աշխատանքը չի բարելավվել։ Գնացքները չեն ավելացել, անգամ ժամանում են նույն ինտերվալներով, ե՛ւ կայարաններում, ե՛ւ դրամարկղի մոտ հերթեր են առաջանում։ Ինչո՞ւ չի ավելանում գնացքների ժամանման միջակայքը։
Մետրոյի խոսնակն ասում է, որ պիկ ժամերին գնացքների միջեւ միջակայքը 5-5,5 րոպե է։ «Մասնագետները չափել են, ու, ըստ չափումների տվյալների, գրվել է ժամանակացույցը։ Ցերեկային եւ երեկոյան ժամերին գնացքների միջակայքն աճում է, որովհետեւ օգտվողները համեմատաբար քիչ են, բայց պիկ ժամերին 5-5,5 րոպե է։ Նաեւ ունենք լրացուցիչ գնացքներ։ Գծում աշխատում է նաեւ երեք վագոնանի գնացքը։ Մետրոպոլիտենի անձնակազմի համար անվտանգ ուղեւորափոխադրումը շատ ավելի կարեւոր է, քան գնացքների միջեւ մեկ կամ կես րոպե շուտ կամ ուշ գալը»։ Ինչ խոսք, մարդկային կյանքից ավելի կարեւոր բան չկա, բայց նկատենք՝ գնացքների ուշացումը ոչ թե մեկ կամ մեկուկես րոպե է, այլ առնվազն երեք անգամ ավելի։ Բայց, չգիտես ինչու, սա տեսանելի է միայն ուղեւորի համար։