«Հրապարակ». Նույնիսկ Արցախի Հանրապետության պարգեւ հանդիսացող զենքերն են պահանջում հանձնել

«Հրապարակ». Նույնիսկ Արցախի Հանրապետության պարգեւ հանդիսացող զենքերն են պահանջում հանձնել

ՔՊ-ական պատգամավորները շատ են մտահոգված՝ արցախցիները հետները ռազմամթերք են բերել։ Արցախից բռնի տեղահանվածների մոտ պահվող զենք-զինամթերքը հավաքելու՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝  նախարար Վահե Ղազարյանին ուղղված հորդորից մեկ օր անց ՆԳՆ-ն արցախցիների կողմից ռազմամթերքը կամավոր հանձնելու մասին հայտարարություն տարածեց. «Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք՝ իրենց մոտ ապօրինի պահվող զենքը եւ ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն»։ Որտեղի՞ց ՆԳՆ-ին տեղեկություն, որ արցախցիների մոտ ապօրինի ռազմամթերք կա, մինչեւ այս պահն ի՞նչ ծավալի ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել, ի՞նչ է արվում հայտնաբերված ռազմամթերքը։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի հետ։ 

- Պարոն Ֆիդանյան, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ՆԳՆ-ն կոչ է արել արցախցիներին՝ ինքնակամ հանձնել Արցախից բերված զենք-զինամթերքը․ արդյո՞ք հստակ տեղեկություն կա առ այն, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները ռազմամթերք են բերել, եւ ինչո՞վ է պայմանավորված ընտրովի մոտեցումը` կոչ է արվում արցախցիներին, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո ոստիկանությունը Հայաստանում ապրող քաղաքացիական անձանց մոտ մեծ ծավալի տարբեր տրամաչափի զենք-զինամթերք է հայտնաբերել։ 

- Համոզմունք կա, որ ապօրինի զենք-զինամթերք ավելի շատ կլինի այն արցախցիների մոտ, ովքեր նոր են տեղափոխվել ՀՀ, այդ է պատճառը, որ կոչն ուղղված էր ԼՂ-ից տեղափոխված հայրենակիցներին։ Պատերազմից հետո զենք-զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման թվերը բավականին մեծ են՝ այս տարվա 9 ամիսների տվյալներով։ Ոստիկանության կողմից այդ ուղղությամբ բավականին արդյունավետ աշխատանքներ են տարվում։ 

- Արցախցիների մոտ հայտնաբերված ենթադրաբար ապօրինի զենք-զինամթերքը ո՞ր գերատեսչության հաշվեկշիռ է գնում, ո՞ր կառույցն է տնօրինում։

- Բերվում է ոստիկանություն, անցնում են դատաձգաբանական փորձաքննություն, որից հետո որոշում է կայացվում՝ եթե ՊՆ-ի համար պիտանի են օգտագործման, տեղեկացնում ենք, եթե անպիտան են, ապա ոչնչացվում են։ Մեծ գործընթաց է իրականացվում, ինչպես արդեն նշեցի՝ զենքերն առաջին հերթին դատաձգաբանական փորձաքննության են տարվում, պարզում ենք՝ նախկինում դրանք օգտագործվե՞լ են, թե՞ ոչ։ Դա բավականին կարեւոր գործընթաց է։ 

- ՆԳՆ-ի՝ զենքի գործադրմամբ հանցագործությունների կանխման դեմ ուղղված քայլերը որքանո՞վ են արդյունավետ, երբ, օրինակ, իշխանական պատգամավորները զենքի թույլտվության վերաբերյալ աղմկահարուց նախագիծ ընդունեցին։ «Զենքի մասին» օրենքում արված վերջին փոփոխությունը չի՞ նպաստում հանցագործությունների աճին, երբ, օրինակ, նոր զորացրված 21 տարեկան երիտասարդն օրենքով զենք կրելու իրավունք է ստանում, մեր հասարակությունը պատրա՞ստ է դրան։

- Այս նախագիծը ես դրական եմ գնահատում։ Հիմա առավել կանոնակարգված ձեւով է իրականացվելու զենքի թույլտվությունը։ Եթե նախկինում միայն Որսորդմիության անդամ հանդիսանալը բավարար էր, նոր կարգավորումներով՝ քաղաքացին պետք է ներկայացնի նաեւ լիցենզավորված կազմակերպությունում զենքի հետ վարվելու մասին հավաստագիր։ Դրանից հետո միայն կտրամադրվի զենք։ Քաղաքացիներին զենք տրամադրելու վերաբերյալ օրենքում փոփոխությունները չեն ենթադրում, որ բոլոր քաղաքացիները կարող են մարտական ատրճանակ ունենալ։ Սահմանափակումներ կան, մարտական զենք կարող են ստանալ ուժային կառույցներում որոշակի ժամանակահատված ծառայած անձինք եւ, բնականաբար, նրանք, ովքեր պարգեւատրվել են։ 

- Արցախի Հանրապետության կողմից պարգեւատրված զենքը պարտավո՞ր է քաղաքացին տալ ոստիկանությանը։

- Իրավական առումով հարցեր շատ են լինելու, եթե պարգեւատրված զենքերը գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում՝ դրանք հետո քաղաքացիներին վերադարձնելու դեպքում։ Մեր օրենսդրությունը սահմանում է, թե ով իրավունք ունի պարգեւատրվել ատրճանակով։ Այս համատեքստում է, որ խնդիրներ են առաջանում Արցախի Հանրապետության կողմից պարգեւատրվածների դեպքում։ 

- 44-օրյա պատերազմից հետո մինչեւ հիմա ի՞նչ ծավալի ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել։

- Հստակ թվեր չեմ կարող ասել։

- Բողոքներ կան Արցախից տեղահանված զինվորականներից, ոստիկաններից` առ այն, որ Հայաստանի ոստիկանությունում աշխատանքի չեն ընդունում, ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չեն կարող Արցախի ոստիկաններն աշխատանքի անցնել ՆԳՆ-ում։

- Ոստիկանությունում ծառայության համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը։ Այն հարցը, թե ով է հանդիսանում ՀՀ քաղաքացի, կդժվարանամ պատասխանել, դա իրավական խորը քննարկումների առիթ է տալիս։