ԲԴԽ-ն նոր նախադեպ է ստեղծում

ԲԴԽ-ն նոր նախադեպ է ստեղծում

«Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ դուրս գալով սեփական իրավասության ոլորտից՝ գնահատական գալով իմ՝ լրագրող Նաիրի Հոխիկյանիս սեփական տեսակետներին, այնինչ այս պարագայում գնահատական տվողն իրավասու դատարանն է», - այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանն, ով անդրադառնալով ԲԴԽ-ի տարածած հայտարարությանն, ասաց. «Ես պարզապես ասել եմ, որ այդ դատավորն իշխանության ապօրինի պահանջն է կատարել, չցուցաբերելով նվազագույն տղամարդկություն, դեմ գնալով իշխանության ապօրինություններին: Սա ԲԴԽ-ն ընկալել է որպես վիրավորանք: Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը բացահայտ ցույց են տալիս, այդ գործն իրենց հովանավորության տակ է: Այդքան բան», - նշում է Հոխիկյանը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել, նշելով թե իբրև Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։ Այսպիսով՝ ԲԴԽ-ն իրավապահների ուշադրությունն է հրավիրում Հոխիկյանի հայտարարությանը: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ-ի հայտարարությունն անհասկանալի է և աննախադեպ. «Անհասկանալի է, որովհետև վիրավորել առհասարակ չի կարելի ոչ մեկին, իսկ ո՞վ ասաց, որ դատավորին չի կարելի վիրավորել, իսկ, օրինակ, լրագրողին կարելի է: Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի այս հայտարարության բուն նպատակին, ապա այն պարզապես աննախադեպ է: Այդ հայտարարությամբ ի՞նչ են ուզում ասել, որ ոմանց չեղած իմիջը փչանո՞ւմ է, այդ դեպքում կարող էին ուղղակի, հենց այդպես էլ ասել: Երբ ասում են՝ դատավորին չի կարելի վիրավորել, ստացվում է, որ մյուսներին կարելի է: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ ԲԴԽ-ի լիազորությունների մեջ դատավոր պաշտպանելու ֆունկցիա դրվի: ԲԴԽ-ի խնդիրը դատավորների պահվածքի վերաբերյալ վերաբերմունք հայտնելն է: Այն, ինչ կարդացի, աննախադեպ էր: ԲԴԽ-ն նոր նախադեպ է ստեղծում», - նշեց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը դատարանում հաղթել է լրագրող Նաիրի Հոխիկյանի դեմ ներկայացված հայցով։ Եթե լրագրողը վերաքննիչ բողոք չներկայացնի, ապա մեկամսյա ժամկետում պարտավոր կլինի հերքել իր արտահայտությունները Կարապետյանի մասով, ինչպես նաև ստիպված կլինի վճարել 2 միլիոն դրամ։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը հրապարակել է գործով վերջնական դատական ակտը՝ ամբողջությամբ բավարարելով Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի: Սրան հաջորդել է լրագրող Նաիրի Հոխիկյանի այն գրառումը, թե դատավոր Էդգար Հովհաննիսյանը տղամարդկություն չունի և ծառայում է իշխանություններին: