Ողջունելի է շատ այդ քայլը․․․

Ողջունելի է շատ այդ  քայլը․․․

Ղեկավարների մոտ մի սխալ դրսևորում կա։ Իրենց ճանապարհին կանգնողին, իրենց քննադատողին կամ ինչպես իրենք են պատկերացնում՝ "թշնամուն", հակառակորդին, ախոյանին ոչնչացնում են։ Ոչնչացնում են բարոյապես, ֆիզիկապես, նյութապես, որով ստացվում է։ Դա նույն պատերազմն է, ինչպես  թշնամու դեմ երկիրը կպատերազմեր՝ բոլոր միջոցներով։ Ռոբերտ Քոչարյանի դատը պակա՞ս պատերազմ  ու ընդհարում է։ Խաթարվում է երկրի բնականոն կյանքը, առաջնային պլան է մղվում ատելությունը, անհանդուրժողականությունը։ Բայց կա մի ճշմարտություն․ բոլոր ղեկավարներն էլ ժամանակի ընթացքում կորցնում են իրականության հետ համընթաց  քայլելու  հավասարակշռությունը։ Ոմանք, շուտ, ոմանք տարիների ընթացքում։ Այդ ժամանակ է,  որ դեղի պես անհրաժեշտ է լինում «թշնամին», քաղաքական հակառակորդը։ Նա հայելու պես ցույց է տալիս քո իրական դեմքը, դառնում հենման կետ՝ հավասարակշռությունդ պահելու կամ ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասում․ «Թշնամուն նաև հարգում են, որովհետև թշնամին սահման է դնում քո լկտիության շքերթի առաջ»: Այո, թշնամին, քաղաքական հակառակորդը զսպաշապիկ է և ինքան ամուր լինի այն, այնքան ավելի օգտակար կլինի։ Ինչքան փորձես օգտագործել նրա մեջ եղած օգտակարը, այնքան պետությունն ու ժողովուրդը կշահի։ ՛՛Թշնամի՛՛ բառը չակերտների մեջ, որովհետև Հայաստանում հինը, նախկինը միշտ որպես «թշնամի» է ընկալվում։

Հենց այդ առումով կարևորում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դիտարկումը․ «Ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները․․․ »։

Սա մեր կարծրացած սխալն է, որի մասին խոսեց։  Երբ թամբի վրա է նախագահը՝ մեծարում են, երբ իջնում է թամբից՝ անպատվում են։ Պետք է հասկանալ, որ բոլորն էլ ի վերջո թամբից իջնելու են և առաջինը՝ նստո՛ղը պիտի գնահատի իջնողին, որ հետո ինքը գնահատված լինի։ Այդ թամբը պետական ինստիտուտ է, երկիր, պետություն, որը պետք է բարձր պահի ցանկացած նոր ղեկավար։ Միքայել Մինասյանը մեզ  սերունդների համերաշխություն է առաջարկում, մեզ համար այդքան անհրաժեշտ դեղատոմսը․ «Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին»։

Սերունդների համերաշխության առաջին քայլն  եմ տեսնում, որը ողջունելիէ շատ․ «Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք»: