2021թ․-ին ընդառաջ. Տնտեսական որոշ մարտահրավերներ՝ ընդհանուր գծերով

2021թ․-ին ընդառաջ. Տնտեսական որոշ մարտահրավերներ՝ ընդհանուր գծերով

Մհեր Փարվանյան, տնտեսագետ, «Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն

Դժբախտաբար Հայաստանը այն  երկրներից է, ում համար 2020թ-ը առավել ծանր ընացք ունեցավ՝ լայնամասշտաբ կորոնավիրուսային վարակ, տնտեսության սառեցում՝ իր ծանր տնտեսական հետևանքներով, անյուհետև Արցախյան երկրորդ պատերազմ՝ իր  բազմաշերտ հետևանքներով։
Ստեղծված իրողությունների պայմաններում մարտահրավերները բազմաթիվ են և առնչվում են ազգային անվտանագության բոլոր բաղադրիչներին։ Տնտեսական մարտահրավերների թվում են

• Դրամի արժեզրկում։ Սա պայմանավորված է մեծամասամբ ներքին գործոններով։ Արտահանման և դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումների  ծավալների զգալի կրճատումը առնվազն 2021թ․-ի ընթացքում էական ճնշումներ կգործադրեն դրամի վրա։  Մասնավորապես, համաձայն ՀՀ կառավարության բյուջետային ուղերձում տեղ գտած կանխատեսման 2020թ․-ին արտահանումը կնվազի 31,4 %-ով, չնայած նույն ուղերձում կանխատեսվում է 2021թ․-ի համար արտահանման 9,4 տոկոս աճ, սակայն սրան պետք է խիստ վերապահումով վերաբերվել, քանի որ օրինակ Սոթքի հանքավայրի գործունեության փաստացի կասեցման հետևանքները սկսվելու են մեծապես արտահայտվել 2021թ․-ից։ Միևնույն ժամանակ 2021թ․-ին կանխատեսվում է  ներմուծման ծավալների աճ, որին զուգընթաց նաև առևտրային հաշվեկշռի բացասական սալդոյի խորացում։ Համաձայն ԿԲ հրապարակած տվյալների 2020թ․-ի 1-ին կիսամյակում անձնական դրամական փոխանցումները 2019թ․-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են շուրջ 20 տոկոսով։ Ընդ որում այս ցուցանիշը տարեկան չափմամբ կարգավորման միտում չունի, քանի որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները 1-ին եռամսյակում համեմատաբար թույլ զգալի էին։ Այս առումով 2021թ․-ի հիմնական նպատակները պետք է լինեն դրամի փոխարժեքի հարաբերական կանխատեսելիության ապահովումը՝ միտված տնտեսական զարգացմանը, ինչը ենթադրում է արտարժույթի շուկայում շոկային տատանումների բացառում և դրամի արժեզրկմամբ պայմանավորված առաջարկի գնաճի կառավարումը, ինչը ենթադրում է ԿԲ-ի գործիքակազմով համապատասխան սպասումների միջավայրի ձևավորում։

• 2021թ․-ի բյուջետային ռիսկեր։ 2021թ․ պետական բյուջեի եկամուտները պլանավորված են 1,509,462․9 մլն դրամ, որը նախորդ տարվա պլանից պակաս է 11 %-ով։ Սակայն հարկ է նշել, որ եկամուտների պլանավորման հիմքում դրված է հարկային եկամուտներ և պետական տուրքեր / ՀՆԱ ցուցանիշի սպասողական 22,5% մակարդակը՝ 2019թ․ 22,3%-ի դիմաց։ Համաձայն բյուջետային ուղերձի նման մակարդակի կանխատեսման հիմք են հանդիսացել «առկա օրենս­դրա­­կան նա­խադրյալները, կի­րառ­­վելիք վարչարարական միջոցա­ռում­ները, ինչպես նաև մակ­րո­տնտե­սական զար­գա­ցում­նե­րը»: Սակայն նման նախադրյալներ էականորեն չկան, քանի որ հարկային օրենսգրքի 2021թ․-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների՝ այս ցուցանիշի դրական արդյունքին բացարձակ մեծության առումով նպաստելը խիստ կասկածելի է, մակրոտնտեսական ցուցանիշների անկումը նույնպես չի նպաստում ցուցանիշին, իսկ վարչարարական միջոցառումների կոշտացումը «նոկդաունի» ենթարկված բիզնես միջավայրի նկատմամբ կնշանակի հերթական ինքնասպանությունը։ Բացի այդ պետք է հաշվի առնել, որ բիզնեսի առկա ֆինանսական վիճակը ենթադրում է  համախառն շահույթի և դրանից հաշվարկվող հարկերի նվազում։ Նշված ցուցանիշի նկատմամբ վերապահումը կարող է հիմնավորվել նաև այլ արգումենտներով, հետևաբար կանխատեսվող եկամուտների նման ծավալը նույնպես կասկածելի է՝ նույնիսկ դրամի արժեզրկման հետևանքով ներմուծման հարկերից մուտքի ավելացման հնարավորության հաշվառմամբ։
Ծախսերը պլանավորված են 1,850,877․5 մլն դրամ կամ 2020թ.-ի պլանի 99,7 տոկոսը։ Հարկ է նշել, որ ծախսերը ենթակա են զգալի ավելացման միայն Արցախյան պատերազմի հետևանքներով պայմանավորված։ Որպես օրինակ՝ 2021թ․-ի բյուջեով պաշտպանության ապահովում ծրագրի գծով ծախսերը համեմատական են 2020թ․-ի հետ, սակայն ակնհայտ է, որ ազգային անվտանգության ապահովման համատեքստում դրանք ենթակա են զգալի ավելացման։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պակասուրդը նույնպես էականորեն կավելանա, ինչը կբերի պետական պարտքի մեծացման։ Այս առումով պետության հիմնական նպատակները պետք է լինեն կարճաժամկետում պետական պարտքի առավել բարենպաստ պայմաններով ներգրավումը, իսկ միջնաժամկետում՝ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մշակումը և հանրային ֆինանսների կառավարման խորքային բարեփոխումները, այդ թվում՝ ծրագրային  բյուջետավորման համակարգի բովանդակային զարգացումը։

• Տնտեսության անկման ռիսկեր։ Կառավարությունը կանխատեսում է 3,2% տնտեսական աճ, որը հիմնականում պայմանավորված է լինելու առևտրի և ծառայությունների ճյուղի նպաստմամբ։ Կանխատեսումների մոդելում կիրառվող պարամետրերի հիմքում դրված ենթադրությունները պարզ չեն, սակայն առկա են որոշակի գործոններ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման։ Մասնավորապես՝ ներդրումային միջավայրի զգալի վատթարացում /օրինակ՝ անվտանգային կոմպոնենտ/, փախստականների սոցիալ-տնտեսական խնդիրներից բխող հետևանքներ, աշխատաշուկայում առաջարկի կտրուկ ավելացում, առևտրի բացասական սալդոյի խորացում։ Նշված ռիսկի չեզոքացման համար Հայաստանը պետք է կարճաժամկետում ապահովի տնտեսվարողների համար վստահելի և կանխատեսելի վարքագծով կառավարություն, իսկ միջնաժամկետում վերանայի տնտեսական զարգացման և տնտեսական անվտանգության ռազմավարությունները՝ հստակ մշակելով օտարերկրյա ներդրումների ներգրավման, ազգային անվտանգության սպառնալիքների հաշվառմամբ միջազգային տնտեսական ինտեգրացիայի, բիզնես միջավայրի կերպափոխման գործնական և հասցեական սկզբուքներ։ 

Հարկ է նշել, որ վերոգրյալում քննարկված մարտահրավները, ինչպես նաև դրանց հիմնավորումները ամբողջական չեն, սակայն բավարար են իրավիճակին գնահատական տալու համար։ Առկա մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ ընդհանուր գործոններից են՝ համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձով տեխնոկրատ կառավարության ստեղծումը և պրոֆեսիոնալ թիմերի ձևավորումը, դիվանագիտական հարաբերությունների ռազմավարական վերանայումները, ՀՀ սահմանների անձեռնմխելիության իրական երաշխիքների ապահովումը,  իրապես ազգային միասնության ձևավորումը։