Հապաղելն այլևս աններելի է…

Հապաղելն այլևս աններելի է…

Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ այդքան տեղ է ազատվելու, և պետք է այսօրվանից տրամադրվենք, որ այդ ազատված տեղից առնվազն 30 միլիարդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի առաջիկա 5 տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ խնդիր ենք դրել զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը»։ Բնականաբար, այդ թվերը Ն.Փաշինյանին ներկայաց­րած կլինեին Էկոնոմիկայի կամ Ֆինանսների նախարարությունները: Դրանով պայմանավորված այդ նախարարություններին հունիսին հարց էի ուղղել՝ «Ի՞նչ հաշվարկների վրա են հիմնված այն լավատեսական պնդումները, որ համավարակի հետևանքով ստեղծված համաշխարհային ՀՆԱ-ի 30 մլրդանոց ՛՛ճեղքը՛՛ մեր տնտեսությունն ի վիճակի է ծածկել»:

Երկու պետական մարմիններն էլ խոսափողական պատասխան տվեցին: Հարկ եմ համարում առանձին-առանձին ներկայացնել վերոհիշյալ պետական մարմինների պատասխանները: Ըստ Ֆինանսների նախարարության՝ «…հարցադրումների վերա­բեր­յալ հայտնում ենք, որ դրանք ոչ թե տեղեկատվության փոխանցման, այլև վերլուծական բովանդակության են, որի առնչությամբ հնարավոր ծավալով նյութեր տրվում են պաշտոնական փաստաթղթերում և իրավասու անձանց ելույթներում: Ավելին, ներկայացված հարցադրումների մի մասի պատասխանները հանրությանը ներկայացնելը ոչ միայն քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների, այլև գիտական և մասնագիտական հանրույթի տիրույթում է»: Ընդունում եմ, որ «գիտական և մասնագի­տական հանրույթը» պետք է հաշվարկներ կատարի, առաջարկություններ ներկայացնի, ինչը, վստահ եմ, գիտությամբ զբաղվող ինձ պես տասնյակ տնտեսագետներ արել և անում են: Բայց պետական մարմինները, որոնք, որպես կանոն, անուշադրության են մատնում նման առաջարկները, իսկ պաշտոնական թվեր պարունակող տեղեկատվությունը հենվում է միայն պետական մարմինների հաշվարկների վրա: Ինչը, ցավոք, իմ հարցադրման պատասխան­ներում չտեսա: Հիմա այդ թվերի հնարավորության մասին: Նախորդ՝ 2019թ. տարեկան ՀՆԱ-ն, դոլարային արտահայտությամբ, 13.6 մլրդից մի փոքր ավել է:  Իսկ հինգ տարում 30 մլրդ դոլարի ՀՆԱ ունենալու համար դրա միջին տարեկան հավելաճի տեմպը պետք է կազմի 14 %-ից ավել: Հանգամանք, որը, դատելով կադրային ներուժից՝ գործող կառավարու­թյան ուժերից վեր է: Անիրագործելի բան չկա: Մենք պարտավոր ենք զարգացման ավելի բարձր տեմպեր ապահովել: Դրան կարող ենք հասնել ինստիտուցիոնալ բարեփոխումների և երկրի կադրային ողջ ներուժը օգտագործելու շնորհիվ:

Էկոնոմիկայի նախարարության պատասխանը չեմ մեկնաբանի: Կբերեմ դրա բառացի շարադրանքը, որն ավելի քան պերճախոս է. «Համավարակի հետևանքով համաշխարհային տնտեսությունում առաջացող ճեղքվածքի մի մասը Հայաստանի տնտեսության կողմից ծածկման հնարավորության վերաբերյալ լավատեսական գնահատականները պայ­մա­նավորված են մի շարք առանցքային գործոններով։ Մասնավորապես ՀՀ տնտե­սա­վարողների կողմից բարձր ադապտի­վու­թյան և ունեցած հարաբերական առավելությունը կապիտա­լիզացնելու առանձնահատ­կու­թյամբ, ինչպես նաև ՀՀ կառա­վա­րության կողմից տնտեսվա­րողներին աջակցող և խթանող քաղաքակա­նության կիրառմամբ։ Բացի այդ, համաշխարհային տնտեսական անկման ստեղծված միջազգային արժեշղթաների որոշակի փլուզմանը հաջորդելու է վերականգման և վերակառուցման փուլը, որի ժամանակ շուկայի մուտքի ծախսերը համեմատաբար ցածր են լինելու։ Ի լրումն վերոգրյալի, հարկ եմ համարում արձա­նագրել, որ ստեղծվող տնտեսական հնարավորությունների իրացումը մեծամասամբ կախված է մասնավոր հատվածի ճկունության աստիճանից և արտադրողականության մակարդակից, որին կաջակցի նաև Կառավարության աջակցող քաղաքականու­թյունը»:  

Հուսամ, որ այսուհետև պետական մարմինների պատասխանատուները վերադասին անհարմար վիճակի մեջ չդնելու համար թվերը նրանց կներկայացնեն միայն գիտականորեն հիմնավորված հաշվարկների հիման վրա: 

ՀՀ ֆինանսների նախարարությանը և ԿԲ-ին հարցեր էի ուղղել 2008թ. և 2020թ. (համավարակով պայմանավորված), թե տնտեսական ճգնաժամերը դիմակայելու համար  ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, և ինչպե՞ս են համաձայնեցվել ֆիսկալ ու դրամավարկային քաղաքականությունները: Պարզվեց, որ այդ երկու պետական մարմինները համաձայնեցված չեն գործել  և չեն գործում (մասնագետների համար այս փաստը նորություն չէ): 

Դեռևս 2008թ. հոկտեմբերի սկզբներին ԱԺ-ում 2009թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընդմիջմանը լրագրողների այն հարցին, թե՝ «Ինչպե՞ս եք պատրաստվում դիմագրավել համաշխարհային տնտեսական ճգնաժամը», այն ժամանակվա ՀՀ վարչապետը նշել է. «Հայաստանը ինտեգրված չէ համաշխարհային տնտեսությանը, և, եթե ուզում եք իմանալ, ապա մենք դրանից մի բան էլ օգուտ ենք ստանալու» (համավարակից օգուտ ստանալու գաղափարը և դա իրագործելու ցանկությունը՝ դեռևս այն օրերից են գալիս): Երկու դեպքում էլ պետական մարմինները չեն նշել այն մեխա­նիզմները, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ կյանքի կոչել բարի ցանկությունները: Հանրապետության տնտեսագիտական հանրությունը դեռևս 2008թ. մայիսից ահազանգում էր Կառավարությանը և ԿԲ-ին՝ ճգնաժամը դիմագրավելու քայլերի անհրաժեշտության մասին:

Կենտրոնական բանկը 2009թ. սկզբին վերաֆի­նանսավորման տոկո­սա­դրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով, ինչը ավելի է խորացրել ճգնաժամի բացասական ազդեցությունը: Եվ միայն 2009թ. մարտից, ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշը նվազեցրել է 2.75 տոկոսային կետով: Համավարակի պայմաններում, ընդհանուր առմամբ, ԿԲ-ն  ճիշտ է գործել: Բայց, այնուամենայնիվ, ժամանակագրական առումով ֆիսկալ քաղաքականության հետ համահունչ չի գործել:

Եվս մեկ ցուցանիշի վերաբերյալ. 2020թ. պետական բյուջեով նախատեսվել է նախորդ տարվա համեմատ 13 % եկամուտների և 14.1 %՝ ծախսերի հավելաճի տեմպ: Այն դեպքում, երբ ՀՆԱ-ի հավելաճի տեմպը նախատեսվել է 4.9 %: Անհամապատաս­խանությունն ակնհայտ է: Համեստ հաշվարկներով, ՀՆԱ-ի հավելաճի տեմպը առնվազն 1-ից 1.2 տոկոսային կետով պետք է բարձր լիներ (եթե բյուջեի համապատասխան ցուցանիշները ճիշտ են հաշվարկված):

Չեմ կարծում, թե պետական մարմինները չեն նկատել այդ անհամապատասխանությունը և բազում այլ բացթողումներ ու հակասություններ: Բայց քանի որ վերոհիշյալ պետական մարմինները գործում են Կռիլովի հայտնի առակի հերոսների տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրն իր շահից ելնելով, ապա դրանց համար առաջնայինը ոչ թե պետական շահն է, այլ՝ միմյանց «չնեղացնելու» սկզբունքը: Իսկ նախարարների համար նաև՝ իրենց   «աթոռները» երկար պահելու մղումը:  
Զարգացած պետական ապարատ ունեցող երկրների համար կենսական նշա­նա­կու­թյուն ունեցող ռազմավարությունների, ծրագրերի, քաղաքականու­թյուն­ների, օրենս­դրա­­կան կարգավորման մեխանիզմների մշակման կամ գնահատման առումով մեծ դերա­կա­տարումներ են ունեցել և ունեն պետական խորհրդատուների ինստիտուտ­ները։  Դրանք ստեղծվել են կամ ժամանակավոր հիմունքով՝ տնտեսության մեջ առա­ջա­ցած որոշակի հարցեր կամ երկրի առջև ծառացած ընթացիկ և հեռանկա­րային խնդիրներ լուծելու նպատակով:

Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, կարծում ենք, անհրաժեշտություն է ՀՀ կա­ռա­վարությանը առընթեր նման Խորհրդատվական մարմին ստեղծելը: Այդ մարմինը պետք է բաղկացած լինի մշտական և հրավիրվող անդամներից: Մշտական անդամ­ների թիվը յոթն է (նվազագույնը): Հրավիրյալ անդամների թիվը՝ ըստ անհրաժեշտու­թյան: Մշտա­կան անդամներից երեքը՝ ի պաշտոնե (ՀՀ ԿԲ նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնո­միկայի նախարարներ), երկուսը՝ տնտեսագետ գիտնական-կառավարիչներ և երկուսը՝ բազմափորձ կառավա­րիչներ: Ի պաշտոնե անդամները Խորհրդի կազմում ներառվում են պաշտոնը ստանձ­նելուն պես: Ոչ ի պաշտոնե անդամները՝ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվում են կադրային բանկից (առավել հանգամանալից ներկայացված են իմ որոշ հրապարակումներում): 

Կառավարության նիստերում քննարկվող և տնտեսությանը վերաբերող յուրաքանչյուր հարցի նախագիծ նախապես (նիստից առնվազն 2 շաբաթ առաջ) տրվում  է խորհրդի անդամներին: Խորհուրդը  կառավարության նիստից առնվազն 3 օր առաջ իր եզրակացությունը (անդամների ձայների պարզ մեծամասնությամբ հաստատված) ուղարկում է Կառավարության անդամներին: Խորհրդի եզրակացությունը, որն ունի խորհրդատվական բնույթ, տեղադրվում է Կառավարության կայք-էջում: Նման մեխանիզմի դեպքում, ինչպես Խորհրդի (հատկապես՝ ի պաշտոնե), այնպես էլ Կառավարության անդամները քվեարկելիս ավելի պատասխանատու կլինեն (լինելով ամբողջ հասարակության, ներառյալ՝ մասնագետների ուշադրության կենտրոնում) և կբացառվեն «ես քեզ, դու ինձ» փոխադարձ «լավությունները»:  

Եզրակացության փոխարեն


Անաչառության համար նշեմ, որ գործող իշխանությունը ուշադրության արժանի որոշակի դրական քայլեր կատարել է:  Առանձնացնեմ տնտեսության զարգացմանը նպաստող մի քանի կարևոր քայլ:
1. Տասնամյակներ շարունակ տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով կուտակված պարտքի վերադարձը և տնտեսավարողների համար հոգսաշատ գերավճարների հարցի լուծումը՝ զգալիորեն նպաստելով բիզնեսի համար կարևոր շրջանառու միջոցների ծավալների ավելացմանը,
2. Արտահանման կառուցվածքում որակական որոշակի դրական տեղաշարժ է եղել՝ ավելացվել են ՏՏ ոլորտի և վերամշակող արդյունաբերության բաժինները,
3. Էապես փոխվել է հարկային և մաքսային ծառայությունների վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ՝ դառնալով թափանցիկ, նաև կտրուկ նվազել են կոռուպցիոն դրսևորումները, 
4. Զգալիորեն ավելացել են մայրուղիների և միջհամայնքային ճանապարհների կառուցման մակերեսները:

Բայց, եթե համեմատենք չօգտագործված հնարավորությունները և թվարկված  դրական գործերը, ապա դրականը բազմապատիկ անգամ զիջում է կորցրած հնարավորու­թյուններին: Ասֆալտապատման աշխատանքներում չեն ձերբա­զատ­­վել «հին ժամանակ­ների բարքերից»: Դա դրսևորվել է, օրինակ, Երևան-Սևան մայրուղու, Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատման ընթացքում  (ականատես եմ եղել Մարգարյան փ. նրբանցքներից մեկուի չքանդված հատվածի պիտանի շերտի «քերմանը»):

Խորհրդային տարիներին որոշակի պաշտոնների նշանակելիս պարտա­դիր հաշվի են առել, ոչ միայն կուսակցական լինելը, այլև անցած ուղին: Չէր կարելի պետական բարձր պաշտոնների նշանակել անձանց, որոնք երբևիցե որևէ ստո­րա­­բա­ժանում չեն ղեկավարել: Իսկ այդ հանգամանքը հաշվի չառնելը չէր կարող չանդրադառ­նալ կառավարման որակի վրա: 
 

Երկրի ներդրումային միջավայրի վրա կարող է ազդել ոչ միայն քաղաքա­կան ու տնտեսական կայունությունը, այլև՝ առաջին հայացքից աննշան թվացող մանրուքները: Օրինակ, 2019թ. Գ.Ծառուկյանի միջնորդությամբ և երաշխավո­րու­թյամբ Երևանում 10 մլրդ դոլարի չափով ներդրում կատարելու առաքելու­թյամբ արաբ միլիարդատիրոջ մտադրությունը արհամարվել էր՝ ջինսե տաբա­տով քաղաքապետին այցելելու՝ մեծա­հա­րուստի «համարձակու­թյան» պատճառով: ԵՎ կարևոր չէ, թե ո՞վ միջնորդողը կամ ներդրողը: Տվյալ դեպքում Ծառուկյանը ազգանվեր նախաձեռնություն և պետական մտածողություն է հանդես բերել, իսկ մերժողը՝ հակապետական: Արաբ միլիարդատերը մեր պետական բյուջեի եկամտային մուտքերի գրեթե եռապատիկի չափով ներդրում էր կատարելու, որը նպաստելու էր հետագա տարիներին բազմարկչի էֆեկտով եկամտա­յին մուտքերի ավելացմանը և ապահովելու էր հազարավոր լրացուցիչ աշխատատե­ղեր: Բայց քանի որ մեր քաղաքապետի «ոտքերն ամպոտ են», ապա նրա (նաև պետական բարձրաստիճան շատ պաշտոնյաների) պատվից ցածր է «հասարակ» հագուստով ընդունելության եկածին՝ թեկուզ մեծահարուստ, ժամանակ հատկացնելը:  

Կյանքի դպրոց չանցած պաշտոնյաների վարքագիծը, աշխատելու ունա­կությունը, հմտությունը և պաշտոնավարման մշակույթը դրսևորվել են բոլոր բնագավառ­ներում: Դեռևս 2019թ. հունվարի սկզբին ՀՀ վարչապետին ուղղված՝ տնտեսության ինստիտու­ցիոնալ բարեփոխման առաջարկությանս «քննարկ­ման» արդյունքը պարզելու համար ապրիլի վերջին ԵՊՀ տնտե­սա­գիտության և կառավարման ֆակուլ­տետում կառավա­րու­թյան անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետին հարց ուղղեցի  կառավարություն – հա­­սա­րակություն հետադարձ կապի վերաբերյալ: Դրա հետ կապված՝ վարչա­պետի օգնականը հաջորդ օրը առավոտյան զանգեց և պարզվեց, որ պատվիր­ված նամակով ուղարկված նյութը կորել է (շուրջ տասնհինգ­ամ­յա պետական կառավարման համակարգում ունեցած փորձիս ընթացքում երբևէ նման բան չի եղել. Դա առաջին դեպքն էր, որ լսել եմ վարչապետին ուղարկված գրության կորչելու մասին): Խնդրեցին այն էլեկ­տրո­նային տարբերակով ուղարկել, որի պատասխանն առ այսօր ինձ անհայտ է:
 

Հաջորդ՝ պետական կառավարման հակակշիռների միասնության մեխա­նիզմի ստեղծման առաջարկիս (2019թ. սեպտեմբերին) Էկոնոմիկայի նախարա­րի տեղակալը սիրողական մակարդակի պատասխան ուղարկեց: Նախարարի հետ հանդիպելուց հետո նա ընդունեց, որ պատասխանը խոցելի է և խոստացավ նորից քննարկել: Ես խնդրեցի քննարկմանը ինձ էլ հրավիրել: Մեկ ամսից ավել սպասելուց հետո փորձեցի վարչապետի խորհրդականի հետ քննարկել հարցը, սակայն վարչա­պետի մեկ այլ օգնականից այն կողմ չհաջողվեց դրան անդրադառնալ:

Մրցակցության պաշտպանությանն առնչվող տնտեսական հարաբերություն կարգավորելու առումով որոշեցի օրենքի նախագիծ պատրաստել: Որպեսզի աշխա­տանքս զուր չանցներ փորձեցի հանդիպել ԱԺ նախագահին, նրա տեղակալին, մեծա­մասնությունը ներկայաց­նող պատգամավորին: Երեք դեպքերում էլ, օգնականների կարծիքով, իրենց «շեֆերը» «խիստ զբաղված են» և հնարավորության դեպքում ինձ «կզանգեն» (ժամանակը «չբավականացնելը» խոսում է պաշտոնյայի կազմակերպ­չական որակի, ավելի շուտ՝ անորակության մասին): Ինչպես նկատեց ընթերցողը, իշ­խա­նության թե՛ գործա­դիր և թե՛ օրենսդիր օղակներում աշխա­տանքը կազմա­կերպելու մշակույթի պակաս կա: Առավել ևս, որ ժողովրդի շնորհիվ իշխանու­թյան եկած զանգվածը «ժամանակ չունի» շփվելու այդ նույն ժողովրդի առանձին անհատների հետ: 
 

Պարգևավճարների հարցը թե՛ իշխանության և թե՛ հասարակության համար հիվանդագին թեմա է: Իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչների կարծիքով՝ «էլ ինչի են աշխատում, եթե պարգևատրում էլ չպետք է ստանան», իսկ հասարակության այն շերտը (գիտակրթական ոլորտի, պետական և հա­մայն­քային ծառայության ստորին օղակների և այլն), որը չնչին աշխատա­վարձով է ապրում, չի «հասկանում» իշխանավորի նյութապաշտությունն ու ընչա­քաղցությունը. ուրեմն սրա՞նց համար էլ   իշխանության հասնելու մոլուցքը շահամոլությամբ է սահմանափակվում: 
Անշուշտ, դեմ չեմ պետական ծառայողներին բարձր աշխա­տա­վարձ տալուն: Իհարկե, այդ ծառայողների, ինչպես նաև գիտնա­կանի, բժշկի, ճարտա­րապետի, արվեստագետի, ուսուցչի աշխատավարձերը պետք է զգալի բարձր լինեն երկրում աշխատավարձի միջին մակարդակից: Բայց դրա մեծությունը պետք է համա­դրելի լինի երկրի զարգացման մակար­դակին: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա համամիտ չեմ երբեմն արտա­հայտ­վող այն տեսակետներին, որ դրանք պետք է միացնել աշխատավարձերի դրույքաչափերին և դրանով հասարակու­թյան դժգոհու­թյուն­ներին վերջ տալ: Պարգևատրման տնտեսագիտական իմաստն այն է, որ դրանով խրախուս­վում են աշխատանքի քանակն ու որակը: Ինչպես վե­րևում ցույց տվեցին մի քանի ոլորտների աշխատանքների հպանցիկ ուսում­­նասիրությունները, դրանց զգալի մա­սում այդ կառույցների ղեկավարների ու կազ­մա­կերպիչների պարգևատրման մասին խոսք անգամ չպետք է լիներ (նույնը, որոշ վերապահումով, կարելի է ասել ԱԺ-ում ագրեսիվ խոնարհ մեծամասնության մասին): Առավել ևս հիմա՝ մեր ժողովրդին հասած այս ողբեր­գական իրավիճակից հետո, երբ ունենք հազարավոր զոհեր ու անհետ կորածներ, տասնյակ հազարավոր հաշման­դամ­ներ, խեղված ճակատագրեր, որդիներին կորցրած ծնողներ, անհայր մնացած մանուկներ և այրիացած կա­նայք… Բարոյական բոլոր սահմաններից դուրս է նույնիսկ պարգևատրման մա­սին մտածելը: Միչդեռ կառավա­րու­թյունը 2021թ. պետբյուջեի նախագծում նախա­տեսել է պարգևա­տրման հատկացում­ների ավելացում (տպավորություն է ստեղ­ծ­­վում, թե ժողովրդի բացարձակ մեծամաս­նու­թյան քվե ստացած  գործող վար­չա­պետը յուրայիններին իր մոտ պահելու խնդիր ունի): 
 

Անցած երեսուն տարիներին իշխանությունները անտե­սեցին ազգային գաղափա­րա­խո­սության հիման վրա երկրի զարգացման հարյուրամյա ուղենիշեր և փուլային հայեցակարգեր մշակելու անհրաժեշ­տությունը՝ դրանում ընդ­­­­­­գր­­կե­լով երկրի ողջ մտավոր ներուժը: Այս խնդրի կարևորու­թյան վերաբերյալ ԵՊՀ-ում կառավարու­թյան անդամների հետ վերոհիշյալ հան­դիպ­մանը հարց տվեցի վարչապետին և պատաս­խանից պարզ չեղավ թե կառավարությունը ազգային գաղափարախոսություն և դրանից բխող զարգացման ուղենիշեր մշակելու է, թե՞ ոչ:
 

Նախկինում գործած սխալները և բացթողումները մնացել են անցյալում: Հիմա երկիրը խորը ճգնաժամի մեջ է (քաղաքական, տնտեսական, սոցիալական): Երկրի անվտագությունն է խաթարված և պետականությունն է վտանգված: Նման իրավիճակ­ներում քաղաքակիրթ երկրներում իշխանությունները հրաժարական են տալիս: Սակայն իշխող ուժը, վար­չա­պետի գլխավորությամբ, ամուր կառչած է աթոռներից: Իսկ մեզ, ավելի քան երբևէ, կայունություն է անհրաժեշտ և տնտեսության արագ վերականգնում: Մեր կորցրած յուրաքանչյուր ժամը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:  Հետագա բախում­ներից խուսափելու համար ճիշտ կլինի, որ  իշխող ուժը իր մեջ ուժ գտնի, պետական մտածողություն դրսևորելու՝ իր շարքերից նոր վարչապետ առաջադրելու կամ կարող ուժերի հնարավորություն տալով երկիրը դուրս բերելու աիս վիճակից: Առնվազն վեց ամսվա ընթաց­քում հարկավոր է ԱԺ-ի նոր ընտրություն անցկացնել:Հապաղելն այլևս աններելի է… 

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր՝ Մ.Վ.Միքայելյան