Մշակույթի օջախները դեմ չեն վերահսկողությանը, բայց ուզում են, որ հաշվի առնվի իրենց բնույթը

Մշակույթի օջախները դեմ չեն վերահսկողությանը, բայց ուզում են, որ հաշվի առնվի իրենց բնույթը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ, ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ, որի հիմնական նպատակն է եղել վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ օրենսդրական լուծումներ: 

Հանդիպմանը ներկա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ գանձապետական համակարգը պետությանը պատկանող դրամական միջոցների սպասարկումն ու համակարգումն իրականացնում է օրենքի դրույթներին համապատասխան: Նրա խոսքով, փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային հարուստ ու քննություն բռնած փորձը: Նախարարը մեկ կազմակերպությունից գնումների իրականացումը համարել է ռիսկային: Ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել առաջարկությունները եւ գտնել լուծումներ: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը գնումների ոլորտում իրականացնում է վերահսկողական հստակ գործառույթներ եւ ապահովում դրա թափանցիկությունը: 

Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ գործող «Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները:          

«Մշակութային կազմակերպությունների ղեկավարները միանշանակ պնդեցին, որ մենք ոչ թե դեմ ենք օրենքի շրջանակներում աշխատելուն, այլ ուզում ենք, որ օրենքը հաշվի առնի ոլորտի յուրահատկությունները։ Այնպես պետք է լինի, որ յուրաքանչյուր կառույցի գնահատականը տրվի ըստ կայացած արդյունքի, այլ ոչ թե ըստ գործընթացի։ Գործող օրենքում եւ ենթաօրենսդրական ակտերում կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնք հաշվի չեն առնում ստեղծագործական բնույթը, այն, որ մենք տալիս ենք ոչ թե ապրանք, մատուցում ենք ոչ թե ծառայություն, այլ ստեղծում ենք արտադրանք, ընդ որում՝ եզակի, իսկ դա հաստատ պետք է հաշվի առնվի օրենքի կիրառման մեջ, քանի որ ստեղծագործական պրոցեսը ենթադրում է որոշակի ազատություն, նաեւ՝ ապրանքներ ձեռք բերելու տեսակետից»,- ընդգծում է Բաբայանը։

Նրա կարծիքով՝ կարեւոր է նաեւ որակի հարցը, որովհետեւ գործող օրենքն այնքան է խճճված գնումների հարցում, որ միշտ չի տալիս հնարավորություն՝ ձեռք բերելու իսկապես որակյալ ապրանք․ խոսքը հիմնականում վերաբերում է տեխնիկային, քանի որ հաճախ շուկայում սկսում են հայտնվել անբարեխիղճ մատակարարներ։ Քննարկման ընթացքում առաջարկություն է արվել, որպեսզի բեմադրական ծախսերը գրվեն մեկ տողով եւ տարբերվեն շենքի պահպանության ծախսերից։ 

«Այս հարցը վերաբերում է ոչ միայն թատրոնին, այլեւ բոլոր մշակութային օջախներին։ Եվ եկանք եզրակացության, որ բոլորի մոտ նույն պրոբլեմն է։ Ես ասացի, որ կարիք ունենք երկուստեք ազատվելու կարծրատիպերից, մեր կողմից՝ ազատվել այն կարծրատիպից, որ ֆինանսների նախարարությունն ուզում է ոչնչացնել մշակույթը, իսկ ֆինանսների նախարարությունը՝ նրանից, որ մենք բոլորս պոտենցիալ հանցագործ ենք»,- ասում է Բաբայանն ու ընդգծում, որ իրենք դեմ չեն վերահսկողությանը, այլ ուզում են, որ ամեն ինչ արվի՝ հաշվի առնելով բնույթը։   

Մշակութային գործիչները խորհուրդ են տվել ուսումնասիրել միջազգային փորձը, թե ինչպես են ֆինանսավորվում եւ ինչ կարգով են իրենց գնումները կատարում թատրոնները զարգացած երկրներում։ Նաեւ ուսումնասիրել բացասական փորձը, որը հիմա առկա է Ռուսաստանում։
Բաբայանը տեսել է պատրաստակամություն՝ իրենց կողմից առաջարկված փոփոխություններն օրենքում ներառելու համար․ «Կարծում եմ՝ շարունակական կլինեն այս հանդիպումները, որովհետեւ ֆինանսների նախարարն ըմբռնումով մոտեցավ եւ հասկացավ, որ սա պրոբլեմ է, որը կապված չէ անձի հետ։ Սա վերաբերում է անխտիր բոլորին։ Չեմ կարծում, որ կա որեւէ մշակութային, ստեղծագործական հիմնարկ, որը չի դժգոհի այդ օրենքի կիրառումից։ Յուրաքանչյուր օրենք պետք է կարգավորի ոլորտը, այլ ոչ թե հանդիսանա արգելափակող ակտ։

Խնդիրները շատ են, եւ դրանք կապված են ոչ միայն այդ օրենքի, այլ նաեւ ՊՈԱԿ-ի մասին օրենքի եւ աշխատանքային օրենսդրության հետ, որոնք եւս հաշվի չեն առնում աշխատանքի բնույթը»։ 
Ռուբեն Բաբայանն ափսոսանք է հայտնում, որ քննարկմանը ներկայացված չէր մշակույթի նախարարությունը՝ որպես մշակույթի շահերը պաշտպանող կառույց, բայցեւայնպես, գոհ են հանդիպման արդյունքներից․ «Կարեւոր եմ համարում այդ հանդիպումը, որովհետեւ վերջին շրջանում կարեւոր որոշումներ կայացնելուց անտեսվում էր մասնագիտական դաշտի կարծիքը»։