Պետական աշխատավարձեր ու պարգեւավճարներ՝ պետականությունը կորստի մատնելու նպատակով 

Պետական աշխատավարձեր ու պարգեւավճարներ՝ պետականությունը կորստի մատնելու նպատակով 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշից, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմից բացի հավանաբար բազմաթիվ այլ արևմտյան գործիչներ ևս դրական կգնահատեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման առումով կատարվող առաջին քայլը։ Այն քայլը, որով Հայաստանի Հանրապետության տարածքներ են զիջվելու Ադրբեջանին: Եվ խնդիրներ են առաջացնելու տեղի ազգաբնակչության համար:

Կարող ենք «շնորհավորել» ռուսատյացներին՝ նրանք հասան իրենց նպատակին: Այն է՝ ռուսներն այլևս որևէ դեր չեն կատարում այսօրվա մեր ճակատագրում: Ինչի շնորհիվ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, զբաղվելով անհիմն ինքնամեծարումով, գլուխ է գովում, թե «առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»: Եթե ես լինեի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի (մեղա՜, մեղա՜) քաղաքացի, ապա իսկապես կգնահատեի այդ քայլը: Որի շնորհիվ, ինչպես թշնամի երկրի ԶԼՄ-ներն են գրում, առանց որևէ կրակոցի Ադրբեջանը տարածքներ ստացավ Հայաստանից: 

Բայց քանի որ ես թշնամուն տարածքներ հանձնող և ըստ այդմ՝ այսօրվա առումով դժբախտ երկրի քաղաքացի եմ, ապա սեղանի շուրջ հարցի նման լուծումը կարող եմ գնահատել ընդամենը որպես ժամանակի մեջ ձգվող կապիտուլյացիոն ակտի հերթական արար: Ու ինձ, բնականաբար, բացարձակ չի ոգևորում այն հանգամանքը, որ իմ երկրի ղեկավարն, իր ասելով, թշնամի երկրի ղեկավարի հետ սեղանի շուրջ նստած՝ հարցեր է լուծում: Այսինքն՝ պատառ առ պատառ տարածքներ է հանձնում իմ հայրենիքից: Դա անվանելով սահմանազատում, կամ խաղաղության հաստատման գործընթաց: Իսկ դրա դեմ բողոքելը որակում որպես Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձ: Ինչպես երևում է, որպեսզի վերջնականապես խուսափի պատերազմից, Հայաստանի ղեկավարը պետք է երկրի ողջ տարածքը հանձնի թշնամուն: Եվ որովհետև այդ թշնամին մեր ողջ պետությունը համարում է «Արևմտյան Ադրբեջան», վերջնական խաղաղությունը կհաստատվի հենց Հայաստանի պետականության վերացմամբ: Կամ էլ, «լավագույն» դեպքում, Հայաստանից կմնա 10.000 քառ/կմ տարածք՝ սահմանափակված «Անդրզանգեզուրյան» դաշտավայրով և «Իրևան» մայրաքաղաքով: 

Այս հարցում գլխավոր պատասխանատուն և մեղավորը, բնականաբար, վարչապետի աթոռից կառչած անձն է: Բայց մեղավորության իրենց բաժինն ունեն նաև ԱԺ-ում հանգրվանած՝ նրա հիմնադրած կուսակցության անդամները կամ համակիրները, որ պետական աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում պետությունը կործանման տանելու նպատակով: Թե ինչպես է հնարավոր բնորոշել այդ հանգամանքը՝ դժվարանում եմ ասել: Իսկ իրենք դա անվանում են պատերազմից խուսափելու քաղաքականություն: Մեղքի իր հսկայական բաժինն ունի նաև Հայաստանի ազգաբնակչությունը:

Ազգաբնակչության այն հատվածը (688 հազարը), որ շուրջ երեք տարի առաջ ընտրեց Նիկոլին: Ինչպես նաև այն հսկայական մեծամասնությունը (միլիոն-միլիոնուկես), որ թքած ունենալով հայրենիքի ճակատագրի վրա, տանից դուրս չեկավ որպեսզի հասներ ընտրատեղամաս: Զարմանալիորեն, մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ նման անտարբերությունը շարունակվում է նաև այսօր: Եվ եթե մի քանի տասնյակ «ազգընտիրներ», ինչպես ասվեց, կոնկրետ շահեր ունեն ընթացող իրադարձությունների առումով, ապա բացարձակ անհասկանալի է, թե ինչ շահ ունի հայրենիքի ճակատագրի վրա թքած ունեցող՝ վերը նշված մեծամասնությունը: Եթե, իհարկե, շահ չհամարենք թուրքի ստրուկը վերածվելու հեռանկարը. այն, ինչ եղել է նախկինում: