Սիմոնյանը ռեկտորատի նիստ է հրավիրել․անդրադարձ է եղել հայտնի նիստին

Սիմոնյանը ռեկտորատի նիստ է հրավիրել․անդրադարձ է եղել հայտնի նիստին
Արամ Սիմոնյան

Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ  ռեկտորատի ընդլայնված նիստը, որի ընթացքում ԵՊՀ ռեկտորն անդրադարձել է Հոգաբարձուների խորհրդի նիստին՝ նշելով, թե այն ցույց տվեց, որ ԵՊՀ թիմը միասնական չէ. «Թիմի շատ անդամներ սկսել են գործողություններ, որոնք հարիր չեն ո՛չ թիմակցին, ո՛չ համալսարանականին: Ինչևէ»,- ասել է Սիմոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից՝ ysu.am: Արամ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի ուսանող-անդամներին և 4 դասախոս-անդամներին՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով առ այն, որ անդամներից շատերն այդպես էլ հստակորեն չհայտնեցին իրենց կարծիքը:
 
«Ես հասկանում եմ՝ այն թիմը, որն այս տարիներին ղեկավարում էր համալսարանը, այսօր միատարր չէ, և դա չի կարող մտահոգություն չառաջացնել: Ես ուզում եմ առանձնակի նշել այն հանգամանքը, որ շատ մարդիկ՝ համալսարանականին ոչ հարիր կեցվածքով, փորձում են, այնուամենայնիվ, պղտոր ջրում ձուկ որսալ, որը պատիվ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ մեզ և ո՛չ էլ համալսարանին։ Խնդիրները բոլորիս կողմից իրականացված աշխատանքի ընթացքում թույլ տված սխալների, օբյեկտիվորեն ստեղծված իրավիճակի հետևանք են, բայց ուզում եմ նորից շեշտել նաև այն փաստը, որ բոլորիս աշխատանքի արդյունքն է համալսարանի ֆինանսական կայունությունը»: