Սարգսյանը խուլիգանություն չի արել, ազատ խոսքի իր իրավունքից է օգտվել

Սարգսյանը խուլիգանություն չի արել, ազատ խոսքի իր իրավունքից է օգտվել

Ֆեյսբուքում կատարած խուլիգանության մեղադրանքով կալանավորված Նարեկ Սարգսյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ իր պաշտպանյալի դեմ քրեական գործ չպետք է հարուցվեր, նա օգտվել է ազատ խոսքի իր իրավունքից, եւ խուլիգանության որեւէ դրվագ նրա արարքում չկա։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի կայարանում «զելյոնկայով» օծեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցին, երբ վերջինս «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի գլխավոր դերերից մեկն էր խաղում։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ՝ «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից «Facebook» սոցիալական կայքում ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ անհատական էջից ներբեռնվել է կայքի բոլոր օգտատերերի համար հասանելի՝ 21 րոպե տեւողությամբ տեսանյութ, որի զննությամբ պարզվել է, որ հիշյալ օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի եւ դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաեւ անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ»:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանն իր ուղիղ միացման ժամանակ անդրադարձել է Գավառում տեղի ունեցած ողբերգալի միջադեպերին, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա նաեւ պատասխանել է «Հեղափոխության պահապաններ» խմբավորման՝ «Ադեկվադ» միաբանության անդամներին ուղղված՝ 24 ժամ ժամանակ տրամադրելու հայտարարությանը, որում նշում էին, թե 24 ժամում կլուծեն վերջիններիս հարցերը։
Նարեկ Սարգսյանի պաշտպանն ասում է․ «Գտնում եմ, որ քրեական գործ չպետք է հարուցվեր, ապօրինի է այդ քրեական գործը, մենք խուլիգանության հատկանիշներ չենք տեսնում։ Երբ տեսնում ենք տեսանյութը, այնտեղ Նարեկ Սարգսյանը քննադատում է ներկա իրավիճակը։

«Հեղափոխության պահապաններ» կոչվող ինքնակոչ անձինք են հայտնվել, որոնք ուզում են իրենց տեղը գտնել այս կյանքում, Նարեկ Սարգսյանը նրանց է հակադարձում, նրանց սպառնալիքներին։ Այդ տղաներից մեկն ինչ-որ 24 ժամ ժամանակ է տալիս, եւ Նարեկի ելույթի բովանդակությունն ավելի շատ հակադարձում է, թե ո՞ւմ են 24 ժամ ժամանակ տալիս, եւ եթե հաշվեհարդար են ուզում տեսնել, իր տեղն է ասում, թե «արի, հաշվեհարդար տես»։ Այդ կոնտեքստում է ավելի շատ, այլ ոչ թե ցինիզմ, սպառնալիքներ եւ խուլիգանություն, այսինքն՝ այն մեղադրանքը, որը մեղսագրվում է Նարեկ Սարգսյանին»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով մեղադրանքին, ասաց Սարգսյանի պաշտպանը։ Հովհաննիսյանն ասաց, որ կալանքի որոշումը դեռ չի ստացել եւ ծանոթ չէ հիմքերին․ «Հայհոյանքն ու վիրավորանքն ապաքրեականացված են, այնտեղ ոչ թե հայհոյանք, այլ վիրավորական արտահայտություններ կան, որոնք տեսնում ենք, թե ում են ուղղված։ Երեւի այդ պատճառաբանությամբ կալանավորվեց»։ Հարցրինք՝ նկատի ունի, որ վարչապետից հրահա՞նգ է իջել դատարանին՝ Սարգսյանին կալանավորելու համար՝ նկատի ունենալով, որ նա ուղիղ միացման ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հենց Փաշինյանի հասցեին։ «Միգուցե, չեմ բացառում, բայց ոչ էլ հակված եմ դրան, Նարեկի խոսքերով՝ այո, ինձ իրավական հարթակն է ավելի շատ հետաքրքրում, այլ ոչ թե քաղաքական»,- պատասխանեց Հովհաննիսյանը։ Պաշտպանն ասաց, որ Նարեկ Սարգսյանն արդեն հարցաքննվել է, ցուցմունք է տվել եւ իր մեղքը չի ընդունում․

«Ցուցմունքը տվել է այն կոնտեքստի մեջ, որ խուլիգանություն չի արել, ոչ մեկին չի սպառնացել, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ անդրադարձել է ներկայումս տիրող իրավիճակին, եւ պատճառաբանում է, որ վարչապետն իր մի ելույթով կոչ է արել եւ հորդորել է քաղաքացիներին, որ եթե կառավարությունը լավ չի աշխատում, քննադատություններ կարող են անել, Նարեկ Սարգսյանը քննադատություն էլ արել է։ Մենք սա ոչ թե խուլիգանության համատեքստում ենք տեսնում, այլ մարդն իր ազատ խոսքի իրավունքից է օգտվել։ Ազատ խոսքի իրավունքը բացարձակ իրավունք չէ եւ սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, մենք գտնում ենք, որ Սարգսյանը ոչ մեկի իրավունքը չի ոտնահարել»։

Պաշտպանի խոսքով՝ եթե անգամ Նարեկ Սարգսյանը վիրավորել եւ հայհոյել է, ապա դա քաղաքացիաիրավական տիրույթում է․ «Մենք մեր առարկության մեջ նշել ենք, որ սա կրում է քաղաքացիաիրավական բնույթ, դատարանը, որը կալանք տվեց, օրենքի վրա ստեղծված դատարան չէր։ Այս գործը քաղաքացիաիրավական դաշտում է՝ զրպարտություն, վիրավորանք, բարի համբավ եւ այլն»։ Չնայած որ հայհոյանքը որեւէ պարագայում չի արդարացվում, սակայն անընդունելի է հայհոյանքի համար քրեական հետապնդումը։ Նշենք, որ իրավապահ համակարգը նույնքան զգայուն չէ ընդդիմադիրների եւ իշխանությանը քննադատող անձանց նկատմամբ հնչած հայհոյանքների, սպառնալիքների եւ բռնության կոչերի նկատմամբ։

Մասնավորապես անհետեւանք մնացին քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի եւ վերջինիս մանկահասակ թոռան վրա հրապարակային հարձակումը, նույն վայրից Արցախի նախագահի «գլուխը ցխելու» մասին արված սպառնալիք-հայտարարությունը, իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի օգնականի կողմից կառավարությանը քննադատողներին «անբարոյականի զավակներ» անվանելը եւ իշխանական ներկայացուցիչների կողմից հավանության արժանանալը, Լիճք գյուղի դպրոցի ուսուցչի կողմից մարդկանց մորթելու կոչերը եւ այլն։ Փաստորեն ստացվում է, որ վարչապետին հայհոյելը քրեական հանցագործություն է, իսկ նրա ընդդիմախոսներին հայհոյելն ու սպառնալը՝ իրավաչափ։