Արցախում քաղաքական «բազառը» շարունակվում է

Արցախում քաղաքական «բազառը» շարունակվում է

Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը թեեւ հաշված օրեր են մնացել, սակայն քաղաքական «բազառները» դեռ շարունակվում են։ Արայիկ Հարությունյանին չի հաջողվում  համաձայնության գալ ընդդիմախոսների հետ․ խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու հարցում, ըստ Արցախի մեր աղբյուրի, բանակցողները ոտները «վերմակից երկար են մեկնում», եւ երկու-երեք հոգանոց խմբակցությունները նախարարական ազդեցիկ պորտֆելներ են ուզում։ Խոսքը, մասնավորապես, ՀՅԴ-ի եւ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ի մասին է, որոնք Արայիկ Հարությունյանի համար կանխատեսելի եւ լավագույն գործընկերներ էին համարվում․ նախկինում եղել են իշխանության մեջ, ճանապարհ են անցել միասին, Արայիկ Հարությունյանի դեմ քայլեր չեն արել՝ ի տարբերություն Սամվել Բաբայանի, որը խորհրդարանական երկրորդ ուժն է, սակայն այսօր ավելի նախընտրելի գործընկեր է համարվում։

Նորընտիր խորհրդարանում, հիշեցնենք, 5 ուժ է ներկայացված, բայց ոչ մեկը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի խորհրդարանական կառավարումն իր ձեռքը վերցնի, ուստի ի սկզբանե պարզ էր, որ գոնե 1-2 ուժի պետք է կոալիցիա ձեւավորվի։ Հակառակ պարագայում Հարությունյանը կկանգնի փաստի առջեւ, եւ գործադիր իշխանության ներկայացրած ծրագրերն ու բյուջեն խորհրդարանում կարող են չանցնել, մանավանդ՝ եթե մյուս ուժերը միավորվեն ընդդեմ մեծամասնության։

Հենց այս նպատակով էլ նորընտիր նախագահը կոնսուլտացիաներ էր սկսել 3 մանդատ ստացած ՀՅԴ-ի, 2 մանդատ վերցրած ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ի, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի հետ։ Վիտալի Բալասանյանն ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ դիրքավորվելու է ընդդիմադիր դաշտում, նրա հետ համագործակցությունը բացառվում էր՝ պայմանավորված նաեւ Նիկոլ Փաշինյանի բացասական տրամադրվածությամբ։ Բայց, ինչպես ասացինք, կողմերն իրենց «թանկ» են գնահատել։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ, օրինակ, ԱԺ արդեն նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը հավակնում է ԱՀ արտգործնախարարի պաշտոնին, խորհրդարանի խոսնակի պաշտոնից հետո նա իրեն միայն այդպիսի «բարձունքում» է տեսնում, եթե նրա ամբիցիաները չբավարարվեն, տեղեկություն կա, որ նա խորհրդարան ոտք չի դնի շարքային պատգամավորի կարգավիճակում եւ մանդատը կհանձնի կուսակցության մեկ ուրիշ ներկայացուցչի։ Արայիկ Հարությունյանը դեռեւս դիմադրում է Ղուլյանի իղձերն իրագործելու հարցում, քանի որ հանդիպումներ է ունեցել նաեւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, ով, ի դեպ, ըստ նույն աղբյուրի, իր երբեմնի մրցակցին այդ հանդիպումների ժամանակ «պարոն նախագահ»-ով է դիմել։ Մայիլյանի շանսերը, ասում են, ավելի մեծ են՝ հայաստանյան իշխանությունների աջակցության շնորհիվ։  Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման քննարկումներ չկան, իսկ քաղաքական կոնսուլտացիաները դեռ շարունակվում են։ 

Երեկ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ Շուշիի մշակույթի պալատում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Արայիկ Հարությունյանի թիմն ընտրեց նաեւ ԱԺ նախագահի իրենց թեկնածուին։ Նա Արթուր Թովմասյանն է, որը, ասում են, «Արցախի խորհրդարանի Գալուստ Գրիգորիչն» է, մաեստրոյի պես ուտող-խմող, կատակասեր անձնավորություն։ «ԱԺ նիստերը, հաստատ, ուրախ կանցնեն»,- վստահեցրեց մեր աղբյուրը։

Երեկվա նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի մասին․ Արթուր Հարությունյանը կղեկավարի ամենամեծ խմբակցությունը, իսկ քարտուղարը կլինի Էլեոնորա Ավանեսյանը։ Ի դեպ, ԱԺ խոսնակի միգուցե այլ թեկնածուներ էլ լինեն, բայց քանի որ Արայիկ Հարությունյանը մինչեւ ԱԺ առաջին նիստը կհասցնի քաղաքական որեւէ ուժի հետ համաձայնության գալ, ուստի հենց այս թեկնածուն էլ կընտրվի ԱԺ նախագահ։

Այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին կայանալիք ինաուգուրացիային․ այն տեղի կունենա կրկին Շուշիում՝ մշակույթի պալատում: Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով Արցախի նոր իշխանությունները հնարավոր քայլեր են ձեռնարկում, որպեսզի միջոցառումը  մարդաշատ չլինի, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին եւս հրավերներ կուղարկվեն։ Ասում են, որ վարչապետ Փաշինյանը մասնակցության նախնական համաձայնություն է տվել։ Իսկ թե ինչու Շուշիում, ապա՝ «խորհուրդ կա դրա մեջ, Շուշին այսօր միակ բերդաքաղաքն է, որ մնացել է Հայաստանի տարածքում, բացի այդ, կա նաեւ քաղաքական ուղերձ․ Շուշիի հետ կապված՝ անընդհատ քննարկումներ են լինում, ադրբեջանցիներն ասում են, որ հայկական չէ եւ այլն»,- մեկնաբանեց Արայիկ Հարությունյանի խոսնակը։

Եթե մինչեւ երդմնակալությունը ՀՅԴ-ի եւ ԱԺԿ-ի հետ համաձայնությունը չկայանա, ապա դրանից հետո արդեն Սամվել Բաբայանի հետ պայմանավորվածության կգան։