Միքայել Մինասյանի հետ սուրճ խմելն ամոթալի է, Տեր-Պետրոսյանի հետ՝ պատվաբե՞ր

Միքայել Մինասյանի հետ սուրճ խմելն ամոթալի է, Տեր-Պետրոսյանի հետ՝ պատվաբե՞ր

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին պարբերաբար մեղադրում է նախկինների, հատկապես՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապ ունենալու մեջ։ Նրա կռիվն Էդմոնի հետ միայն դա է՝ Մարուքյանը կապ ունի Միշիկի հետ, ինչպես պարբերաբար հատուկ շեշտում է Սիմոնյանն իր ելույթներում՝ փորձելով խայթել Մարուքյանին։ Վերջինս էլ, փոխանակ ընդունի փաստը կամ գոնե հումորով վերաբերվի, քափ-քրտինք մտած՝ հերքում է, որ ինքը ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ մյուս նախկինների հետ որեւէ կապ չունի՝ հիշեցնելով, որ ավելի շատ «նախկին» «Իմ քայլում» կա, քան իրենց մոտ՝ «Լուսավոր Հայաստանում»։

Բայց ինչքան Մարուքյանը հերքում է, այնքան կասկածները խորանում են, եւ այնքան ավելի հաճախ է այդ մասին խոսում Ալեն Սիմոնյանը։ Երեկ ԱԺ միջանցքներում դարձյալ այս անիմաստ կռիվն էր՝ Սիմոնյանը Մարուքյանին էր մեղադրում նախկինների հետ կապի մեջ, Մարուքյանը՝ Սիմոնյանին։
Ալեն Սիմոնյանից փորձեցինք պարզել՝ արդյոք նախկինների հետ կապ ունենալն անպատվաբեր, ամոթալի բա՞ն է, որ նա այդպես մեղադրելով է հիշեցնում Մարուքյանին այդ մասին, եւ ի՞նչ ասել է՝ «նախկին»։ Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկի՞ն է։ «Եթե էդ կապը պայմանավորված է քո քաղաքական գործունեությամբ, եւ դու այդ քաղաքական գործունեության ժամանակ ասում ես, որ ես որեւիցե կապ չունեմ, այսինքն՝ ստում ես հանրությանը, ստում ես քո ընտրողներին, այո՝ վատ է։ Իսկ կապ ունենալ՝ հանդիպել, սուրճ խմել, ում հետ ուզում է, թող սուրճ խմի՝ դա իր խնդիրն է։ Կարող է սուրճ է խմում, ասում է՝ սրիկա՛, ամո՛թ քեզ, էս ի՞նչ ես անում»,-բացատրեց Ալեն Սիմոնյանը։

- Այսինքն՝ քաղաքական առումով նրանց հետ կապ ունենալն ամոթալի՞ է։

- Գիտե՞ք ինչ, ամոթալի է ունենալ եւ չասելը։ Եթե Էդմոն Մարուքյանը գա ասի, որ՝ այո, ես կապ ունեմ, ես ներկայացնում եմ այդ քաղաքական ուժը, ես ոչ մի խնդիր չունեմ, մենք կֆիքսենք, կանցնեք առաջ։

- Իսկ եթե կապ չունի՞։

- Հենց դա է ամոթալի, որ ունես եւ ասում ես, որ կապ չունես։ Որպես որակում, եթե Դուք որակման մասին եք հարցնում, այ, դա է ամոթալի։

- Հիմա հանրությունն ո՞ւմ հավատա, Դուք ասում եք՝ ունի կապ, ինքն ասում է՝ չունի։

- Հանրությունն ամեն ինչ էնքան լավ գիտի։

- Իսկ նախկիններից, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապ ունենալը, նրա հետ ճանապարհ անցած լինելն ամոթալի՞ է, թե՞ հակառակը՝ պատվաբեր։

- Ես ներողություն եմ խնդրում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում՝ որպես այդպիսին, չկա։

- Բայց նախկին է։

- Նախկին ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի մե՞կ է կազմակերպել, մա՞րդ է գնդակահարել, Լեւոն Տեր-Պետրոսյանը երկիրը թալանել՝ միլիարդատե՞ր է դարձել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին ընտրված նախագահն է՝ 1991 թվականին։

- Չե՞ք կարծում, որ քանի դեռ Մարտի 1-ը բացահայտված չէ՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե բացահայտված է, մենք չենք կարող ասել՝ Մարտի 1-ն ով է կազմակերպել եւ ով է սադրել։

- Վստահ եղեք՝ կարող ենք ասել։ Խաղաղ հավաքներ անցկացնելը սադրանք անվանել չի կարելի։ Մարտի 1-ի մեղավորներին բոլորը շատ լավ գիտեն։ Ես՝ որպես քաղաքական գործիչ, իրավունք չունեմ ասել, հակառակ պարագայում որոշ մեկնաբաններ եւ լրագրողներ դա կփորձեն օգտագործել, ինչո՞ւ ոչ՝ նաեւ դատավարության ընթացքում անմեղության կանխավարկած խախտելու մասով։ Բայց բոլորը դրա մասին գիտեն։ Եվ բոլորը դեպքերը, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, այդ օրվա իշխանության անմիջական պատասխանատվության ներքո են։ Իսկ այդ օրվա իշխանությունն ո՞վ էր, հրաման տվողն ո՞վ էր՝ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պատասխանատու է ՀՀ-ում անվտանգության համար։

- Լավ, իսկ նախկին ասելով՝ Դուք ո՞ւմ եք հասկանում։

- Իսկ նախկին ասելով՝ Դո՞ւք ում եք հասկանում։

- Ես հասկանում եմ Հայաստանի նորանկախ հանրապետության բոլոր նախկին իշխանություններին՝ Սերժ Սարգսյանից մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյան։

- Ես հասկանում եմ նախկին բարքերը կրողներին, այն է՝ կոռուպցիան, այն է՝ մարդու իրավունքների ոտնահարումը, քաղբանտարկյալներ ունենալը, մամուլի ճնշումը։

- ՀՀՇ-ի օրոք, օրինակ, չե՞ն եղել  նման բաներ՝ կոռուպցիա, ճնշումներ, գույքի ապօրինի սեփականաշնորհում, մամուլի նկատմամբ ճնշումներ․․․

- Ես երկու բան ասեմ՝ ՀՀՇ-ի ժամանակ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, բայց վստահեցնում եմ՝ ուզում է ՀՀՇ-ի օրոք լինի, ուզում է 91 թվականին լինի, բոլոր այն մարդիկ, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում խախտումներ են արել, իրենք, վաղ թե ուշ, կանգնելու են պատասխանատվության առաջ, անկախ նրանից՝ կլինի ՀՀՇ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը։

- Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելն ամոթալի՞ է, թե՞ ոչ։

- Ես 91 թվականին եղել եմ 11 տարեկան։

- Բայց նա 95-96-ին էլ է նախագահ եղել, երբ ընտրություններ էին կեղծվում, 2008-ին էլ ընդդիմության առաջնորդն էր։

- 95-ին 15 տարեկան դպրոցական եմ եղել, 2008 թվականին ես կանգնել եմ այն ուժի կողքը, որը դեմ է դուրս եկել գործող իշխանություններին, եւ հիմա հպարտանում եմ, որ 2008 թվականին ես տենց ճիշտ որոշում եմ կայացրել։

- Այսինքն՝ հպարտանալո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ որպես նախկին, ճանապարհ անցնելը։

- Հպարտանալու է՝ որպես քաղաքական գործիչ, 2008 թվականի մարտի 1-ին քաղաքական կյանք սկսելը։

- Իսկ ինչո՞ւ, այդ դեպքում, Ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, հետո լքեց Տեր-Պետրոսյանին, նրա թիմից դուրս եկավ, նրա հետ լարվածության մեջ էր երկար ժամանակ։

- Ինքը դրա մասին իր հոդվածում գրել է, Վահե ջան, ես կարծում էի՝ Դուք կարդացել եք։

- Կարդացել եմ, բայց ես էլ կարծում էի՝ Դուք էլ 90-ականների մեր պատմությանն եք ծանոթ։

- Ես հիմա պատմության քննությա՞ն եմ եկել։ Ես չեմ հետաքրքրվել, բայց ես Ձեզ ասացի ամենակարեւորը, որը Դուք բաց թողեցիք, ես ասացի՝ կապ չունի, թե որտեղ եւ երբ, եթե եղել է, բոլորը պատասխան են տալու։

- Ի վերջո, Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ անցնելն ամոթալի՞ է, թե՞ պատվաբեր։

- Ինձ համար որեւէ ամոթալի բան չկա, բայց ես Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ չեմ անցել, ես եղել եմ ցուցարար այդ ժամանակ։