Մեզ չեն սովորեցնում հաճույք ստանալ

Մեզ չեն սովորեցնում հաճույք ստանալ

Հարցազրույց բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հետ

- Եթե դեմ չեք, սկսենք «երկրի մշակույթ» հասկացությունից։ Օրինակ՝ Անգլիան ունի իրեն հստակ նկարագրող մշակույթներ՝ թեյախմության, եղանակի մասին զրուցելու, թեյավճարի բացակայության, հագուստով չդիմավորելու, բայց նաեւ դրեսս-կոդի սահմանման, Ֆրանսիան՝ գինեգործության, համբույրի, արվեստի բոլոր ճյուղերի ներկայացման, կինոյի, Ռուսաստանը՝ ընթերցասիրության։ Ո՞րն է Հայաստանը նկարագրող մշակույթն այսօր։ 

- Մենք վարքի մշակույթ չունենք կամ ունենք, որը լավագույն դեպքում սահմանափակվում է հյուրասիրությամբ, ինչն էլ գաստրոնոմիական ագրեսիայից այն կողմ չի անցնում։ Մշակույթ ասելով՝ մենք սովորաբար հասկանում ենք մի կողմից ժառանգություն, մյուս կողմից՝ արվեստ։ Այս հարցերում էլ, ցավոք, ոչինչ չենք անում ներկայանալի լինելու ուղղությամբ։

- Իմիջիայլոց, հիշեցի, երբ մշակութային տեղեկություններ էի փնտրում համացանցում, Ադրբեջանը մշակութակիր երկրների ցանկում կար, Հայաստանը՝ ոչ։

- Այո, համացանցում նույնպես բավարար չափով ներկա չենք։ Google-ում, Wikipedia-ում շատ բաներ փնտրում ես. կա՛մ չկան, կա՛մ թերի են, չստուգված։ Մենք չենք հասկանում, որ ճանաչված լինելու համար չի կարելի հույսը դնել ուրիշի հետաքրքրասիրության վրա, պետք է ներկայանալ ու մատուցվել ըստ պատշաճի։ 

- Հետաքրքիր է ու տարօրինակ․ ներկայանալ, ցուցադրվել սիրող ազգ ենք՝ բակային մշակույթից մինչեւ անգամ հագուստ կրելու մշակույթն է ավելի ցուցադրական, բայց չենք կարողանում ներկայացնել այն, ինչ իսկապես ունենք։

- Մի քանի տարի առաջ լուսանկարիչ Արա Գյուլերը Երեւան էր եկել, մի հարցազրույց կարդացի, հարցնում էին՝ Երեւանում ի՞նչը զարմացրեց ձեզ։ Ասում էր՝ կանանց բարձրակրունկ կոշիկները։

- Սա ի՞նչ է նշանակում, որ չունե՞նք տարրական կրթություն, եւ արդյո՞ք կրթությունն ուղիղ կապ ունի մշակույթի հետ։

- Չունենք կրթություն, չունենք ճաշակ, եթե ավելի խորը գնանք՝ աշխարհայացք չունենք։

- Արդյոք պե՞տք է կրթական համակարգում անել փոփոխություն կամ փոխել համակարգը։

- Առնվազն երեսուն տարի ուշացել ենք։ Հիմա էլ կրթություն ասելիս՝ լավագույն դեպքում պատկերացնում ենք թվային տեխնոլոգիաների մասնագետներ պատրաստելը։ Կրթությունն ու մասնագիտություն ձեռք բերելը մեզանում աղետալի կերպով շփոթված են։

- Իսկ ի՞նչ է կրթությունը։ Դուք չունեք լիարժեք բարձրագույն կրթություն, բայց ստեղծում եք գրականություն։ Ջորջ Գերշվինը չուներ կրթություն, բայց ստեղծեց ջազային մշակույթ, Պրոկոֆեւին հանեցին կոնսերվատորիայից, բայց նա իր մշակույթը թողեց։ Բիլ Գեյթս, Հենրի Ֆորդ, Սթիվ Ջոբս․ այդպես կարող ենք շատ շարունակել։ 

- Այո, կրթությունն ու դասի գնալն էլ են հաճախ շփոթվում։ Գիտեք, իմ կարծիքով, կրթությունը ոչ թե դիսցիպլինար առարկաների սերտումն է (դա կարեւոր, բայց բավարար պայման չէ), այլ մարդու ներաշխարհում հավասարակշռությունների մեխանիզմ ներդնելը։ Բոլոր առարկաները սերտած, մասնագիտություն ստացած մարդը մեկ էլ կարող է ասել. «Ես արվեստից բան չեմ հասկանում։ Ես պոեզիա չեմ սիրում։ Դասական երաժշտություն չեմ կարողանում լսել եւ այլն»։ Հասկանո՞ւմ եք, մեզ չեն սովորեցնում կյանքից հաճույք ստանալ։ Այ, սա է, իմ կարծիքով, կրթության ամենամեծ խնդիրը։

- Այս դեպքում ճի՞շտ է ունենալ ընդհանուր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն։

- Գիտեք, այդ գիգանտ նախարարությունը ստեղծվել է արդյունավետության եւ օպտիմալության մասին սխալ պատկերացումներով։ Այսինքն՝ մտածել են, որ գովազդից հայտնի два или три в одном-ը հարցի լուծում է։ Իմ պատկերացմամբ՝ պետք էր անել հակառակը. ունենալ առանձին հանրակրթության նախարարություն, որը կզբաղվեր նախադպրոցական եւ դպրոցական կրթությամբ, ունենալ բարձրագույն կրթության եւ գիտության պետական մի մարմին (ինչպես կուզեք՝ կոչեք), մշակութային ժառանգության նախարարություն, արվեստային գործընթացների պետական հիմնադրամ, սպորտի հետ կապված որեւէ կոմիտե։ Եվ այս կառուցվածքը ստեղծելիս անպայման մտածել, թե ինչը կարելի է վերցնել պետությունից եւ հանձնել մասնավոր ընկերությունների կառավարմանը։ Օրինակ՝ հուշարձանների պահպանության, գրադարանների, թանգարանների վարչությունների գործառույթները կարելի է եւ պետք է մրցույթով հանձնել մասնավորին՝ նախապես, իհարկե, ստեղծելով լավ օրենքներ ու կարգավորիչ մեխանիզմներ։ Թե չէ այս գիգանտ նախարարության գլխին ամենահանճարեղ մարդուն էլ որ դնես, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարողանալու ամեն ինչ հասցնել, հատկապես որ այդ նախարարության միջին եւ ցածր օղակներն էլ առանձնապես տրամադրված չեն էնտուզիազմով աշխատելու։   

- Իսկ ղեկավարները, առհասարակ, ոլորտը ներկայացնող մասնագիտություն պե՞տք է ունենան՝ ավելի լավ ու ճիշտ որոշումներ կայացնելու համար, թե՞ դա էլ իր վտանգն ունի՝ ծանոթ, բարեկամի։

- Ամենեւին պարտադիր չէ, որ մշակույթի նախարարն ինքը նկարիչ, գրող կամ դերասան լինի եւ ճանաչի x քանակի նկարիչների, կոմպոզիտորների, գրողների։ Առհասարակ, ղեկավարներին պետք է ընտրել ոչ թե ըստ կրթական ցենզի, մասնագիտության, այլ ծրագրերով եւ գաղափարներով։ Եվ քաղաքականությունն էլ բոլոր ոլորտներում պետք է կառուցվի հաշվենկատության սկզբունքով։ Ես՝ պետությունս, հարկեր եմ հավաքում եւ միջոցներ եմ տրամադրում, ասենք՝ թատրոններին, ի՞նչ եմ ստանում դրա դիմաց։ Առօրյա կյանքում մարդն այդ հաշվարկն ունի, չէ՞, երբեք չի ուզում վճարել վատ ապրանքի կամ ծառայության համար։ Իսկ մենք տասնյակ եւ ավելի պետական թատրոններ ենք պահում, որոնք կարգին հանդիսատես էլ չունեն։ 

- Այս դեպքում՝ պետություն չունենք, դրա համա՞ր մշակույթ չունենք, թե՞ մշակույթ չունենք, դրա համար էլ պետություն չունենք։

- Հավի ու ձվի պատմությունն է։ Ինչպես բոլոր այլ ոլորտներում, մշակույթում եւս պետության դերը պետք է սահմանափակվի կարգավորումներ անելով։ Եթե լինեն լավ մեխանիզմներ, եթե ապահովվի ազատ մրցակցություն, ամեն ինչ շատ արագ կշտկվի։ 

- Իսկ ունե՞նք արդյոք «հոգեւոր մշակույթ» հասկացություն։

- Ի՞նչ նկատի ունեք՝ հոգեւոր մշակույթ ասելով։

- Կրոն, հավատք, հոգեւոր կյանքով ապրող հասարակություն։

- Ավելի շատ՝ կրոն, ավելի պակաս՝ հավատք։ Մարդիկ հաճախ հավատքը պատկերացնում են այսպես. գնանք եկեղեցի, մոմ վառենք, մատաղ, կնունք, հարսանիք անենք․․․։ Չեմ ասում՝ բոլոր մարդիկ պարտադիր գնան պատարագների, ժամերգությունների, արդի աշխարհում համարյա չկա մի երկիր, ուր էդպիսի բան լինի։ Եվրոպայում կիրակի օրերին պատարագների ժամանակ եկեղեցիները կիսադատարկ են։ Եկեղեցին պետք է հրաժարվի ինստիտուցիոնալ կարծրությունից եւ փորձի դառնալ ավելի ընկալելի։ Եկեղեցին պետք է նմանվի Հիսուսին, որը բոլորի հետ էր ու խոսում էր։

- Ըստ Ձեզ, ո՞րն է Անկախության տարիներին ընդունված ամենասխալ որոշումը Հայաստանի Հանրապետության համար։

- Պատերազմի ռոմանտիկայի գերագնահատումը եւ խաղաղության կարիքի թերագնահատումը։ Միշտ հեշտ է մտածել. «Հաղթել եմ ու վերջ», բայց դժվար է հասկանալ, որ կայուն խաղաղության բացակայության պատճառով մենք ապրում ենք անորակ կյանքով։ Տեսեք, հասարակությունը սպասում էր, որ հեղափոխությունից հետո ներդրումների բում է լինելու։ Չեղավ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանը փակ է, չորս հարեւանից երկուսի հետ բաց սահման չունի, ցամաքային հուսալի ճանապարհներ չկան։ Դրա համար էլ այսօր «Մեր ժամանակի հերոս»-ը, ինքնազբաղմունքի աստիճան՝ մանր բիզնեսով եւ արհեստագործությամբ զբաղվողն է։ Սա է, կարծում եմ, մեր ամենամեծ ձախողումը։

Զրուցեց՝ Սոնա ՎԵՐԴՅԱՆԸ

Լուսանկարը՝ Դիրկ Սկիբայի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ