Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները պետք է դադարեցվեն

Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները պետք է դադարեցվեն

ԲԴԽ-ն փետրվարի 25-ին քննելու է  դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ արդարադատության նախարարության հարուցած վարույթը։ Դրան մասնակցելու է նաեւ վերջերս «Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամ նշանակված Գագիկ Ջհանգիրյանը։ Կարինե Պետրոսյանը կարծում է, որ նա լեգիտիմ անդամ չէ՝ ընտրվել է օրենքի խախտմամբ։

Հիշեցնենք․ տարիքային ցենզ կա՝ Գ․ Ջհանգիրյանը 66 տարեկան է, իսկ ԲԴԽ անդամ կարող են դառնալ մինչեւ 65 տարեկան անձինք, ուստի Կ․ Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի վերջինս հայտարարի Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարելու վերաբերյալ։ Վարդազարյանը երեկ մեզ ասաց, որ ինքը թեպետ կարող է միանձնյա այդ որոշումը կայացնել, սակայն նպատակահարմար է գտել ԲԴԽ անդամների հետ քննարկել դատավորի դիմումը, քանզի իր գործընկերների կարծիքը կարեւոր է, որից հետո հայտարարություն կտարածի։ 

Մենք զրուցել ենք դատավոր Կարինե Պետրոսյանի հետ։ Նա ասաց, որ ինքը մինչեւ ընտրությունները բարձրաձայնել էր, որ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում կոպտորեն խախտում է Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը։ Հիշեցրեց, որ ժամանակին վիճարկել է նաեւ ԲԴԽ արդեն նախագահ Գագիկ Հարությունյանի նշանակումը։ 

«Իսկ ինչո՞ւ եմ բողոքարկել։ Երբ որ կարծում եմ, որ ԲԴԽ անդամներից մեկը լեգիտիմ չէ, եւ օր առաջ պետք է նրա լիազորությունները դադարեն, բնականաբար, պետք է վիճարկել այդ հանգամանքը։ Եվ քանի որ վերջնական իրավական կարգավորում չկա՝ արդյոք այդ հարցը պիտի քննարկվի՞ ԲԴԽ-ում, թե՞ ոչ, ես դիմել եմ ԲԴԽ նախագահին եւ ասում եմ, որ այդ դատարանի անդամներից մեկը լեգիտիմ չէ, վաղուց պետք է հայտարարություն հրապարակվեր, ուստի խնդրում եմ իրականացնել Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասը եւ անհապաղ հայտարարություն տարածել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ»։

- Ստացվում է՝ ԲԴԽ-ն պետք է կատարեր մի բան, որը չի կատարել, եւ Դուք՝ որպես դատավոր, դիմել եք ԲԴԽ նախագահին, որ ընթա՞ցք տա։

- Պատկերացրեք, որ դատավորի 65 տարին լրանում է, եւ ԲԴԽ-ն առնվազն 6 անդամի համաձայնությամբ որոշում չի ընդունում լիազորությունները դադարելու վերաբերյալ։ Ուրեմն այդ դատավորը պիտի շարունակի՞ պաշտոնավարել։ Երեւի օրենսդիրը, այդ հանգամանքը հաշվի առնելով, իմպերատիվ պահանջ է դրել, որ այդ գործողությունը պետք է իրականացնի ԲԴԽ նախագահը՝ անհապաղ հայտարարություն տարածի լիազորությունների դադարման վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով ես դիմել եմ ԲԴԽ նախագահին ու կսպասեմ պատասխանին։ Բացասական պատասխանի դեպքում ես իմ հետագա գործողությունները կիրականացնեմ զուտ իրավական ընթացակարգերով՝ բողոքարկելով վարչական դատարան։

- Դուք քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք՝ Գագիկ Ջհանգիրյանն իշխանության թեկնածուն է, եւ կարծիք կա, որ նա եկել է «իր բռի մեջ հավաքելու դատավորներին»։

- Շատ կուզենայի, որ այդ փաստը բացակայեր, բայց տեղի ունեցող գործողությունների եւ իրադարձությունների ամբողջությունը, ինձ մոտ՝ որպես անկողմնակալ դիտորդի, այլ ենթադրության տեղիք չի տալիս։ Ինչո՞վ է պայմանավորված այն, որ ես պայքարում եմ․․․ ընտրությունից հետո տեղի են ունենում գործընթացներ, որոնք ինձ մոտ՝ որպես անկողմնակալ դիտորդի, կասկածներ են հարուցում նրա (Գագիկ Ջհանգիրյանի՝ խմբ․) գործունեության հետ կապված։

- Բայց նույն հաջողությամբ Ձեզ էլ կարող են կողմնակալ վերաբերմունքի մեջ մեղադրել՝ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ։

- Բացարձակ կողմնակալ վերաբերմունք չունեմ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ 65 տարին լրացած անձը չէր կարող առաջադրվել եւ ընտրվել ԲԴԽ անդամ։ Եթե փաստացի այդ ընտրությունը կատարված է, դա դեռ չի նշանակում, որ ես այն վիճարկելու հնարավորություն եւ իրավունք չունեմ։ Որովհետեւ նույնիսկ, եթե ԱԺ-ն օրենք է ընդունում, եւ դա օրինական ուժ է ստանում, կիրառման ընթացքում հնարավոր է, որ ՍԴ-ի կողմից ճանաչվի հակասահմանադրական։

- Գագիկ Ջհանգիրյանը դա մեկնաբանել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի նախադեպով։

- Գագիկ Հարությունյանի մասով նույն բողոքը գնացել էր․․․ մենք դա վիճարկել ենք վարչական դատարանում, դատաքննության փուլում էր, պարզապես կիսատ մնաց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ Գ․ Հարությունյանը հրաժարական տվեց։

- Իսկ Ձեզ հետ կապված ի՞նչ քրեական գործ կա հարուցված։

- Դեռեւս դեկտեմբեր ամսին հարուցված է քրեական գործ, որով ես ներգրավված եմ որպես վկա։ Ինձ քննիչը խնդրել է ներկայանալ ՀՔԾ, ես ներկայացել եմ, քանի որ ցանկանում էի աջակցել նախաքննությանը՝ դեռեւս տեղյակ չլինելով, թե ինչի մասին է խոսքը։ Ներկայանալով ՀՔԾ՝ տեղեկացա, որ քրգործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Փորձեցի քննիչից պարզաբանում ստանալ, թե ում կողմից է չարաշահված պաշտոնական դիրքը, քանի որ դա ենթադրում է կոնկրետ սուբյեկտ։ Երբ որ նա սկսեց հարցեր ուղղել օրինական ուժի մեջ մտած իմ դատական ակտի վերաբերյալ, ես քննիչին հարց ուղղեցի՝ սա չի՞ նշանակում, որ քրեական գործը հարուցված է կոնկրետ իմ գործողությունների հետ կապված, եւ խնդրեցի ինձ տրամադրել քրեական գործի հարուցման որոշումը, որպեսզի այն վիճարկելու իրավունք ունենամ․․․․ այն ենթադրում է իմ նկատմամբ գործի հարուցում՝ պաշտոնական դիրքի չարաշահման հիմքով։ Եվ առանց ԲԴԽ համաձայնության, բնականաբար, քննիչը չէր կարող նման որոշում կայացնել։ Այս պահի դրությամբ այդ որոշումն ինձ տրամադրված չէ։

- Ի՞նչն է Ձեզ հիմք տվել կասկածել Ջհանգիրյանի անաչառությանը։

- Հաշվի առնելով, թե ինչեր են տեղի ունենում, ինձ մոտ լուրջ կասկածներ առաջանում են։ Մասնավորապես, ինչ Ջհանգիրյանն ընտրվել է ԲԴԽ անդամ, ինտենսիվ հանդիպումներ է ունենում, մի կողմից՝ քաղաքական իշխանության, մյուս կողմից՝ դատավորների հետ։ Առնվազն 3 անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով զբաղվող օգնականին (Աննա Վարդապետյան), առնվազն 2-3 անգամ արդեն եղել է վճռաբեկ դատարանում, ես չեմ հիշում, որ մեր ԲԴԽ անդամներից որեւէ մեկը այդքան ինտենսիվ գործողություններ ծավալեր իշխանության ներկայացուցիչների եւ դատավորների միջեւ։ Կարծես միջնորդի դեր է ստանձնել։ Գիտեմ, որ ԲԴԽ իր աշխատասենյակ այցելել է քննիչ, նաեւ քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը։ ԲԴԽ-ի գործառույթը ո՞րն է՝ ապահովել դատավորի անկախությունը։ Սա դատավորի անկախությունն ապահովելու դրսեւորո՞ւմ է։ Իմ կարծիքով՝ ոչ։