Սովետական ժամանակ էլ Ադրբեջանը գրեթե Շորժայի կողքն էր

Սովետական ժամանակ էլ Ադրբեջանը գրեթե Շորժայի կողքն էր

Հարցազրույց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ

- Պարոն Շահումյան, ինչքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները ընտրություններից։

- Ինչ որ պետք էր եւ զգացվում էր, այդպես էլ եղավ, մրցակցություն ուղղակի չկար, որովհետեւ 20-ից ավելի կուսակցություն էր, եւ ո՞վ էր նրանց ճանաչում, գուցե մեջները շատ արժեքավոր մարդիկ կային, բայց հանրության համար անհայտ էին իրենք եւ պոպուլիստական հայտարարություններով էին ուզում ուշադրություն գրավել։

- Բայց հայտնի մարդիկ էլ կային 26 ուժերի մեջ, օրինակ՝ 3 նախկին նախագահները։

- Դե, երկուսն անցել են, ի՞նչ է եղել։

- Իսկ ինչո՞ւ նրանց չհաջողվեց բարձր տոկոսներ գրանցել։

- Ինչո՞ւ պիտի հաջողվեր՝ Քոչարյանի ամբողջ կենսագրությունը ժողովուրդը շատ լավ գիտի, եւ պարտադիր չէ, որ վերլուծաբանները պատմեն։ Ես զարմացա նույնիսկ, որ հեղինակավոր կուսակցությունը միացավ Քոչարյանին, որովհետեւ նա շատ վատ հեղինակություն ունի մեր ժողովրդի մեջ։ Բոլորս գիտենք ալան- թալանի մասին, էլ չասեմ Հոկտեմբերի 27-ի մասին․․․

- Ի՞նչ ապագա եք տեսնում ներկա իշխանությունների հետ։

- Ապագա կլինի էն դեպքում, երբ համերաշխություն լինի, եւ բոլորը փորձեն իրենց գիտելիքներով եւ ունակություններով աջակից լինել։ Մի մարդը չի կարող ե՛ւ զինվորականի գիտելիք ունենալ, ե՛ւ տնտեսագետի, ե՛ւ գիտնականի։ Համենայնդեպս, այս 2-3 տարվա մեջ որեւէ մեկը չի կարող մեղադրել որեւէ չարաշահման մեջ, կարեւորը՝ երկրի նկատմամբ ազնիվ գործելն է, իսկ փորձն ու հմտությունները ձեռք են բերվում, դա պրոբլեմ չէ․․․

- Ազնի՞վ էր 44 օր շարունակ ասել՝ հաղթելու ենք։

- Դա ասում էին ռազմական նախարարության գործակալությունները եւ հաղորդագրությունները․․․

- Կարծում եք՝ նրանք ինքնագլո՞ւխ էին գործում։

- Մենք այստեղ նստած կամ վարչապետը՝ կարող է իրեն շատ բան սխալ էր հաղորդվում, եւ մենք հասկացանք, որ ահագին մարդիկ են եղել, որ իրենց պարտավորությունները չեն կատարել եւ այլն։ Հետո՝ շտաբ կար, ուրեմն շտաբի մեղքն էլ է, չէ՞, բացի այդ՝ 3 երկիր էր հարձակվել Հայաստանի վրա, խեղճ Հայաստանն ի՞նչ պետք է աներ․․․ Բաբայանն էլ վերջերս գրեց, որ 15 տարի շարունակ մետաղալոմ են բերել զենքի փոխարեն, էդ մարդը հո տեղյակ է, իսկ ես եւ դուք մասնագետների կարծիքն ենք լսում, չէ՞․․․

- Այսինքն՝ կարծում եք, որ նախկիններն էին մեղավոր։

- Բոլորս էլ մեղավոր ենք, երեւի ես էլ եմ մեղավոր, որ չեմ գնացել մասնակցել․․․ Արցախի այսօրվա վիճակը, որը մենք պարտություն ենք համարում, թեպետ ես դա պարտություն չեմ համարում․․․

- Բա ի՞նչ եք համարում։

- Այն, որ նախապես այդ տարածքները պայմանավորված էր ու տրված․․․ Դա նաեւ այն էր, երբ Արցախի առաջին դեմքերը՝ իրենց ընտանիքներով, հարազատներով, բանիմաց աշխատողներով, գալիս տեղափոխվում էին Հայաստան ու լքում իրենց մայր հայրենիքը, ժողովուրդն էլ սկսում է արտագաղթել… Դա է ամբողջ Արցախի անհաջողության պատճառը։ Հիմա 15 տարի այլեւս չի աշխատում Քոչարյանը, ինչո՞ւ չի վերադարձել իր հայրենիք ու այն ծաղկեցներ։

- Վերջին 3 տարում այլ ուժ էր իշխանության ղեկին։

- Կապ չունի, 3 տարվա մեջ հնարավոր չէ 30 տարվա չարվածն անել, երբ չորսբոլորը խանգարում էին, 3 տարին շա՞տ ժամանակ է։

- Կարծում եք՝ հնարավորություն չկա՞ր կանգնեցնելու պատերազմը։

- Իհարկե, որովհետեւ այդ պատերազմը մենք չենք հրահրել, այլ 3-4 խոշոր պետություններ են հրահրել։

- Իսկ ի՞նչ եք մտածում այն մասին, որ մեկ ամսից ավելի ադրբեջանական զինուժը գտնվում է Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Դա ո՞ւմ պատասխանատվությունն է։

- Ինչ է՝ ուզում եք նորի՞ց պատերազմ արվի, դա ուզում են խաղաղ ճանապարհով լուծեն եւ կլուծեն, ի՞նչ է եղել, միջազգային կազմակերպություններն էլ են ոտքի կանգնել, Ռուսաստանը որ գարանտ է դարձել, պարտավոր է մասնակից լինել եւ այլն։ Դուք երեւի տեղյակ չեք, բայց սովետական ժամանակ էլ Ադրբեջանը գրեթե Շորժայի կողքն էր․․․։

- Ե՞վ, թողնենք առաջանա՞ն։

- Ես, իհարկե, կուզենամ, որ ամբողջ հին Հայաստանը վերադառնա, բայց դա ռեա՞լ կլինի, այդ մտնելու հիմնական դրդապատճառը եղավ այն, որ տեսան Հայաստանում անհամաձայնություն կա, եւ իրար ենք փրթում․․․

- Իսկ գուցե նախօրոք պայմանավորվածություննե՞ր են եղել։

- Ի՞նչ պայմանավորվածություն, դուք մասնակի՞ց եք եղել դրան, որ ասում եք։

- Ես, ինչպեսեւ Դուք, ենթադրում եմ, ամեն դեպքում այս վարկածը ինչո՞ւ չեք դիտարկում։

- Չէ, ինչո՞ւ պիտի պայմանավորվեն, ես պայմանավորվեմ հարեւան թշնամուս հետ, ասեմ՝ արի մտի տո՞ւնս, դա ի՞նչ բան է․․․, կարող է մի դավաճան լինի ու թշնամուն բերի հարեւանի տունը մտցնի, այդպես կարող է, բայց ես տանտերն եմ եւ ինչո՞ւ պետք է համաձայնեմ, որ գան իմ տունը մտնեն։

- Հիմա ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար կամ ինչի՞ դիմաց են մեր իշխանությունները հանդուրժում թշնամուն մեր տանը, այն էլ՝ մեկ ամսից ավելի։

- Այսինքն, Դուք ուզում եք ասեք, որ պատրաստ եք հիմա զենքով գնալ ու այնտեղ կռվել․․․

- Ես ասում եմ՝ ինչո՞ւ, օրինակ, ադրբեջանցի սահմանապահները կարող են կրակ բացել Իրանի տարածքից սահմանը հատած քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ոչ միայն կրակ, այլեւ գերի չենք վերցնում սահմանախախտներին։ 

- Իրանն ունի իր հստակ սահմանը, մեր սահմանը խախտվել է, իրենք ասում են՝ էս կտորը մերն է, մենք ասում ենք՝ չէ, մերն է, բայց դրա համար կան փաստաթղթեր, ինձ թվում է՝ եթե մեր երկրում խաղաղություն եղավ, անգամ զենքի ուժով մենք կարող ենք վերականգնել, պետք է երկրում ամեն ինչ հարթվի, եթե թույլ չտան, որ Թուրքիան խառնվի, Ադրբեջանի հետ մենք խնդիր չենք ունենա։ 

- Կարծում եք՝ այսքանից հետո հնարավոր կլինի՞ բարեկամություն, խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ 

- Ես նման բա՞ն ասեցի․․․ իհարկե, խաղաղություն պետք է լինի, ինչ է՝ անընդհատ պատերա՞զմ ենք ուզում, բայց խաղաղություն պետք է լինի, երբ մենք որեւէ զիջում չենք անելու, այսինքն՝ ի շահ մեզ պետք է լինի, եւ պահպանենք մեր իրավունքները։