Հայաստանի գործող իշխանությունը չի՛ կարող և չի՛ ցանկանում սթափ գնահատել իրավիճակը

Հայաստանի գործող իշխանությունը չի՛ կարող և չի՛ ցանկանում սթափ գնահատել իրավիճակը

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.

«Սխալ է արցախյան կարգավորման հարցը և ընդհանրապես «հայկական հարցը» դիտարկել միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։
Հարցը շատ ավելի խորն է.
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական փոքր հատվածի վրա կենտրոնացել են ուժի համաշխարհային կենտրոնների շահերը, իսկ պայմանական Արևելքի (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հնդկաստան և հարակից կոնգլոմերացիաներ) և պայմանական Արևմուտքի (ԱՄՆ, Եվրոպա և հարակից կոնգլոմերացիաներ) միջև առճակատումը լրջորեն սրեցին իրավիճակը տարածաշրջանում։
Ռուսաստանը հասկանում է, որ ռուսական ռազմաքաղաքական բաղադրիչի դուրս մղումը տարածաշրջանից հնարավոր է միայն այն դեպքում, եթե չեզոքացվի «հայկական հարցը» (այսինքն՝ Արցախի կործանումը և հայերի աստիճանական դուրս մղումը տարածաշրջանից՝ արդեն ուղղակիորեն մասնատելով Հայաստանը)։
Անմիջապես վերապահում անենք, որ թուրք-ադրբեջանական ծրագրերի համաձայն, հայերի դուրսմղումը տեղի կունենա փուլերով և մի քանի տարիների ընթացքում, և դրա համար կկիրառվեն ամենալայն գործիքները՝ ռազմադիվանագիտական շանտաժից մինչև այսպես կոչված «թուրքական ներդրումներում» Հայաստանի տնտեսության փոշիացում։
Ավելին, պետք է հասկանալ, որ այսպես կոչված պայմանական Արևմուտքի համար արդեն կա կոնսենսուս, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը և Արցախի խնդիրը պետք է լուծվի հայկական կողմի շահերի հաշվին։
Հայկական գործոնի սողացող կործանման դիմաց նույն եվրոպացիները մեզ փող են առաջարկում (հիշեք եվրոպացիների կողմից մեզ խոստացված 2,6 միլիարդ եվրոն)։
Այսինքն՝ կարելի է խոսել որոշակի ձևավորված կոնսենսուսի մասին, որտեղ Հայաստանի և Արցախի ապագան փոխանակվում է պայմանական Արևմուտքի էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերի հետ։
Եվ այստեղ ևս մեկ անգամ կրկնում ենք՝ շատ կարևոր է, թե ով է «առաջին ջութակը նվագելու» թուրք-ադրբեջանական տանդեմի և Հայաստանի բանակցություններում։
Պատահական չէ, որ մենք բախվում ենք կատաղի մրցակցության «հայկական հարցի» կարգավորման հարցում Արևմուտքի և Արևելքի միջև։
Արդեն ակնհայտ է, որ մոսկովյան պայմանավորվածությունները փորձում են համահարթել բրյուսելյան ակտիվ գործընթացով։
Մենք նաև պետք է հասկանանք, որ Արևմուտք/Արևելք մրցակից կողմերից յուրաքանչյուրն իր նպատակներն է հետապնդում, և, որ եթե հրաժարվենք մեր շահերը պաշտպանելուց, ապա միջնաժամկետ ապագայի առումով իրավիճակը մեզ համար բացարձակապես կրիտիկական կդառնա։
Հայաստանի գործող իշխանությունը չի՛ կարող և չի՛ ցանկանում սթափ գնահատել իրավիճակը և գործել Հայաստանի շահերին համապատասխան՝ իր դիրքորոշումը հիմնավորելով ներքին ու արտաքին ռեսուրսների բացակայությամբ։
«Մարտահրավերներին դիմակայելու անկարողության» մասին կեղծ և իրականում հակահայկական դրույթները, որոնցով գործում է Հայաստանի ներկայիս կառավարությունը, լիովին համապատասխանում են հայկական գործոնը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրերին։
Իրավիճակը սրվում է նրանով, որ պայմանական Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն այս դեպքում լիովին համընկնում են։
Ի վերջո, և՛ Արևմուտքի, և՛ թուրքերի նվազագույն խնդիրն է հնարավորինս թուլացնել ռուսների ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչը, ի դեպ, կողմերը չեն թաքցնում։
Ի՞նչ անել
- Գոնե դադարե՛ք սպասարկել «նեոթուրքական» ուժային կենտրոնի շահերը և հստակ ուրվագծեք բանակցությունների կարմիր գծերը․ այն է՝ նվազագույնը ներկայիս հայկական սահմանների անձեռնմխելիությունը և Արցախը Ադրբեջանի օրինական դաշտ տեղափոխելու նույնիսկ հիպոթետիկ հնարավորության մերժում։
Դիրքորոշումը պետք է գոնե հրապարակայնորեն հնչեցվի՝ առանց ճիզվիտական պատճառաբանությունների, օրինակ՝ «գլխավորը Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքն է, իսկ հետո՝ կարգավիճակը», քանի որ Արցախում բնակվող ինքնավար հայկական էթնիկ խմբի և՛ անվտանգությունն, և՛ իրավունքները ուղղակիորեն կախված են ցեղասպան Ադրբեջանից Արցախի Հանրապետության անվերապահ անկախ կարգավիճակից»: