Եթե չունենան փաստաթուղթը, կտուգանվեն 100 հազար և ավել գումարով

Եթե չունենան փաստաթուղթը, կտուգանվեն 100 հազար և ավել գումարով

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։ Այսօր կառավարության շենքի դիմաց տարբեր մարզերից, համայնքներից գյուղացիները եկել էին կառավարության շենքի դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք նշում էին, որ սպանդանոց կառուցելու համար 25-30 հազար դոլար է անհրաժեշտ, իսկ իրենք այդ գումարը չունեն։ Նրանք պնդում են, որ մի քանի սպանդանոցներ կան, սակայն դրանք իրենց բնակավայրերից բավականին հեռու են, ուստի տեղափոխումը նույնպես դժվարություններ է առաջացնելու։ Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ որոշում կայացնելուց առաջ որևէ պետական պաշտոնյա չի այցելել գյուղեր՝ գյուղացու կարծիքը խնդրի վերաբերյալ հասկանալու համար։ Թեմայի առնչությամբ մենք զրուցեցինք Միս ու կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի տնօրեն Աշոտ Կարապետյանի և փոխտնօրեն Արամ Ճշմարիտյանի հետ:

«Երեկվանից սննդի անվտանգության պետական տեսչությունը կատարում է ստուգումներ հանրային սննդի վայրերում, մսի խանութներում, որպեսզի միայն սպանդանոցներից դուրս եկած միսը վաճառեն, կար կառավարության որոշում, որ պետք է 2018 թվականից անեին, բայց քանի որ բիզնեսը դեռ պատրաստ չէր այդ խաղի կանոններին, հետաձգել են մինչև 2020 թվականի հունվարի 15-ը։ Պարտադիր մորթի կարևորությունն այն է, որ հիվանդ ծագման միսը բնակչությանը չհասնի։ Մինչ այդ կարգավորումները շուկայում բավականին թերի էին, ներկայումս արդեն այդ կարգավորումները հստակեցվում են: Այդ սպանդանոցները մսի յուրահատուկ ֆիլտրացիոն կենտրոններ են, որտեղ հստակեցվում է մսի ծագման վերաբերյալ, կարգի, որակի և այլն, այսինքն` անցնում ենք ավելի քաղաքակիրթ մշակույթի այս ոլորտում»,- ասաց Աշոտ Կարապետյանը։

Փոխտնօրեն Ճշմարիտյանի խոսքով՝ այսուհետ միս վաճառողները կտուգանվեն, եթե հաշվի չառնեն խաղի նոր կանոնները․

«Միս վաճառողներին տրամադրվում է փաստաթուղթ՝ «5-րդ ձև», այսինքն՝ մսի հետ պետք է նաև փաստաթուղթ գա, այդ փաստաթղթով երևում է, թե որտեղ է սպանդը տեղի ունեցել, այնտեղ համապատասխան կնիք և շտրիխ կոդ կա, սպառողը կարող է վաճառողից պահանջել այդ փաստաթուղթը, դա նրա իրավունքն է։ Ամսի 15-ից արդեն ռեալ տուգանքներ են կիրառվելու․ ով այդ փաստաթուղթը չունեցավ, տուգանվելու է՝ ընդհուպ մինչև մսի առգրավելը, 100 հազար դրամ և ավել տուգանք, մի քանի անգամ կրկնվելու դեպքում հետագայում նաև կարող է կասեցվել վաճառողի գործունեությունը։ Մեր խնդիրն այն է, որ բիզնեսը տեղյակ լինի այս խաղի կանոններին»:

Գյուղացիների պնդմամբ, եղած սպանդանոցները հեռու են իրենց բնակավայրերից, Ճշմարիտյանին հարցրինք, թե որքան սպանդանոց է անհրաժեշտ` հանրապետությունում այս խնդիրը լուծելու համար:

«Ներկայումս կա մոտ 20 սպանդանոց, կառուցվում է ևս 30-ը։ Մեր հաշվարկներով, Հայաստանի ողջ տարածքը մարզերով սպասարկելու համար 40-ից մի քիչ ավել սպանդանոցների թիվը բավարար է լիարժեք։ Լավն այն է, որ գյուղացին, երբ անասունին  տանում է սպանդանոց, ինքը համոզվում է, որ իրեն քաշի մեջ չեն խաբում, մյուս պարագաներում չեն խաբում, իր կողմից վիճակը դառնում է վերահսկելի։ Դա նպաստելու է անասնապահության ծավալների մեծացմանն ու զարգացմանը»։

Ինչո՞ւ պետք է գյուղացին վճարի սպանդանոցին՝ հարցրինք, եթե կարող է, օրինակ, իր ծանոթ «ղասաբին» բերել:

«Մորթը միշտ էլ վճարովի է եղել, դա եղել է ոչ լեգալ, այժմ սա նպատակ է հետապնդում այդ գործընթացն իրավական դաշտ տեղափոխել, և պետությունն այս գործընթացից շահելու է նաև հարկեր հավաքելու, աշխատատեղեր ստեղծելու տեսանկյունից։ Սպանդանոցներում կան մի քանի կարանտինային գոտիներ, առաջինը վերցնում են անալիզ, որպեսզի ստուգեն այդ անասունի ռեալ իրավիճակը, գյուղացու աչքի առաջ կշռելու են, գործընթացը հեշտանալու է, և վերանալու են շուկայում առկա որոշակի միջնորդները։ Դրանից առաջ, երբ գալիս, գյուղացուց գին էին խոսում, խաբում տանում էին, ներկա պահին արդեն գյուղացին ռեալ հետևում է պրոցեսին»։