Անհապաղ  իրազեկել

Անհապաղ  իրազեկել

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիեւը, որ ինքնաանվանվում է «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական բնակչության ղեկավար» եւ փորձում «սուբյեկտային» կերպար ձեւավորել, ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Զավթիչ Հայաստանը պետք է վստահ լինի, որ մեր Խոջավենդի շրջանում ասֆալտապատած այս ճանապարհով շուտով մեր Ղարաբաղի բռնազավթմանը վերջ դնելու համար թափով կընթանա Ադրբեջանի ռազմական եւ քաղաքացիական տեխնիկան: Շոուի ավարտին քիչ է մնացել»: 

Այս սպառնալի տեքստը Գյանջալիեւը գրել է որպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Մարտունու շրջան կատարած աշխատանքային այցի մասին տեսագրության մեկնաբանություն: Գյանջալիեւն ընտրվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ: Նույն կառույցում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, կարծում եմ, պետք է Գյանջալիեւի ռասիստական բնույթի գրառման մասին իրազեկի գործընկերներին, Եվրոպայի Խորհրդին եւ ԵԽԽՎ ղեկավարությանը: Արցախի ԱԳՆ-ն պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին: Բանակցային ի՞նչ գործընթացի, մանավանդ «տեղահանված ադրբեջանցիների վերադառնալու իրավունքի» մասին ի՞նչ դիսկուրս կարող է լինել, եթե հակառակ կողմից նույնիսկ խորհրդարանի պատգամավորի մակարդակով է արցախահայության բնաջնջման եւ բռնատեղահանության սպառնալիք հնչեցվում: