Ձայն բարբառոյ... ԿԳՄՍՆ-ի

Ձայն բարբառոյ... ԿԳՄՍՆ-ի

Վերոգրյալ նախարարության պաշտոնական կայքը քանի օր եղավ՝ գուժում է, որ, հավատարիմ իրենց ապազգային ընթացքին, առաջնորդվելով վարչապետի «մեզ ոչ ոք չի շեղի մեր ճանապարհից» ուղղորդիչ հայտարարությամբ, նախարարությունը մասնավորապես հայ գրականության «ուղղությամբ» իր նկրտումները կյանքի է կոչելու: Չնայելով քննադատությունների տարափին, անտեսելով ակադեմիական ինստիտուտների խիստ ժխտողական վերաբերմունքն ու հնչեցրած բացասական գնահատականները, ականջալուր չլինելով բուհական համակարգից հնչող պաշտոնական հակադարձումներին, բանի տեղ չդնելով բնագավառի բազմաթիվ մասնագետների հիմնավոր մտահոգություններն ու բազմապիսի փաստարկված անդրադարձները, ԿԳՄՍ նախարարության՝ ակամա օրվա հերոս դարձած փորձագիտական խումբը՝ Թամար Ալեքսանյանի գլխավորությամբ, հրապարակ է բերել նոր պաշտոնական փաստաթուղթ եւ «Իրազեկում» խորագրով զետեղել կայքում:

Հատկանշական է, որ փաստաթուղթն անուն չունի. «իրազեկում» բառը զուտ հայտարարության իմաստով է եւ վերաբերում է նաեւ մյուս առարկաներին. փաստաթղթի համար անվանում չի կարող լինել նաեւ «հայոց լեզու եւ գրականություն» նշումը, որովհետեւ դրանցից ոչ մեկով չի հասկացվում, թե բովանդակային առումով դրանց հաջորդող ծավալուն տեքստի անո՛ւնն ինչ է: Անանուն գործելու մեթոդը հատկանշական է այս գերատեսչությանը. նրանք սիրում են հանդես գալ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, «մթության քողի ներքո»: Նրանք հենց այդպես՝ մթության քողի ներքո էլ Համաշխարհային բանկից ժամանակին մեծ դրամաշնորհ են ստացել «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի եւ չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում բարեփոխումներ անելու համար, որը ներառում էր, ի թիվս այլոց, «հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը:

Ուշադրություն դարձրեք. այդ ծրագրով ի սկզբանե՛ բացառված է եղել Հայ գրականությունը, հետեւաբար, այդ պատճառով են այսօր կռիվ տալիս ԿԳՄՍՆ-ականները եւ մյուսները: Ասել է թե՝ փողը տալուց առաջ պատվիրատուն, որ ակնհայտորեն սորոսական նկրտումներ է ունեցել, պայման է դրել՝ գրականության վրայից դեն նետել ազգայնություն ցույց տվող «հայ» բառը եւ կազմել անորոշ-հեղհեղուկ-կասկածելի մի «գրականության» չափորոշիչ ու ծրագիր: Եվ ահա մեր «դրամաշնորհվածները» հենց այդպես էլ ջանում են: 

Բայց վերադառնանք անանուն փաստաթղթին, որ հեղինակել է Թամար Ալեքսանյանի անվան փորձագիտական խումբը, ինչը նշանակում է, որ այն դարձյալ պիտի լիներ (չէր կարող չլինել) թերի, կիսագրագետ եւ խոտելի:

Նշենք, որ տեքստում չկա այն պարզ գիտակցումը, որ «հայոց լեզուն» կամ «գրականությունն» առարկա չեն, այլ՝ ուսումնական առարկա. բացարձակապես ոչ մի հիշեցում այդ մասին, ինչից ենթադրվում է, որ տիկինն ու իր խումբը ինչպես խոսակցական հայերենն է հուշել, այդպես էլ գրել են: Հենց այդպիսի հայերենի վկայություն են «անցած նյութ», «գրողի բերած նորություն» եւ այլ բանաձեւումները: Այս փորձանք-խումբը կարող է նաեւ գրել՝ «Մշակվել են չափելի վերջնարդյունքներ, որոնք միտված են հայ մարդու եւ քաղաքացու նկարագրի ձեւավորման գործում հայոց լեզվի, գրականության (հայ գրականության) դերի ու նշանակության բարձրացմանը (փակագծերի մեծահոգի «զիջումը» նկատեցի՞ք - Լ. Ս.)»: Դառնանք-չողբա՞նք այն գրականությանը, որի «դերն ու նշանակությունը» պիտի... բարձրանա, եւ դա չափելի վերջնարդյունք է: Չողբա՞նք այն «մասնագիտական» խմբին, որ չի տարբերում հասարակ բաներ՝ ածականն ու մակբայը, եւ կարող է գրել՝ «Ծրագրերը զգալի բեռնաթափվել են», կարող է երկնել այսօրինակ անհեթեթություն՝ ««Մայրենի» միասնացած (ինտեգրված) առարկան լուծում է տարբեր ուսումնական խնդիրներ՝ բանավոր եւ գրավոր հաղորդակցման, ընթերցանության, լեզվական եւ արժեքային համակարգերի ձեւավորման ուղղությամբ»: Իսկապես, ինչպե՞ս չողբանք այս... «ուղղությամբ»: 

Բայց փորձագիտական խումբը շարունակում է լեզվական նոր փորձանքներ առաջադրել. «Միջին դպրոցում թեմաները բաժանված են ըստ գրական ժանրերի, որոնց տիրույթում պահպանված է հեղինակների ժամանակագրական հաջորդականությունը»: Թե թեմաներն ինչպե՛ս են «բաժանված» ըստ ժանրերի՝ թողնենք մի կողմ, բայց ի՞նչ ասել է՝ «ժանրերի տիրույթ». բարբաջանք չէ՞:
«Մայրենիի դասավանդումը չափելի վերջնարդյունքների միջոցով նպաստում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ապահովմանը»,- գրել են տեքստի հեղինակները՝ սովորական մահկանացուներիս թողնելով ըմբռնելու «նպաստել... ապահովմանը» գերիմաստությունը: «Մյուս կողմից՝ մայրենի լեզուն այլ առարկաներ, այդ թվում՝ օտար լեզուներ ուսումնասիրելու հիմնական միջոցն է»,- գոհ հայտարարում են տեքստի հեղինակները՝ ակնհայտորեն չտեսնելով, որ «մյուս կողմից»-ով ենթադրվող «մի կողմից»-ն իրենց արարած տեքստում չկա, ուրեմն էլ ի՛նչ «մյուս կողմից»: 

Փորձագիտական այս խմբի անդամները, հավանաբար կռահելով, որ արդե՛ն քանդել են հայ գրականությունը, իրենց իրավունք են վերապահել նաեւ... կառուցելու այդ գրականությունը. «Ավագ դպրոցում սովորողներն ուսումնասիրելու են հայ գրականություն, որը կառուցված է ժամանակագրական մեթոդով...»: (Ի դեպ, ժամանակագրությունը մեթոդ չէ, այլ՝ սկզբունք):
Իսկ ամենատխուրն այն է, որ քննարկվող տեքստը ցույց է տալիս, թե ինչպիսի ապիկար աշակերտներ են իրե՛նք՝ տեքստի հեղինակները, եթե բազմաթիվ հրապարակային դասերից հետո այդպես էլ չեն սովորել ենթակայի եւ ստորոգյալի՝ թվով համաձայնելու պարզագույն կանոնը, ուստի կարող են գրել՝ «Դրանց ուսումնասիրման նպատակը («դրանք»-ը հայոց լեզուն եւ գրականությունն են - Լ. Ս.)... զարգացումն են»:

Ահա այսպես՝ ապիկար եւ ապաշնորհ, կիսագրագետ եւ մոլորյալ, «ակադեմիական այրերի» ու մանկավարժների միջեւ հակամարտություն կոչող բանսարկություններով հրապարակ մտած փորձագիտական խմբի «այրերը»՝ յուրյանց տիկին առաջնորդով, վստահ գնում են... սորոսական այգաբացին ընդառաջ: