Ես չեմ պատկերացնում, որ մարդը 2008 թվից չի մասնակցել ընտրություններին, եւ ուզում է ՍԴ դատավոր դառնալ

Ես չեմ պատկերացնում, որ մարդը 2008 թվից չի մասնակցել ընտրություններին, եւ ուզում է ՍԴ դատավոր դառնալ

Որոշ իշխանականների արշավի արդյունքում երեկ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն ինքնաբացարկ հայտնեց։ Տեւական ժամանակ մենք գրում էինք, որ իշխող խմբակցությունում չեն հաշտվում Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգը կառավարած Դավիթ Ավետիսյանի որդու առաջադրման հետ։ Իմքայլականների եւ թեկնածուի հանդիպումն էլ անցել էր ծանր մթնոլորտում, խոսել էին Ավետիսյանների ունեցվածքի, առանձնատան, բիզնեսների մասին՝ ակնարկելով, որ թեկնածուով իրավապահները պետք է «զբաղվեն»։ Հատկապես մարտական էին տրամադրված ՀԱԿ-ական շրջանակներն ու այնտեղից խորհրդարան գործուղված պատգամավորները, որոնք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դրդմամբ խնդիր էին դրել, որ Ավետիսյանի թեկնածությունը խորհրդարան չհասնի, քանի որ հայրը՝ վճռաբեկի քրեական պալատի նախկին ղեկավարը, անմիջական մասնակցություն է ունեցել մարտիմեկյան վճիռների կայացմանը։

Վահրամ Ավետիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ինքնաբացարկի հետ կապված ուշագրավ նկատառում էր հայտնել․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից եւ հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին եւ պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ինձ համար անընդունելի»։ Այս մոտեցումների մասին զրուցեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- Պարոն Աղազարյան, ինչո՞ւ «մերժեցիք» թեկնածուին, որ մարդը ստիպված եղավ բացարկ ներկայացնել, իր տարածած տեքստում էլ ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության եւ անկախության վերաբերյալ դիտարկումներ էր արել։ Սա ակնա՞րկ էր, որ դուք ապաքաղաքականացված ՍԴ եւ ՍԴ անդամի թեկնածու չեք ուզում։ 

- Ես կարդացել եմ իր հայտարարությունը, կարծում եմ՝ չկար ակնարկ, թե մենք քաղաքական ՍԴ ենք ուզում։ Ինքն ասում է՝ հայացքների ու աշխարհընկալման մեջ կա տարբերություն։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ մարդը 2008 թվականից մասնակցած չլինի ընտրություններին, ցուցաբերած չլինի հասարակական-քաղաքական ակտիվության նշույլ անգամ եւ մի աշխատանքից գնա մեկ այլ աշխատանքի՝ վեց անգամ ցածր աշխատավարձով։ Սա ինձ համար, անկեղծ ասած, անհասկանալի էր։

- Հիմա ընտրություններին չմասնակցե՞լն էր անհասկանալի, թե՞ պակաս աշխատավարձով աշխատանքի տեղափոխվելը։

- Ինքն ասաց, որ 2008 թվականից չի մասնակցել որեւէ ընտրության՝ չունենալով դրանց նկատմամբ վստահություն։ Բայց չէ՞ որ հասարակության մեջ իրեն ակտիվ համարող մեկի համար դա թույլ կեցվածք է, չէ՞ որ պետք է պայքարի, պետք է դիմադրի, մանավանդ իր մակարդակի գիտական-մանկավարժական որակներ ունեցող անձնավորության համար։ Եվ դրանից հետո, երբ ինքը գնում է աշխատանքի, որտեղ պետք է վարձատրվի 6 անգամ ցածր, քան այսօր է վաստակում, անհասկանալի է դառնում։

- Բայց իշխանության մեջ էլ շատերը կան, ովքեր ասում են, թե մենք մի քանի անգամ բարձր աշխատավարձ ենք թողել եւ եկել ծառայելու։

- Այո, «Իմ քայլի» մեջ էլ կան մարդիկ, որոնք բարձր աշխատավարձը փոխել են ցածր աշխատավարձով, բայց այդ մարդիկ եկել են նպատակի համար, միշտ էլ պայքարել են։ Եկել են իրենց պայքարի արդյունքները տեղ հասցնելու։ Իսկ այս դեպքում անհասկանալի է դառնում, էլի։

- Միգուցե պարոն Ավետիսյանն էլ էր գալիս պայքարելու՝ իր ոլորտում, ու բոլորովին պարտադիր չէ, որ բոլորը քաղաքական պայքար տանեն, մարդն իր ոլորտում, իր մասնագիտության մեջ կարող է տանել այդ պայքարը։

- Դե, չի ստացվում ըտենց։ Եթե դու անտարբեր ես եղել ընտրությունների նկատմամբ, հիմա էդ ակտիվությունդ ո՞նց է հանկարծակի ծլել-ծաղկել։

- Ընտրությունները բոյկոտելն էլ է պայքարի ձեւ, դուք էլ եք երբեմն նման կոչեր արել։

- Բոյկոտի կոչն անտարբերություն չէ, դա ակտիվ կեցվածք է, բայց չմասնակցել ընտրություններին եւ դրան գնահատական չտալ, այն էլ այն պարագայում, երբ ԷսԷնԳե-ի մակարդակով ինչ-որ կառույց է ղեկավարում եւ զբաղվում է հասարակության զարգացման եւ այլ հարցերով։ Բոլոր դեպքերում, խմբակցությունում եղել են կողմ եւ դեմ կարծիքներ, հարցադրումներ են հնչել, եւ ինքը եկել է այն կարծիքին, որ նման որոշում է ընդունել։

- ՍԴ դատավորի համար պահանջվող հատկանիշներից մեկն էլ քաղաքական չեզոքությունն է։ Հիմա վա՞տ է, որ մարդը քաղաքական չեզոքություն է պահպանել, որեւէ ուժի չի հարել, քաղաքական պրոցեսին ակտիվ չի մասնակցել։ Իրավաբանությամբ է զբաղվել։

- Դե, անկասկած, ինքն ունեցել է այնպիսի որակներ, որ կառավարությունը նպատակահարմար է գտել իր թեկնածությունն առաջադրել, բայց, բոլոր դեպքերում, քննարկումների արդյունքում ինքը եկավ նման եզրահանգման, ի՞նչ կարող ենք ասել։

- Մարդուն ասել եք՝ չենք ընտրելու քեզ, որովհետեւ ընտրության չես մասնակցել, ինքն էլ եկել է նման եզրահանգման։

- Դա իմ անձնական կարծիքը ներկայացրեցի եւ էլի պնդում եմ՝ եթե դու ունես հասարակության մեջ քիչ թե շատ կայացած դիրք, բայց անտարբեր ես մնում տեղի ունեցող բացասական երեւույթների նկատմամբ, ապա դու, կամա թե ակամա, դառնում ես այդ երեւույթի մասնակիցը։ Չմասնակցությունն իր պարագայում տաքուկ կեցվածք է եղել։

- Հիմա ինչպիսի՞ թեկնածու է ակնկալում «Իմ քայլը», Ձեր խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ պարտադիր պայման է նախորդ ընտրություններին մասնակցությունը՝ քվեարկության գնալը։ Ուրի՞շ։

- Իմ համար նախընտրելի է քաղաքացիական ակտիվ կեցվածքով թեկնածուն։

- Ասենք, ՍԴ դատավորի թեկնածուն պարտադիր ձե՞զ պետք է ձայն տված լինի, թե՞ կարող է անցյալում ՀՀԿ-ին էլ ընտրած լինի։

- Մենք չենք ասում՝ եթե հներից է, չպետք է պաշտոն զբաղեցնի։

- Հիմա եթե թեկնածու են առաջադրում, ով ասում է, որ ընտրել է նախկին իշխանությանը, կընտրե՞ք նրան, կգործուղե՞ք ՍԴ։

- Իհարկե, եթե մնացած չափանիշներին համապատասխանում է, անշուշտ, կարող է։ Բայց չպիտի լինի օդիոզ ՀՀԿ-ական, ինչպես Հրայր Թովմասյանը, ես իրեն դեմ եմ, ինքը եղել է ՀՀԿ-ի ճարտարապետներից մեկը, Դավիթ Հարությունյանին դեմ կլինեմ։

- Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին մեղադրում էիք, որ ընտրություններին կողմ են եղել․․․

- Դրանք ուրիշ բաներ են։

- Իսկ գուցե հոր անցյալի, Մարտի 1-ի գործի առնչության պահո՞վ եք շատ նեղել, եւ դա է պատճառը։

- Հոր անցյալը որպես գործոն այնքանով կարող է դերակատարում ունենալ, որ ինքն իր որոշումների մեջ ազատ չէր լինի։ 

- Կառավարությունում, փաստորեն, լավ ընտրություն չէին կատարել, սխալվել էին։

- Ես չեմ ասում, թե սխալվել են, իրենք գտել են անհրաժեշտ հատկանիշներ, ի վերջո, ԱԺ-ն էլ իր գործառույթն ունի, եւ քննարկման ժամանակ այնպիսի հարցադրումներ են եղել, այնպիսի խոսքեր են եղել, որ ինքն իր պատասխանների ընթացքում չի ունեցել պատասխաններ եւ եկել է նման որոշման։ Ի վերջո, ԱԺ-ն չպետք է շատ ֆորմալ մոտենա կառավարության որոշմանը։