Ասել եմ՝ կարմիր գորգ էլ փռեք քաղաքապետարանի ճամփին, ես այն անցնողը չեմ, խնդրեք՝ Բալասանյանը մնա

Ասել եմ՝ կարմիր գորգ էլ փռեք քաղաքապետարանի ճամփին, ես այն անցնողը չեմ, խնդրեք՝ Բալասանյանը մնա

Գյումրիում սեպտեմբերի 2-ին մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը, սակայն դեռևս ոչ մի կուսակցություն և դաշինք իրենց թեկնածուների ցանկը չեն ներկայացրել ԸԸՀ: Սպասվում է, որ քաղաքական ուժերը տարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթեր կներկայացնեն եկող շաբաթ: Իսկ մինչ այդ գյումրեցիները պատկերացում չունեն, թե իրականում ովքեր են քաղաքապետի ռեալ թեկնածուները, եւ ինչ հույսեր կարելի է կապել նրանց հետ: Միայն ասեկոսեներ են, ըստ որոնց՝ թեկնածուները տասնյակից ավել են, քաղաքում քիչ թե շատ ճանաչված:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի անունը նույնպես շրջանառվող խոսակցությունների ցանկում է, մինչդեռ կենտրոնի նախագահը մեզ հետ զրույցում նշեց․

«Մի քանի ամիս առաջ էլ լսեցի, որ անունս շահարկվում է, այն ժամանակ ում պետք էր ասացի՝ դուք ով եք, որ իմ անունը տալիս եք: Ես 5-6 տարի առաջ եմ հայտարարել, որ պետական համակարգում ինձ չեք տեսնի, ժամանակս ափսոս է, ես հանրօգուտ աշխատանքով եմ զբաղված, եւ այնտեղ անելիք չունեմ, ասել եմ, որ կարմիր գորգ էլ փռեք քաղաքապետարանի ճամփին, ես այն անցնողը չեմ: Ասել եմ՝ խնդրեք՝ թող Բալասանյանը մնա, մի քանի տարի էլ պաշտոնավարի: Թեկնածուներ չկան, ում ընտրես: Էլի չեմ ուզում որևէ մեկին խանգարած լինել, բայց մեղք ենք, ափսոս է Գյումրին: Անգամ նախկին քաղաքապետներից Վարդան Ղուկասյանը, որին ես հաճախ եմ քննադատել, իր սխալներով հանդերձ ընդունելի է, նա հայրենասիրության, նվիրվածության հատկություն ուներ, որ չես կարող չգնահատել: Նախորդ ընտրություններին ավելի մեծ ոգևորություն կար, անհատներ կային, որոնք կարող էին հավակնել քաղաքապետի պաշտոնին, հիմա բնակիչներն անգամ անուն չեն կարող տալ» :

Վահան Թումասյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ու մեղավորը միայն ներկայիս իշխանությունը չէ: «Մարդիկ են մեղավոր, որ լքեցին իրենց քաղաքը, մտավորականները, որոնք ստատուս գրելու մակարդակից այն կողմ չեն անցնում, մշակութային քաղաքը դարձրին միայն հումորի եւ խաշ ուտելու քաղաք: Պիոներական մակարդակով տուրիզմ է զարգանում, գալիս են, քաղաքի մի քանի շենքերը նայում, լուսանկարվում, գնում: Ափսոս էր Գյումրին․․․․, գուցե հետո մի սերունդ հելնի, իրենն անի, առողջ գենը արթնանա: Էդպես է: Եթե պետությունը չի անում, միշտ մի անհատ է լինում, հայտնվում է ու շրջում ամեն ինչ, հույսներս դա է»: