Ալիեւն ընդունե՞ց նոր իրավիճակը

Ալիեւն ընդունե՞ց նոր իրավիճակը

Որքան էլ տարօրինակ, բայց փաստ է, որ սեփական հանրության փոխարեն Իլհամ Ալիեւն այսօր ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին: Ֆորմալ առիթն այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի չորրորդ տարելիցն է: «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով թուրք-ադրբեջանական համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին զեղումները մի կողմ թողած՝ Ալիեւի հիմնական ասելիքը, թերեւս այն է, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը կարելի է համարել այլեւս անցած փուլ: «Մեր բանակը լուծել է զոհերի վրեժը»- Թուրքիայի նախագահին հավաստիացնում է Ալիեւը , ինչից կարելի է եզրակացնել, որ նա ինչ-որ տեղ հաշվետվություն է ներկայացնում Էրդողանին եւ խնդրում գոնե առայժմ իրեն նոր արկածախնդրություններ չպարտադրել: Ալիեւը, կարծես, ընդունեց նոր իրավիճակը:

Այսօր ալ-Ջազերա հեռուստաընկերության եթերում բանավեճ է կազմակերպվել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Հիքմեթ Հաջիեւի միջեւ: Վերջինս արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիեւի օգնականն է եւ համարվում է ԱԳ նախարարի հավանական թեկնածուներից մեկը: Այս համատեքստում ուշագրավ եզրահանգում է արել Regnum-ի մեկնաբանը, որի հայացքով Թուրքիան «այլեւս հարավկովկասյան տարածաշրջանում դերակատար չէ»: Նման ազդակ Ալիեւը ստացե՞լ է Մոսկվայից: Հավանաբար՝ այո: