«Հրապարակ». Մեր անփորձ երեխեքը հո ոչխար չե՞ն, որ 300 հոգու վարի տվեցին

«Հրապարակ». Մեր անփորձ երեխեքը հո ոչխար չե՞ն, որ 300 հոգու վարի տվեցին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք»-ի առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը,  եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան»-ի ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Թե ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանն իր «գրպանային» ընդդիմության հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:

- Ինչպե՞ս անցավ Փաշինյանի հետ Ձեր հերթական հանդիպումը: Բավականին հաճախ եք սկսել հանդիպել, հո բան չի՞ պատահել:

- Առանձնապես նոր բան չի եղել: Նիկոլ Փաշինյանը մեզ պատմեց իր Պրահայի հանդիպումից, ասեց նաեւ, թե ինչ ա խոսել Մակրոնի հետ, հետո էլ քննարկեց Սանկտ Պետերբուրգում իրա մասնակցությամբ հանդիպումը: Ես ինձ անհանգստացնող հարցեր եմ տվել նրան, հարցեր, որ ինձանից ժողովուրդն ա պահանջում:

- Ի՞նչ հարցեր:

- Իրավիճակը սահմանում, մեր տարածքում…. ի՜նչ խաղաղություն` թշնամին մտել ա մեր տարածք ու գործողություններ ա կատարում, շինարարական աշխատանքներ ա անում: Ես սաղ ներկայացրել եմ Փաշինյանին, պատմել եմ՝ ինչ որ պետք ա: Կա պայմանավորվածություն, որ իրենց հանդիպման ներկաների բարձրացրած հարցերի մասին չեմ խոսալու, բայց կարամ ասեմ, թե ինչ եմ ես ասել: Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ արդյունքներ ա ստացել Փաշինյանը Պրահայի հանդիպումից հետո եւ ինչ սպասելիքներ ունի: Խոսացել եմ նաեւ Հայաստանում էս դժվար իրավիճակից, որը շարունակվում ա: Անփորձ երեխաներին, երկու ամսվա ծառայող, 19 տարեկան, տանում են էլի առաջնագիծ, իսկ թշնամին առաջնագիծ տանում ա լրիվ պրոֆեսիոնալ, պատրաստված զինվորականների, իրանց հատուկ ջոկատայիններով, մեր անփորձ երեխեքը հո ոչխար չե՞ն, որ 300 հոգու վարի տվեցին, 300 էր, թե 400: 44-օրյա պատերազմը մեզ օրինակ չդարձավ, չհասկացանք…. 3-4 օրվա կորուստներն էլ օրինակ չդարձավ, աչքներս պիտի փակենք, կարո՞ղ ա էդ երեխեքին փողոցից ենք գտել: Իմ տղան նույնպես առաջնագիծ ա, ես խոսում եմ բոլոր ծնողների մասին:

- Իսկ ի՞նչ ասաց վարչապետը:

- Ասեց՝ կնայեմ ու կասեմ, թե ինչ ձեւի փոփոխություններ են պետք: Ես ուզում եմ տենամ, որ պրոֆեսիոնալ բանակ ունենք: Քանի հոգի ա համարվում պրոֆեսիոնալ զինվորական, որ մեզ կարա պաշտպանի: Պետք ա ըտեղից սկսենք: Քանի հոգի կա, որ կարա մեզ կռվել սովորացնի: Ես Նիկոլ Փաշինյանի մոտ ամենակարեւոր հարցերն եմ բարձրացնում: Ազգ, պետություն, ժողովուրդ, անվտանգություն: Էսօր մենակ էդ խնդիրներն են կարեւոր: Ինչի՞ ռազմական դրություն չենք հայտարարում: Էդ հարցն էլ եմ տվել մեր վարչապետին:

- Ի՞նչ ասաց վարչապետը՝ ինչո՞ւ չեն հայտարարում ռազմական դրություն:

- Չպատասխանեց: Ասեց` ժամանակը քիչ ա:

- Մնացյալ կուսակցություններն ի՞նչ հարցեր ուղղեցին:

- Դու ի՞նչ կուսակցություն ես ընդեղ տենում, ասա տենամ: Տիգրան Խզմալյանից ու Լեւոն Շիրինյանից հարցրեք: Նրանք ձգտում են ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալու համար ճանապարհ ա պետք անցնել: Հասկացանք, որ ՀԱՊԿ-ն չի գործում ոնց որ պետք ա, պայմանագիր կա, էս կա, էն կա: Ես դիմել եմ ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ից ասել են՝ ռազմական դրություն չեք հայտարարել, ձեզ ո՞նց պաշտպանենք: Թողնում եք՝ թուրքը մտնում ա ձեր սահման, դուք ձեզ պաշտպանեք, որ մենք էլ կողքից մի բան անենք:

- Ե՞րբ եք դիմել ՀԱՊԿ-ին:

- Դիմել եմ, էլի:

- Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից գո՞հ եք:

- Փաշինյանը գործում ա, գոնե կարում ենք մի բան իմանանք: Մենք հարցեր ենք կարում բարձրացնենք, չնայած ժամանակը քիչ ա, չի կարում սաղ հարցերին պատասխանի ֆիզիկապես: Փաշինյանի հարթակի ստեղծումը լավ ա, բայց նրա աշխատանքն արդյունավետ չի: Փաշինյանից մենակ գոհ եմ նրա համար, որ կարողացավ Մակրոնի կողմից ստանալ համաձայնություն, որ 1991 թվականի համար կգան կմասնակցեն եվրոպական խաղաղապահները: Էտի շատ լավ արդյունք ա, որ եվրոպացիները գալու են հսկեն: