Մամուլը մեր հայելին է

Մամուլը մեր հայելին է

Լրագրողներ — լրագրողական ոլորտի ՀԿ-ներ հակամարտություն է սկսում։ Թեման կթողնեի ոլորտի տեր ու տնօրեններին, եթե չլիներ Daniel Ioannisyan -ի պնդումը, թե լրագրողների հայտարարության տակ ստորագրածները «համարյա բոլորը փողով գրողներ, հանրությանը լավ հայտնի կեղծ լուրեր տարածողներ» են։ Իմ կարդալու պահին լրագրողների հայտարարության տակ 98 ստորագրություն կար, որոնցից շատերը հասարակությանը լավ ծանոթ երկարամյա լրագրողներ են։ Տարիներ շարունակ, ոմանք՝ լավ, ոմանք՝ վատ, իրենց գործն են արել։ Ինչպե՞ս է հնարավոր բոլորին ահա այսպես վատաբանել։

Իսկ ի՞նչ է պատահել։

Փաշինյանի վերջին ասուլիսից հետո լրագրողներ Անի Գեւորգյանը (չկա իմ ընկերների ցանկում) եւ Hripsime  Jebejyan-ն իրենց ձեւակերպած հարցերի պատճառով թիրախավորվել էին։ Լրագրողական ոլորտի մի շարք ՀԿ-ներ ի պաշտպանություն լրագրողների հայտարարություն տարածեցին։ Հայտարարության մեջ, սակայն, քննադատեցին նաեւ լրագրողներին։ Իբր՝ սխալ պահվածք են դրսեւորել։ Ուշ է արդեն հարցնելը, թե ինչու էր նման քննադատությունը պետք․ այն, ցավոք, արդեն հրապարակվել է, որին էլ հետեւել է 100-ին մոտ լրագրողների պատասխանը։
Մեր երկիրն ապրում է իր ամենածանր ժամանակները։ Գլխավորապես՝ իշխանությունների մեղքով։ Բոլորս ենք տեսնում նրանց անկարողությունը, թե ինչպես են դրսում երկիրը ներկայացնում ու երկրի շահերը պաշտպանում։ Բոլորս ենք տեսնում այն աճպարարությունները, որոնց դիմում են իրենց ծրագրերերն իրականացնելիս։ Բոլորս ենք տեսնում այն վտանգը, որ կա ու կարող է գալ նրանց անպատասխանատվության, նրանց անհեռատեսության ու նրանց անունակության պատճառով։ Այս ամենի հետ մեկտեղ բոլորս ենք տեսնում երկրի ներսում նրանց ցուցաբերած ագրեսիվությունը։ 

Արդեն երեք տարի է՝ թեժ են կրքերը։ Չավարտվող պատերազմը, չընդհատվող պարտությունը, իրավիճակին իշխանությունների դրսեւորած անհամարժեք վարքն իրենց կանոներն են թելադրում։ Նման իրավիճակում մի քիչ բարդ է լրագրողից հանդարտություն պահանջելը։ Մենք, ինչպես նաեւ մեր լրագրողը, չեզոք դիտորդներ չենք։ Զարգացումների հորձանուտում ենք։ Զարգացումները մեզ են վերաբերվում ու մեր երկրի ապագային։

Իսկ ի՞նչ է արել, օրինակ, լրագրող Հռեփսիմե Ջեբեջյանը, որ չպետք է աներ։ Իմ կարծիքով՝ ոչինչ։ Նա չի հայհոյել, անձնական վիրավորանքի չի անցել, չի անիծել, մերկապարանոց հայտարարություններ չի հնչեցրել։ Նա ձեւակերպել է իր հարցերը, որոնք եղել են սուր, միաժամանակ՝ բանավեճային բնույթի ու հակադարձող։ Մտադրությունը՝ ստիպելը Փաշինյանին, որ ոչ թե խորամանկություններով խույս տա հստակ պատասխանից, ինչպես լինում է հաճախ, այլ արձագանքի ըստ էության։ Մորաքրոջ ու իր երեւակայական երկխոսության փոխանցումը հենց այդ նպատակով էր։ Փաշինյանը, բայց, այս դեպքում էլ խուսանավեց։

Նման սուր ասուլիսներ եղել են ու դեռ, հաստատ, լինելու են։ Մեր երկրում այսօր ողջն է լարված ու սուր։ Լրագրողներն էլ փոխանցում են այդ սրությունն ու այդ լարվածությունը։ Այլ կերպ լինել չի կարող։ Այլ կերպը  արհեստական է լինելու։ Մամուլը մեր հայելին է։ Անդրադարձնում է այն, ինչ կա։ Որքան էլ փակենք մեր աչքերը, որքան էլ դժգոհենք՝ սա է հայելու մեջ անդրադարձվելու։